
Վարչապետն Արցախի հարցով դիմելու է հանրությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում Արցախի հարցով դիմելու է հանրությանը:
Այս մասին հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Մոտ ապագայում վարչապետը կխոսի հանրության հետ, հանրությանը կդիմի, նաև ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-ասաց Սիմոնյանը:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական մի քանի ուժերի, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Իսկ հոկտեմբերի 11-ին վարչապետը ԱԳ նախարարի հետ դռնփակ հանդիպում է ունեցել խորհրդարանում` ԱԺ խորհրդի անդամների հետ:
«Որոշվել է, որ նույնիսկ այս պարագայում հանրության հետ մաքսիմալ բաց ենք լինելու, որովհետև վստահությունը, փոխադարձ կապը շատ կարևոր է պատերազմական իրավիճակում»,-ասաց Սիմոնյանը:
Ըստ նրա` սոցիալական մեդիայում և սոցցանցերում բավական շատ կեղծ տեղեկատվություն կա, իսկ Ադրբեջանը պայքարում է ոչ միայն սահմանին, այլև` համացանում: Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ բոլոր կեղծ լուրեր տարածողները բացահայտվելու են և պատասխանատվության են ենթարկվելու։ Այսօր, նրա փոխանցմամբ, արդեն իսկ բացահայտվել է երեք էջ ունեցող մի հեղինակ։ Վերջինս, ըստ Սիմոնյանի, պատասխանատվության է ենթակվելու:
Մեկնաբանել