
2021-ի հունվար-փետրվարին բյուջե մուտքագրվող հարկերը 9%-ով կրճատվել են
Հայաստանի տնտեսության վերականգնման համար դեռ երկար ժամանակ ու խելամիտ կառավարում է անհրաժեշտ։ Սա փաստ է, և որքան էլ իշխանությունները, ի դեմս էկոնոմիկայի նախարարի, պնդեն, որ տնտեսությունը «համարյա վերականգնվել է»։ Տնտեսության վիճակը գնահատելու հստակ ցուցիչներ կան՝ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), անշարժ գույքի շուկան, առևտրաշրջանառությունը, արտաքին առևտուրը և այլն։
Ամենակարևոր ցուցիչներից է նաև հավաքագրված հարկերի ծավալը։ Վերականգնվող տնտեսությունը ենթադրում է, որ բիզնեսը պետք է սկսած լիներ ավելի աշխույժ տեմպերով աշխատել, հետևաբար՝ ավելի շատ հարկեր գեներացնել։ Սակայն տարեսկզբի երկու ամսիների տվյալները հակառակն են փաստում։
Հունվար-փետրվարին հարկերը 9%-ով կրճատվել են
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ այս տարվա առաջին երկու ամիսներին (2021թ. հունվար-փետրվար), պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն ու պետական տուրքը կազմել են 211.7 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն կրճատվել է 20.2 մլրդ դրամով կամ մոտ 9%-ով։
Միայն հունվարին հարկային մուտքերը կազմել են 130.5 մլրդ դրամ, որը 2020-ի նույն ամսվա համեմատ կրճատվել է 16.2 մլրդ դրամով կամ 11%-ով։
Իսկ փետրվարին հարկերի ծավալը կազմել է 81.2 մլրդ դրամ՝ 2020-ի նույն ամսվա համեմատ կրճատվելով 4 մլրդ դրամով կամ մոտ 5%-ով։
Երկու ամիսների՝ հունվար-փետրվարի կտրվածքով անկում է գրանցվել հարկատեսակներից մեծ մասի գծով։
Բացարձակ թվով ամենամեծ անկումը ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ), ակցիզային հարկի ու շահութահարկի գծով է։
Մասնավորապես, այս տարվա հունվար-փետրվարին ԱԱՀ-ի գծով հավաքագրվել է 80 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների 88.5 մլրդ դրամի դիմաց։
Ակցիզային հարկի ծավալը կազմել է 13 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների 20 մլրդ դրամի դիմաց։
Իսկ շահութահարկը կազմել է 6.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա երկու ամիսների 10.6 մլրդ դրամի դիմաց։
Այս տարվա առաջին երկու ամիսների հարկերի անկումը բացատրվում է ոչ միայն տնտեսության բարդ վիճակով, այլև նախորդ տարվա նույն ամիսների բարձր բազայի հետ համեմատությամբ: Հատկանշականն այն է, որ 2020 թվականի հունվար-փետրվարին, երբ ՔՈՎԻԴ-19-ի մասին դեռ «ուրվականի» պատկերացումներ կային, տնտեսությունը ընթանում էր բնականոն հունով:
Եվ միայն մարտից համավարակը սկսեց տարածվել, մի շարք տնտեսական գործունեության տեսակներ սահմանափակվեցին: Այդ ամսից սկսած Հայաստանի տնտեսությունը լուրջ կորուստներ է գրանցում: 2020 թվականը փակվեց 7.6% տնտեսական անկմամբ:
Իսկ այս տարվա ամենաթարմ տվյալներով՝ փետրվարին, 2020-ի նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվությունը նվազել է 5.3%-ով: Հետևաբար, տնտեսության ակտիվության նվազման ֆոնին հարկերի աճ սպասելը անիրատեսական է:
Հարկերի տարեկան անկումը՝ 2020 թվականին՝ 5.4%
2020 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանի պետական բյուջե հաշվեգրված հարկերը կազմել են 1 տրլն 385 մլրդ դրամ: 2019 թվականի համեմատ այն նվազել է 5.4%-ով կամ 79 մլրդ դրամով: Տարեկան տվյալներով ևս անկում է գրանցվել հարկատեսակներից մեծ մասի գծով:
Տես նաև՝
- Փետրվարին տնտեսական ակտիվությունը 5.3%-ով նվազել է
- Կենտրոնական բանկը նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումը. 1.4% աճ՝ 2021-ին
- Վաչե Գաբրիելյան. «Տնտեսության զարգացման առաջնահերթությունն այս պահին հնարավորինս լայնատարած պատվաստումն է»
Մեկնաբանել