HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2020. անկումային տնտեսական տարին

2020 թվականը Հայաստանի տնտեսության ամենածանր, անկումային տարիներից էր: Գրեթե բոլոր ուղղություններով բացասական միտումներ են, վերականգնվելու հեռանկարներն անորոշ են ու անժամկետ: Թեև տարվա տնտեսական ամփոփ ցուցանիշները կհրապարակվեն միայն եկող տարվա հունվարի վերջին, սակայն արդեն իսկ եղած տվյալների հիման վրա կարելի է ենթադրել, որ տարին փակելու ենք երկնիշին մոտ տնտեսական անկմամբ:

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)  հրապարակած ամենաթարմ տվյալների՝ 2020 թվականի հունվար-նոյեմբերին, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 7.2% նվազել է:

Տարվա առաջին երկու ամիսներին աճի համեմատաբար բարձր տեմպերը կտրուկ նվազեցին մարտից՝ կորոնավիրուսի բռնկման հետևանքով: Ամենամեծ անկումը գրանցվեց  ապրիլին (տե ՛ս առաջին գրաֆիկը), որից հետո տեմպերը դանդաղեցին: Սեպտեմբերի վերջից սկսված պատերազմը կրկին փոխեց միտումները: 

Այս տարվա հունվար-նոյեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում կազմել է 1 տրլն 832 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 0.2% նվազել է:  Արդյունաբերությունը դրական միտումներ է գրանցեց միայն հունվար-փետրվարին, որից հետո անկում սկսվեց: Վիճակը փոքր-ինչ բարելավվեց սեպտեմբերին, սակայն այդ ամսվա վերջին սկսված պարտերազմը ազդեց բացառապես բոլոր ոլորտների վրա: Հոկտեմբերին արդյունաբերության ծավալներ նվազել են 3%-ով, նոյեմբերին՝ 6.1%-ով: Ընդ որում՝ կրճատվել են արդյունաբերության գրեթե բոլոր գլխավոր ուղղությունները, որոնց վրա էլ հիմնված է Հայաստանի առանց այն էլ թույլ արդյունաբերությունը՝ սննդի, ծխախոտի, խմիչքի, ոսկերչական արտադրատեսակների և այլ արտադրություններ: Ընդհանուր առմամբ, մշակող արդյունաբերությունը թույլ դիրքերում է: Հակառակ դրան՝ հանքարդյունաբերության ծավալները շարունակել են ընդլայնվել:

Շինարարությունը ևս զգալի տուժել է այս տարի: 2020 թվականին հունվար-նոյեմբերին շինարարության ծավալները կազմել են 322.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 11.2%-ով: Բազմաթիվ կառուցապատողներ ու շինարարներ աշխատանքները դադարեցրել են ապրիլին, որի հետևանքով ոլորտում 51% անկում է գրանցվել: Հաջորդող ամիսներին անկման տեմպերը նվազել են: Հատկանշական է, որ  հոկտեմբեր և նոյմեբեր ամիսներին ոլորտում թույլ աճ է գրանցվել:

Կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքով բազմաթիվ աշխատատեղերի փակման, մարդկանց եկամուտների անկման, անորոշության հետևանքով ծախսերի հետաձգման ու այլ գործոնների հետևանքով երկրում ներքին առևտրաշրջանառությունը զգալի պակասել է: Այս տարվա հունվար-նոյեմբերին առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 2 տրլն 518 մլրդ դրամ՝ նվազելով 13.5%-ով: Վերջին երկու ամիսներին առևտրի անկումն ավելի է խորացել:

Առևտուրն ու ծառայություններն ամենաշատն են տուժել այս տարի: Հունվար-նոյեմբերին ծառայությունների ծավալը կազմել է մոտ 1 տրլն 549 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 13.6%-ով: Ծառայությունների կազմում առավել տուժող ոլորտներից զբոսաշրջությունը, հյուրանոցային բիզնեսը, հանրային սննդի կազմակերպումը: 

Ծառայությունների գրեթե բոլոր ոլորտները հասույթի անկում են գրանցել, բացի կապի ոլորտից, որն աճում է ի հաշիվ ինտերնետի հասույթի: 

Տնտեսական անկումը շղթայաբար բացասական է ազդում  քաղաքացիների կյանքին առնչվող բոլոր ոլորտների վրա՝ առողջապահություն, կրթություն, տրանսպորտ և այլն: Պետական բյուջեն զգալի հարկեր է կորցնում, պետական պարտքն է մեծանում: Այս առումով 2021 թվականը ևս դժվար տարի է լինելու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter