HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է

Իրավաբանների շրջանում լայն տարածում գտած այս թևավոր արտահայտությունը բազմիցս հաստատվեց «Հետք»-ի ուսումնասիրած 30 դատական գործերով։ Քաղաքացիական, վարչական և քրեական վարույթի 10-ական գործեր էինք ընտրել, որոնք նվազագույնը 5 տարի քննվում են դատարանում: Ի զարմանս մեզ, հայտնաբերեցինք մինչև 18 տարի քննվող գործեր, որոնցով դեռևս վերջնական դատական ակտ չի կայացվել: 

Բնականաբար, այս գործերով դատաքննության ողջամտության սահմանագիծը հատվել է շատ վաղուց, և այդ հանգամանքը խնդրահարույց նոր հարցեր է առաջ բերել: Դատարանից իրավունքի պաշտպանություն հայցող քաղաքացիներին ոչ միայն չի հաջողվել իրենց իրավունքները վերականգնել, այլ մեկ տասնամյակից ավելի ձգվող դատաքննության ընթացքում շարունակաբար նյութական կորուստներ են ունեցել: Սակայն, վնասների փոխհատուցման չեն կարող հասնել՝ գործուն իրավական պաշտպանության միջոցի բացակայության պատճառով:

Փորձագետները, որոնք ուսումնասիրել են դատական գործերը և եզրակացություններ են ներկայացրել ձգձգումների պատճառների մասին, երկարամյա փորձառություն ունեցող փաստաբաններ են: Նրանք ընտրված գործերն ուսումնասիրելիս առանձնացրել են դատաքննության ողջամիտ ժամկետները խախտելու այն պատճառները, որոնք ընդհանրական են բոլոր գործերի համար: Խախտումները պայմանականորեն բաժանվել են երկու մասի՝ 

ա/ օբյեկտիվ խախտումներ, երբ դատաքննության ողջամիտ ժամկետները խախտվել են օրինական հիմնավորումներով և 

բ/ սյուբեկտիվ պատճառներ, որոնք դատավորների դրսևորած կամայականության հետևանք են:

Դատարանի կողմից սուբյեկտիվ պատճառներով գործի քննության հետաձգման դեպքերն ավելի շատ են, քան օբյեկտիվ հետաձգումները: Փորձագետներն առանձնացրել են դատաքննության ձգձգման օրինական հիմնավորումները, որոնք վերլուծության արդյունքում, պարզվում է, այնքան էլ օրինական չեն: Ըստ նրանց՝ դատական գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտելու առավել հաճախակի հանդիպող, դատական շրջապտույտ ստեղծելու դեպքերն են՝

  • գործի վերամակագրում այլ դատավորի, 
  • դատավորի վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը,
  • դատավորի արձակուրդում գտնվելը,
  • դատական կազմի փոփոխությունը,
  • դատավորին բացարկ կամ ինքնաբացարկ հայտնելը:

Գործի վերամակագրում այլ դատավորի. կիրառվել է այն դեպքերում, երբ

ա/ դատավորը իմանալով, որ պետք է տեղափոխվի այլ դատարան աշխատանքի՝ նիստեր չի նշանակել, իսկ նշանակված նիստերը հետաձգվել են տարատեսակ պատճառաբանություններով:

բ/ Դատավորի լիազորությունները դադարել են պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ:

Նշված դեպքերում գործը վերամակագրվում է այլ դատավորի և ամբողջությամբ, նույն ընթացակարգով սկսվում է քննվել սկզբից, անկախ նրանից, թե քննությունը որ փուլում է եղել: Դեպքեր կան, երբ գործի քննությունն արդեն ավարտվել է և վճռի հրապարակման անցնելու փուլում է եղել: Վերամակագրման արդյունքում կրկին սկսել է գործի քննությունը և իրականացրել նույն գործողությունները, ինչն արդեն իսկ իրականացվել էր նախորդ դատավորի վարույթում: Եվ սա մի գործով կարող է կրկնվել մի քանի անգամ:

ՎԴ/5310/05/08 գործով 13.05.2010թ. դատավոր Ռոբերտ Սարգսյանին դատավարության կողմերից մեկը, կանխակալ վերաբերմունքի հիմքով, բացարկ է հայտնել, որը նույն օրը բավարարվել է: 24.06.2010թ.  գործը մակագրվել է մեկ այլ դատավորի՝ Աշոտ Աբովյանին, սակայն 06.12.2010թ. ՀՀ նախագահի 18.11.2010թ. հրամանագրով դատավոր Աշոտ Աբովյանին վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու կապակցությամբ 19.01.2011թ. գործը մակագրվել է այլ դատավորի՝ Արծրուն Միրզոյանին, վերջինս էլ դատական նիստ է հրավիրել 12.04.2011 թվականին: 

Այս գործով փաստացի գործի քննության հետաձգումը պայմանավորված է եղել դատավորի ինքնաբացարկի, վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու, և գործը մեկ այլ դատավորին մակագրելով՝ 13.05.2010թ.-12.04.2011թ.: Այսինքն, ինքնաբացարկի և վերամակագրելու հիմնավորումով, արդեն իսկ դատավարության մասնակիցները կորցրել են մեկ տարի, որը չափազանց մեծ ժամկետ է: Այդ ժամկետում գործի ամբողջ քննությունը կարող էր ավարտվել:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցություն. դատավորները դեռևս տարեսկզբին հաստատում են իրենց մասնակցությունը, ուստի գործի քննության հետաձգումները՝ պայմանավորված դատավորի վերապատատրաստման դասընթացներին մասնակցությամբ, ավելի խորքային ուսումնասիրելու արդյունքում օբյեկտիվ պատճառներ չեն կարող դիտարկվել: Պետք է նաև ուշադրություն դարձնել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը որպես գործի քննության հետաձգման հիմք չի նախատեսել: 

Դատավորի արձակուրդում գտնվելը. դատավորի ամենամյա հերթական արձակուրդը ենթակա է հաստատման մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը և յուրաքանչյուր դատավորի այն նախապես հայտնի է լինում: Հետևաբար, նախապես իմանալով իրենց արձակուրդի մեջ գտնվելու օրը, չեն կարող այդ օրը դատական նիստ նշանակել: Մինչդեռ, կոնկրետ օրինակներով նիստերի հետաձգումներ կան այդ պատճառով (օրինակ, ՎԴ/3658/05/12, ՎԴ6/0698/05/13 գործերով):

Դատական կազմի փոփոխություն. Դատական կազմերի փոփոխությունը, հիմնականում, պայմանավորված է լինում դատավորների այլ դատարան տեղափոխվելու պատճառով, որի դեպքում գործի քննությունը պետք է սկսվի սկզբից։ 

Դատավորի բացարկ կամ ինքնաբացարկ. փորձագետները հիմնավորում են, որ  օրենսդրությունը դատավորի բացարկի կամ ինքնաբացարկի հիմքով դատաքննությունը հետաձգելու հիմքեր չի նախատեսել: Եթե օրենսդրական հիմք առկա չէ բացարկ հայտնելու համար, ապա դատավորը չի կարող այլ հիմքով՝ միայն ողջամիտ կասկածի առկայության մասով բացարկն ընդունել: Ընդ որում, այս հիմքով Բարձրագույն դատական խորհուրդը մեկ այլ դատավորի ենթարկել է կարգապահական պատասխանատվության, բայց պրակտիկայում այն շարունակվում է կիրառվել, հատկապես, երբ դատավորը ցանկություն չունի քննելու տվյալ գործը։ 

Սույն հետազոտության շրջանակներում դիտարկված գործերով դատաքննության ժամկետների երկարաձգման պատճառներ են հանդիսացել նաև՝

  1. գործի վարույթի կասեցումը,
  2. դատական նիստերի նշանակումը ժամանակային մեծ խզումներով,
  3. տեխնիկական խնդիրների պատճառով դատական նիստերի չկայանալը,
  4. փորձաքննության ժամկետների երկարատևությունը,
  5. օրենսդրության անկատարությունը,
  6. դատական գործերի թերի քննությունը:

Վարույթի կասեցում. Գործի վարույթը կասեցնելու հիմքերը որոշ դեպքերում հիմնավորված են, քանի որ բխում են օրենքից և արդար դատաքննության իրավունքից (այլ դատարանի կողմից որոշում կայացնելու, դատավարության մասնակցի մահվան դեպքում իրավահաջորդության հարցի լուծում, փորձաքննության նշանակում): Որոշ դեպքերում անհիմն են, քանի որ կասեցվել են օրենքով սահմանված հիմքի բացակայության պայմաններում (գործի վարույթի կասեցում` ոստիկանություն, քաղաքապետարան դիմում ներկայացնելու հիմքերով)։

Դատական նիստերը նշանակվում են ժամանակային մեծ խզումներով. ժամանակային մեծ խզումներով դատական նիստերի նշանակումը գործի ողջամիտ ժամկետները խախտելու հիմնական պատճառներից մեկն է և հատուկ է բոլոր գործերին։ Դատական նիստերի միջև ընդմիջումները, հիմնականում, կազմում են երկու ամիս, որոշ դեպքերում մինչև 6 ամիս։ Տենդենցն առավել նկատելի է վերջին տարիներին, որը պայմանավորում են դատարանների ծանրաբեռնվածությամբ։ 

Տեխնիկական խնդիրների պատճառով դատական նիստերի չկայանալը. արձանագրվել են դեպքեր, երբ դատական նիստը հետաձգվել է նիստերի դահլիճի վերանորոգման պատճառով, «Ֆեմիդա» ձայնագրման համակարգը խափանված է եղել։ Նշված հիմքերով դատական նիստերի չկայանալու անմիջական պատասխանատվությունը կրում են դատարանները, որոնք պետք է ունենան այնպիսի տեխնիկական հագեցվածություն և վերանորոգման աշխատանքներն այնպես կազմակերպեն, որպեսզի չխաթարվի դատարանների բնականոն գործունեությունը։

Փորձաքննության ժամկետների երկարատևություն. փորձաքննության ժամկետների երկարատևությունը համակարգային խնդիր է, որը նկատվում է գրեթե բոլոր գործերով։ Այն, հատկապես, տեսանելի է պետական փորձագիտական կազմակերպությունների դեպքում, որոնք աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ։ Մասնավոր փորձագիտական կազմակերպությունների դեպքում իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ վերջիններս իրականացնելով բիզնես գործունեություն, ավելի շահագրգռված են արագ գործելուն։ 

Օրենսդրության անկատարություն. դիտարկվող գործերով օրենսդրության անկատարությունը հիմնականում նկատվել է՝

  1. փորձաքննությունների կատարման առավելագույն ժամկետների բացակայությամբ, 
  2. դատարանների կողմից այդ փորձաքննությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու հստակ մեխանիզմների բացակայությամբ,
  3. գործերի կասեցման հիմքերի վերացման նկատմամբ վերահսկողության օրենսդրական մեխանիզմների բացակայությամբ։

Փորձաքննության ժամկետներն անհրաժեշտ է օրենսդրորեն կարգավորել, քանի որ օրենքով սահմանված չեն փորձաքննությունների կատարման առավելագույն ժամկետներ և օրենքով դատարանների համար փորձաքննությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու հստակ մեխանիզմներ չեն նախատեսվել։

Հաջորդը՝ դատարանը կասեցնում է գործի վարույթը և, ըստ էության, մինչև կողմերից մեկը դատարանին չհայտնի այդ իրադարձության մասին, դատարանը կարող է տեղեկացված չլինել և գործի վարույթը կասեցված մնա՝ կասեցման հիմքի փաստացի վերացման պայմաններում։

Դատական գործի թերի քննություն. գործերի թերի քննություն իրականացնելը, հիմնականում, հանգեցնում է դատական ակտի բեկանման և գործի նոր քննության, որը բերում է դատական շրջապտույտի։ Գործի թերի քննություն իրականացնելու հիմքով դատական ակտի բեկանման դեպքում առկա է դատարանի թերացումը, որն հանգեցնում է գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման։ 

ԵՔԴ/0543/02/08 քաղաացիական հայցը 2007թ.-ից քննվում է դատարանում: Այս գործով միայն 4 անգամ վճիռ է կայացրել առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ քաղաքացիական դատարանը 3 անգամ գործը բեկանել և ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Առաջին ատյանի դատարանում 3 փորձաքննություն է նշանակվել, սակայն վերաքննիչ դատարանը փաստել է, որ փորձաքննությունը թերի է կատարվել: Գործը 13 տարի անց դարձյալ վերադարձել է առաջին ատյանի դատարան, նշանակվել է նոր փորձաքննություն: Մանրամասները ներկայացված են «Հենրիկ Գևորգյանը 13 տարվա դատաքննության ընթացքում ավելի մեծ վնասներ է կրել, քան ակնկալում է ստանալ «Հայփոստ»-ից» հոդվածում

Մեկ այլ գործով՝ ՎԴ/11059/05/13 դատարանը 2013-2019թթ.-ին, շուրջ 7 տարի  ընթացող դատավարության ընթացքում մեկ իրավական խնդիր է լուծել, այն է՝ հայցատեսակի, վարչական ակտ լինել, չլինելու և վարչական մարմնի լիազորության հարցերը, որոնք  ի սկզբանե գործով դատարանին հայտնի են եղել: Ակնհայտ է, որ դատարանը կարող էր ի սկզբանե հայցվորին առաջարկել՝ հստակեցնել, փոխել կամ ճշտել հայցատեսակը, ինչը չի արվել և 7 տարվա դատավարությունից հետո է միայն դատարան ներկայացված պահանջը  հստակեցվել: 

19.07.2016-30.10.2019թթ.-ին, շուրջ 3 տարի տևած դատավարության արդյունքում ընդամենը իրավական մեկ խնդիր է բարձրացվել և կրկին բովանդակային քննություն տեղի չի ունեցել: Դատարանը հայցը մերժել է միայն այն հիմքով, որ «Վարչական մարմինը չունի նման լիազորություն «պատասխանող ՀՀ քաղաքաշինության կոմիտեն չի կարող պարտավորեցվել կատարելու հայցվորի խնդրանքը՝ չունենալով այդ խնդրանքը բավարարելու համար անհրաժեշտ գործառույթ ու լիազորություն»,- մեջբերումը վերաքննիչ դատարանի որոշումից է: Դատական սխալի հետևանքներին կարող եք ծանոթանալ կարդալով «Երկրաշարժից տուժած 12 հոգանոց ընտանիքը 7 տարի դատարանում պայքարելուց հետո անտուն է» հրապարակումը :

Իհարկե, դատավորը ևս կարող է սխալվել և եռաստիճան դատական համակարգը նախատեսված է դատավորների հնարավոր սխալների ուղղում կատարելու համար, սակայն ոչ այն չափով, ինչպես այս գործում է:

 

Դատական գործերի քննությունը ձգձգելու հետևանքները քրեական գործերով

Բավականին շատ են դեպքերը, երբ քրեական գործի դատաքննությունն այնքան է ձգձգվում, որ վաղեմության ժամկետի լրանալու կապակցությամբ գործի վարույթը կարճվում է: Տուժողը կամ նրա իրավահաջորդը երկար տարիներ սպասել են արդարադատության իրականացմանը, սակայն նման իրավիճակներում խախտվում են նրանց իրավունքները:

