
Հայերը մզկիթ են վերանորոգում ու պահպանում, ադրբեջանցիները՝ հրթիռներ արձակում եկեղեցու վրա
Այսօր Ադրբեջանը, խախտելով միջազգային բոլոր հնարավոր եւ անհնար նորմերը, հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցուն, որը ոչ միայն հայկական բերդաքաղաքի, այլեւ ամբողջ Արցախի խորհրդանիշներից մեկն է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հարվածներից առաջ՝ նախօրեին, համացանցում տարածվել էր տեսանյութ, որ եկեղեցու նկուղում երեխաներ, կանայք ու տարեցներ են պատսպարված:
«Ավելին՝ կանայք տեսանյութում հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերն իրականացնում են թիրախային զինված հարձակումներ Շուշի քաղաքի բնակելի տների ուղղությամբ: Այդ պատճառով իրենք ադրբեջանական թիրախային հարվածներից պատսպարվում են հենց տաճարի նկուղում: Ընդ որում՝ տեսանյութում խաղաղ բնակիչները նշում են, որ ադրբեջանական հարվածներն այնքան ինտենսիվ են, որ այլ նկուղներում տեղ չկա, որի պատճառով պատսպարվել են տաճարի նկուղում,- հայտնել է ՄԻՊ-ն ու հավելել,- այս ամենն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանական հրթիռներն արձակվել են՝ Մայր տաճարի նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին կյանքից դիտավորությամբ ապօրինի զրկելու ու ավերածություն պատճառելու հանցավոր մտադրությամբ: Բացի վերը նշվածից՝ Շուշիի Մայր տաճարին հրթիռային հարվածներ հասցնելու արդյունքում վիրավորումներ է ստացել երեք լրագրող, որոնցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»:
Ղազանչեցոցը Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է: Մի փոքր պատմական ակնարկ կատարելով՝ ասենք, որ Արցախի թեմը վերաբացվել է 1989-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Դեռ 4-րդ դարում Հայաստանի հարեւան Աղվանքում Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի միջոցով տարածվել էր քրիստոնեությունը: Հենց Գրիգորիսն էլ համարվում է Աղվանից եկեղեցու առաջին եպիսկոպոսը: Եպիսկոպոսության կենտրոնը Ամարասի վանքն էր: 551-ին ձեւավորվել է Աղվանից կաթողիկոսությունը, որը ներառում էր բուն Աղվանքը (Ալբանիա), արեւելքից դրան հարակից երկրամասերը, ինչպես նաեւ Աղվանից մարզպանության մեջ մտնող Ուտիքի ու Արցախի նահանգները (Մեծ Հայքի): Այս կաթողիկոսությունը ենթարկվում էր Էջմիածնին, իսկ Աղվանից կաթողիկոսները ձեռնադրվում էին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից: Աղվանից կաթողիկոսությունը ցարական կառավարության հրահանգով վերացվեց 1815-ին եւ դարձավ մետրոպոլիտություն: Նախկին կաթողիկոսության տարածքներում ձեւավորվեց երկու թեմ՝ Շամախու եւ Շուշվա կամ Արցախի (Ղարաբաղի)՝ համապատասխանաբար Շամախի եւ Շուշի կենտրոններով, ու մեկ հաջորդական վիճակ՝ Գանձակ կենտրոնով: Երկու թեմերը ենթարկվում էին Էջմիածնին: 1930-ին՝ ստալինյան շրջանում, դադարեցվեց Արցախի թեմի գործունեությունը: Եվ միայն 59 տարի անց հաջողվեց վերաբացել այն: Թեմի առաջնորդը 1989-ի մարտից Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն է, առաջնորդանիստը՝ Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին: Թեմը ներառում է ԼՂՀ ամբողջ տարածքը՝ ներառյալ 1990-ականներին ազատագրված շրջանները:
Թեմի նոր եկեղեցիների մասին կարող եք կարդալ այստեղ:
Շուշի քաղաքի տարածքում այսօր կանգուն եւ գործող 2 հայկական եկեղեցի կա՝ Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչն (կառուցվել է 1868-1887 թթ.) ու Սբ. Հովհաննես Մկրտիչը (շինարարությունն ավարտվել է 1847 թ.), որն առավել հայտնի է Կանաչ ժամ անունով:
Քաղաքում գործել են նաեւ Ագուլեցոց Սբ. Ամենափրկիչ (1822 թ., հիշատակվում է նաեւ որպես Սբ. Աստվածածին), Մեղրեցոց Սբ. Ամենափրկիչ (1833 թ., նաեւ կոչվել է Սբ. Աստվածածին) եկեղեցիներն ու Կուսանաց վանքը (1816 թ., Անապատ, Սբ. Աստվածածին անապատ): Սրանցից մասամբ պահպանվել է միայն Մեղրեցոց եկեղեցին, որը խորհրդային տարիներին վերածվել է ամառային կինոթատրոնի: Ագուլեցոց եկեղեցին եւ Կուսանաց անապատը հողին են հավասարեցվել խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Ղազանչեցոց Ամենափրկիչը կառուցվել է 1868-1887 թթ. եւ օծվել 1888-ին Ամենայն հայոց կաթողիկոս Մակար Ա-ի ձեռամբ: Եկեղեցու ճարտարապետը Սիմեոն Տեր-Հակոբյանցն է, քարագործ վարպետը՝ Ավետիս Երամիշյանցը: Զանգակատունը, որն իբրեւ կառույց անջատ է եկեղեցուց, կառուցվել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցի միջոցներով՝ ի հիշատակ ղազանչեցիների:
1920 թ. Շուշիի հայկական ջարդերից հետո մուսավաթականները փակել են եկեղեցին, որը կովկասյան թաթարների կողմից (այն ժամանակ այսպես էին հայտնի ներկայիս ադրբեջանցիները) օգտագործվել է որպես պահեստ, ապա եկեղեցու մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները քանդվել են, գմբեթն ավերվել է:
1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումով Ղազանչեցոցի համար նոր փուլ է սկսվել: Պատերազմի ժամանակ այն հակառակորդի կողմից օգտագործվել է որպես զինամթերքի պահեստ այն հաշվարկով, որ հայկական ուժերը չեն թիրախավորի եկեղեցին: Արցախի թեմի առաջնորդանիստը (ներառյալ՝ զանգակատունը) վերանորոգվել է 1998-ին:
Այսօր ադրբեջանական բանակը երկու անգամ հրթիռակոծել է Շուշիի ու Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը:
Այս առումով հատկանշական է, որ մինչ օրս Շուշիում կանգուն են Վերին ու Ներքին մզկիթները, ինչպես նաեւ Վագիֆի մեդրեսեն (մուսուլմանական ուսումնական հաստատություն):
Վերին մզկիթը, որը քաղաքի մուսուլմանական հոգեւոր շինություններից ամենամեծն է, կառուցվել է 1769-ին Ղարաբաղի Իբրահիմ խանի կողմից, վերակառուցվել՝ 1883-ին ճարտարապետ Քերբալայ Սեֆիխանի նախագծով եւ Իբրահիմի դուստր Գյովհար աղայի (Գոհար տիկնոջ) միջոցներով: 1874-1875 թթ. նույն ճարտարապետի եւ հովանավորի մասնակցությամբ կառուցվել է Ներքին մզկիթը:
Խորհրդային վերջին տարիներին Վերին մզկիթը վերանորոգվել էր ու ծառայում էր որպես Շուշիի պատմության թանգարան: 2007-ին հայտարարվեց Շուշիի մզկիթները վերանորոգելու ծրագրի մասին: Վերին մզկիթում վերանորոգման աշխատանքներ են կատարվել 2009-ին. պետական միջոցներով վերականգնվել է տանիքը, մաքրվել է տարածքը:
2014-ին էլ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի միջոցներով սկսվել են լայնածավալ վերականգնման միջոցառումներ: Հիմնադրամի հովանավորությամբ վերականգնվել է նաեւ 19-րդ դարի մեդրեսեի շենքը: Այս աշխատանքներին ներգրավվել են իրանցի եւ իտալացի մասնագետները:
Թե՛ մզկիթները, թե՛ մեդրեսեն ընդգրկված են Շուշիի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում եւ պահպանվում են պետության կողմից:
Մեկնաբանել