HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը` Սոթքի հանքավայրի տարածքում ադրբեջանցիների հայտնվելու մասին

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը շտաբում նոյեմբերի 26-ի կեսգիշերին հրավիրված ասուլիսին բացատրեց Սոթքի հանքավայրի տարածքում ադրբեջանական զորքի հայտնվելու պատճառները: Խաչատրյանի խոսքով` հանքի կեսը Հայաստանի տարածքում է, մյուս կեսը` Ադրբեջանի:

Շտաբի պետի տեղակալը հիշեցրեց, որ ըստ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության` հայկական զինված ուժերը և այդ տարածքի ազգաբնակչությունը երկարաձգված ժամկետով ամսի 25-ին Քարվաճառի շրջանից ամբողջությամբ դուրս եկած պետք է լինեին, ինչն էլ իրականացվել է:

«Զորքերի հետ կապված աշխատանքներն իրականացվել են նախապես պլանավորված բնույթով, ես մանրամասների մեջ չխորանամ, թե ինչ կարգով է իրականացվել, ինչ հերթականությամբ, ինչպիսի պատսպարման խնդիրներ է լուծվել: Խնդիրը, որ ստիպեց մեզ անդրադառնալ այդ հարցին, կապված է ԶԼՄ-ներում հնչեցված լուրերին` Սոթքի տարածաշրջանում, նաև «Գեոպրոմայնինգ» ռուսական կազմակերպության կողմից շահագործվող ոսկու հանքի տարածքում իրականացվածին»,- ասաց Տիրան Խաչատրյանը: Շտաբի պետի տեղակալի խոսքով` լուրերը, թե ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, իրականությանը չեն համապատասխանում:

«Էս հանքի և ընդհանրապես տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ տարածքի պաշտպանության համար, պետական սահմանը հանքի եզրագծով ցանկապատվել էր, ճանապարհի վրա տեղադրվել անցակետ: Սա կատարվել է ռուսական կողմի ուժերով և իրենց անվտանգության խնդիրները լուծելու նպատակներից ելնելով»,- ասաց նա:

Գլխավոր շտաբի ներկայացուցչի խոսքով` այդ խնդրի իրականացման հարցում Հայաստանի զինված ուժերն ընդգրված չեն եղել, աշխատանքներն իրականացվել են ռուսական ընկերության նախաձեռնությամբ ու ուժերով:

Ադրբեջանական զորքերը Քարվաճառի տարածք մտնելուց հետո հանդիպելով այդ արգելափակոցներին խնդիր են բարձրացրել, որ այն իրենց տարածքն է, և այդ տարածքը պետք է լքեն այն ուժերը, որոնք տարածքի պահպանություն են իրականացնում:

«Ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող զինվորականների հետ բավական երկար բանակցություններ են եղել, թե ինչ համաձայնություն են ձեռք բերել և հետագայում ինչ զարգացում կունենան, չեմ կարող ասել, պահպանության գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել»,- ասաց նա:

Տիրան Խաչատրյանը վստահեցրեց, որ զինված ուժերը պահպանություն են իրականացնում Հայաստանի պետական սահմանի` նախկինում գոյություն ունեցող եզրագծով, որևէ տեղ պետական սահմանից հետ տեղադրված դիրքեր չկան:

Հանքի հետագա շահագործման վերաբերյալ գլխավոր շտաբի ներկայացուցիչը տեղեկատվություն չուներ` ասելով, թե չգիտի հանքի սեփականատերերն ինչ պայմանավորվածություններ ունեն հակադիր կողմի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter