
Նիկոլ Փաշինյան․ «Կոմունիկացիաների բացումն էականորեն կարող է փոխել մեր տնտեսությունը»
Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակումը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Այս կարծիքն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում կայացած հավաքի ժամանակ։ Ըստ Փաշինյանին՝ կոմունիկացիաների բացումը չի կարող ձեռնտու լինել կողմերից միայն մեկին։
«Ապաշրջափակումը ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ նա պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, քանի որ մենք պետք է հուսալի երկաթուղային կապ ստանանք Ռուսաստանի և Իրանի հետ։ Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունը էականորեն կարող է փոխվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագարած հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պետք է ապաշրջափակվեն։
2021 թվականի հունվարի 11-ին էլ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով ևս մեկ համատեղ հայտարարություն ընդունվեց, ըստ որի՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբ ձևավորվեց՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։ Աշխատանքային խմբում Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Եռակողմ խումբն արդեն իսկ մի քանի հանդիպումներ է անցկացրել։
Մեկնաբանել