Մեկ այլ դեպքում՝ ամբաստանվող անձինք դատարանում գործի քննության ձգձգումների արդյունքում, դատական ծանր քաշքշուկի միջից դուրս գալու համար համաձայնվում են իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետի լրանալու հիմքով, քանի որ այլևս չեն կարողանում ապացուցել իրենց անմեղությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով արձանագրվել է անձի իրավունքների խախտումը, ինչի հետևանքով նա հնարավորություն պետք է ստանար ադարացվելու դեպքում փոխհատուցում պահանջել իր կրած դատական ծախսերի և ապօրինի ազատազրկման համար: Մինչդեռ, ձգձգվող դատաքննության արդյունքում անձը շարունակում է դատական ծախսեր կատարել և դեռևս ուշանում է նրա նկատմամբ արդարացի դատական ակտի կայացումը: Ստացվում է, որ պատիժը կրելուց հետո էլ նրանք շարունակում են ենթարկվել քրեական հետապնդման, քանի որ ցանկանում են իրենց գործով կայացվի արդար դատական ակտ: Այսօրինակ գործերը բազմաթիվ են, դրանցից մեկին ծանոթացեք «Տասը տարի անց գերհարստացված ուրանի գործը նորից դատարանում է» հրապարակումով:

Անձը չի կարող երկար տարիներ գտնվել քրեական հետապնդման մեջ, և այդ ամենը չի կարող լինել անորոշ: Մինչդեռ, ամբաստանյալ Սպարտակ Մանուչարյանը 11 տարի 5 ամիս գտնվում է նախնական կալանքի տակ (ԼԴ/0108/01/10): Նա երրորդ անգամ է սկսում իր գործի քննությունը առաջին ատյանի դատարանում: Ավելի քան 3,5 տարի խախտվում են նրա արդար դատաքննության ողջամիտ ժամկետները: Ս. Մանուչարյանը, 01.07.2009թ.-ից մինչև օրս անազատության մեջ գտնվելով պայքարում է իր իրավունքները վերականգնելու համար: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 04.11.2010թ.-ին նրան ազատազրկման է դատապարտել 13 տարի ժամանակով: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 12 ապրիլի 2011թ.-ին: Վճռաբեկ դատարանի բեկանումից հետո գործն առաջին ատյանի դատարում վարույթ է ընդունվել 28.07.2017թ.-ին: 

Ամբաստանյալ Ռոբերտ Մարտիրոսյանը (ԵԷԴ/0061/01/15) արդարացվել է և իր կրած վնասների համար փոխհատուցում ստանալու իրավունք ունի, բայց շարունակում է վնասներ կրել, քանի որ քրեական գործի քննությունը ձգձգվում է տարիներով: Ռ. Մարտիրոսյանի գործի քննությունն արդեն երրորդ անգամ է սկսվում առաջին ատյանի դատարանում: Դատարանը պետք է հաշվի առնի, որ ամբաստանվող անձը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել երկար տարիներ և անորոշ ժամանակով: Փորձագետը կարծում է, որ քրեական գործերի քննության համար անհրաժեշտ է ժամկետներ սահմանել, քանի որ սահմանված ողջամիտ ժամկետները դատարանները չեն պահպանում:

Սայաթ Մինասյանի (ՇԴ/0002/01/15) նկատմամբ կայացված ազատազրկման դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է և ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Նոր քննությունն սկսող դատավորներից ամեն մեկի վարույթում գործը գտնվել է շուրջ 1 և 1,5 տարի, սակայն չեն ավարտել քննությունը և փոխանցել են մյուս դատավորին: Դատավորները նիստեր չեն նշանակել, իսկ նշանակածները հետաձգվել են, որովհետև արդեն տեղյակ էին այլ դատարան տեղափոխվելու մասին: Արդյունքում, ոտնահարվել է ամբաստանյալ Սայաթ Մինասյանի՝ գործը ողջամիտ ժամկետում քննվելու իրավունքը, դատաքննությունը տևել է շուրջ 5 տարի:   

Հատկանշական է, որ վերջին դատավորը գործը վարույթ ընդունելուց հետո 4 դատական նիստով քննությունն ավարտել է, հինգերորդ նիստում դատավճիռ է կայացրել: Ս. Մինասյանի գործի քննությունն առաջին ատյանի դատարանում սկսվել է 4 անգամ՝ տարբեր դատավորների նախագահությամբ՝ 4 անգամ Սայաթ Մինասյանն անցել է նույն գործընթացով: Այսինքն, անձը, ով ենթարկվում է քրեական հետապնդման, դատավորների փոփոխության արդյունքում, ստիպված է լինում նույն ապրումների միջով անցնել մի քանի անգամ: Բացի այդ, Սպարտակ Մանուչարյանը շարունակում է գտնվել կալանքի տակ և դատարանն այս 3,5 տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ է անդրադարձել վերջինիս կալանքի հարցին, այն էլ քննության է առել պաշտպանական կողմի միջնորդությունը:

Ի լրումն վերը թվարկված պատճառների, վերջին մեկ տարում քրեական գործերով դատական նիստերը հետաձգվել են նաև նոր տիպի կորոնավիրուսի և ռազմական դրություն հետևանքով: 2020թ. մարտ ամսից երկրում արտակարգ դրություն էր հայտարարված, իսկ սեպտեմբերի 27-ից հայտարարված է ռազմական դրություն և կալանավորներին դատարան չեն ուղեկցել:

 

Պետությունը ողջամիտ ժամկետում արդարադատություն չստացող անձանց համար պաշտպանության միջոցներ չի ստեղծել

«Դատարան դիմելը չի կարող արդյունավետ լինել, երբ անձը վերջնական բարենպաստ դատական ակտով ավելի շատ վնաս է կրում, քան այն գույքի հնարավոր կորուստն էր, որի կանխման համար դիմել էր դատարան: Տվյալ դեպքում դատարանը չի կարող համարվել դատական պաշտպանության արդյունավետ միջոց»,- եզրահանգում է փորձագետ Աշխեն Դաշյանը: 

Ընդ որում, այդ խնդիրն առկա է հետազոտված գործերի մեծ մասում, իսկ առավել ակնհայտ էր ՎԴ/4272/05/10 գործով քննության ժամանակ: 75-ամյա Հռիփսիմե Ղալաչյանը շուրջ 10 տարի պայքարում է հայրական ժառանգությունն ստանալու համար: Երբ դատաքննությունն ավարտվեց, գույքն այլևս գոյություն չուներ: Նոտարական գործողության հետևանքով պատճառված վնասն անհատուցելի է, քանի որ նոտարն ազատված էր աշխատանքից, օրենսդրական կարգավորմամբ չկան վնասի հատուցման իրավական գործիքներ: Մանրամասներին ծանոթացեք՝ «Դատարանում 10 տարի հայցի քննվելուն զուգահեռ վեճի առարկա գույքը մի քանի անգամ վաճառվել է»:

Ողջամիտ ժամկետների վերաբերյալ առկա է նաև ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան, Եվրոպական դատարանն արձանագրել է. «Անդամ պետություններն իրենց իրավական համակարգը պետք է կազմակերպեն այնպես, որ երաշխավորվի ողջամիտ ժամկետում դատական որոշումներ ձեռք բերելու իրավունքը, չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը չի կարող հաշվի առնվել որպես արդարացում (Vocaturo v. Italy, § 17, Cappello v. Italy § 17),

Հայաստանում ողջամիտ ժամկետում արդարադատություն չստացող անձինք չունեն իրավունքների պաշտպանության միջոցներ: Պետության պարտականությունն է ստեղծել այնպիսի գործուն մեխանիզմներ, որոնք կարող են երաշխավորել գործերի քննությունը ողջամիտ ժամկետում: Այսինքն, ողջամիտ ժամկետների խախտման դեպքում անձինք պետք է կարողանան դիմել դատարան՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը ճանաչելու եւ պատճառված ոչ նյութական վնասը հատուցելու պահանջով, որը նաև զսպող հակակշիռ կլինի նմանատիպ խախտումները չկրկնելու համար:

Հռիփսիմե Ղալաչյանի գործով հայցվորը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դիմելու Սահմանադրական դատարան՝ ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ Հայաստանում իրավական պաշտպանության միջոցի բացակայության վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter