Քարին Տակի բնակիչ Ալվարդ Թովմասյանի դիակի վրա խոշտանգման հետքեր են եղել
Այսօր՝ հունվարի 14-ի առավոտյան հայտնել էինք, որ հունվարի 13-ի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Արցախի Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ 58-ամյա Ալվարդ Թովմասյանի դին, կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են խոշտանգման հետքեր։ Այս մասին «Հետքին» ասաց Ալվարդ Թովմասյանի եղբայրը՝ Սամվել Թովմասյանը։
Հարազատների խոսքով՝ Ալվարդը հրաժարվել է գյուղը լքելուց։ Հոկտեմբերի 29-ին, երբ գյուղից դուրս են եկել, Ալվարդը չի ցանկացել թողնել Քարին Տակը։ Վերջին անգամ հարազատները Ալվարդի հետ հեռախոսով խոսել են նոյեմբերի 5-ին։ Նրանք չեն պատկերացրել, որ հնարավոր է՝ գյուղը գրավեն, և Ալվարդը մնա գյուղում։ Նրան գյուղից դուրս բերել այդպես էլ չեն կարողացել։ Ալվարդ Թովմասյանը 2-րդ կարգի հաշմանդամ էր, ուներ մտավոր խնդիրներ։ Գյուղը գրավելուց հետո հարազատները սկսել են փնտրել Ալվարդին։ Ալվարդի անունը ներառված էր անհետ կորածների ցուցակում։ Սամվել Թովմասյանն ասում է, որ դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և ոստիկանություն։
Ալվարդի եղբոր կինը՝ Նաիրուհի Թովմասյանն ասում է, որ Ալվարդի դիակը մասնատված է եղել, կտրված են եղել ձեռքը, ականջը, ոտքը։ Որոնողական աշխատանքներին մասնակեցել է նաև Ալվարդի եղբայրը՝ Սամվել Թովմասյանը։ Հենց նա էլ հագուստով ճանաչել է Ալվարդին։ Սամվելը ընտանիքի հետ այժմ բնակվում է Ստեփանակերտում։
Լուսանկարում՝ Ալվարդ Թովմասյանը, 29 հոկտեմբերի, 2020թ.
Մեկնաբանել