HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Թուրքական լիրան նոր հակառեկորդներ է գրանցում

Թուրքական լիրան արդեն մեկ ամիս է՝ պարբերաբար արժեզրկման նոր ռեկորդներ է գրանցում։  Ինչպես փոխանցում են միջագային լրատվամիջոցները և Թուրքիայի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքը, հատկապես վերջին օրերին անկումը նոր թափ է ստացել։

Հոկտեմբերի 28-ի դրությամբ, ինչպես փոխանցում է Bloomberg գործակալությունը,  արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 8.26 լիրա, այսօր՝ հոկտեմբերի 29-ին՝ արդեն 8.31 լիրա է։

Համեմատության համար՝ սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, փոխարժեքը 7.65 լիրա էր։ Իսկ այս տարվա սկզբին՝ 5.95 լիրա:

Լիրայի արժեզրկման այս նոր ռեկորդների վրա ազդում են Թուրքիայի արտաքին քաղաքական զարգացումները։ Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, հետո նաև՝ Հայաստանը բոյկոտ հայտարարեցին թուրքական ծագման ապրանքների դեմ։ Այս օրերին աղմկահարույց էին նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ տեղի ունեցած զարգացումները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ էր տվել «հոգեկան առողջության ստուգում անցնել»՝ դատապարտելով նրա վերաբերմունքը մուսուլմանների նկատմամբ։

Թուրքական արժույթին հարվածում են նաև Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Թուրքիայի ակնհայտ մասնակցության մասին փաստերը։

Ու չնայած Թուրքիայի կառավարությունը պահուստներից պարբերաբար արտարժույթ է «լցնում» շուկա, լիրայի անկումը չի դադարում։

Թուրքական լիրան՝ վերջին 5 տարում (1 ԱՄՆ դոլարի նկատմամբ)

Ըստ Bloomberg գործակալության

Ընդհանուր առմամբ, լիրայի արժեզրկման վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ ոչ միայն Թուրքիայի հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումները, այլև՝ կորոնավիրուսը։

Կրճատվում է այդ երկիր մտնող արտարժույթի քանակը, նվազում են ներդրումներն ու, առհասարակ, թուլանում է ամբողջ տնտեսությունը։

Բիզնեսի ներկայացուցիչները և հասարակությունը Թուրքիայում ուշի-ուշով հետևում են լիրայի փլուզմանը, որն ահռելի վնասներ է հասցնում երկրի տնտեսությանը։ Թուրքիայի տնտեսությունը անկման փուլ է մտել։ Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ այս տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, տնտեսական անկումը կազմել է 9.9%: Ավելի վաղ ի հայտ եկած տնտեսական խնդիրներին գումարվել է նոր կորոնավիորուսի (COVID-19) տարածումը՝ բոլոր բացասական հետևանքներով հանդերձ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter