10 ամսում պետական բյուջե մտնող հարկերը 62 մլրդ դրամով պակասել են
Տնտեսության անկման պայմաններում հոկտեմբերին բյուջե մտնող հարկերը փոքր-ինչ աճել են, սակայն 10 ամիսների տվյալներով՝ 62 մլրդ դրամի անկում է գրանցվել:
Այս տարվա հոկտեմբերին Հայաստանի պետական բյուջե է հաշվեգրվել 118 մլրդ դրամի հարկեր և պետական տուրք: 2019 թվականի նույն ամսվա համեմատ հարկերը աճել են 462 մլն դրամով կամ 0.4%-ով: Տնտեսական անկման պայմաններում, սովորաբար, բյուջեի հարկային եկամուտները նվազում են: Սակայն, ինչպես ցույց են տալիս տվյալները, հոկտեմբերին հակառակ միտումն է գրանցվել: Սա կարող է հաստատել այն տեղեկությունները, որ պատերազմի օրերին տնտեսվարողները պատրաստակամություն են հայտնել հարկային գերավճարներ կատարել:
Իսկ մինչ այդ բյուջե մտնող գումարները նվազել են, որի վրա էական ազդեցություն են ունեցել կորոնավիրուսի տարածումն ու դրա հետևանքով առաջացած տնտեսական անկումը:
Այս տարվա 10 ամսում՝ 2020 հունվար-հոկտեմբերին, պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են մոտ 1 տրլն 135 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 62 մլրդ դրամով կամ 5.2 %-ով:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.1%-ով նվազել է: Հոկտեմբերին առավելապես տուժել են առևտրի ու ծառայությունների ոլորտները: Կրճատվել են նաև արդյունաբերության ծավալները: Միայն շինարարության ոլորտում է, որ զրոյին մոտ աճ ունենք:
- Տնտեսական ակտիվությունը հոկտեմբերին 8.1 %-ով նվազել է. առավելապես տուժել են առևտուրն ու ծառայությունները
- Բյուջե մտնող գումարները կրճատվում են. դժվար ժամանակները դեռ առջևում են
Մեկնաբանել