HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ հրապարակել է որոշում, որով մերժել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պաշտպանների բողոքը և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել անփոփոխ։ Այս մասին «Հետք»-ին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ 

Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի որակեց։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել՝ մերժելով Գևորգ Կոստանյանի պաշտպանների բողոքը: Այսինքն՝ դատարանը հրաժարվել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ առանց որևէ ապացույցի, առնաց որևէ իրավական կամ փաստական հիմքի կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելուց, այն դեպքում, երբ միջազգային հեղինակություն ունեցող կառույցը՝ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլը) Գևորգ Կոստանյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդումը գնահատել է որպես անօրինական և քաղաքական»,- ասաց Գևորգյանը։

Վերջինիս խոսքով՝ դատարանը նույնիսկ հաշվի չի առել այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), իսկ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է, հետևաբար, ըստ պաշտպանի, Գևորգ Կոստանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը նույնպես ենթակա է դադարեցման՝ արդարացնող հիմքով, իսկ խափանման միջոց կալանավորումը՝ վերացման, քանի որ ենթադրյալ սահմանադրական կարգի տապալումը հանդիսանում է Գևորգ Կոստանյանին մեղսագրված արարքների հանցակազմերի պարտադիր հատկանիշ, որի բացակայությունն ինքնին վկայում է Գևորգ Կոստանյանի արարքներում հանցագործության հանցակազմի բացակայության մասին:

«Այս իրողությունը հասկանալու և գիտակցելու համար նույնիսկ իրավաբանական գիտելիքներ անհրաժեշտ չեն, ավելին՝ նշվածից ակնհայտ է, որ սահմանադրական կարգի տապալումը հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու պայմաններում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալումն իբրև թե թաքցնելն ինքնին դադարում է քրեորեն պատժելի արարք հանդիսանալուց: Իրադարձությունների նման դասավորությունից տեսանելի է, որ ՀՀ վերաքննիչ քրեականդ դատարանի կողմից կայացված դատական ակտն ակնհայտ ապօրինի և հիմնազուրկ է և այն կրում է բացառապես քաղաքական բնույթ, այսինքն՝ դատարանը նման որոշմամբ վարույթն իրականացնող մարմնին առանց որևէ հիմնավորման թույլատրել է շարունակել հեղինակավոր միջազգային կառույցի՝ Ինտերպոլի կողմից որպես քաղաքական գնահատված և Սահմանադրական դատարանի կողմից որպես անվավեր ճանաչված նորմով իրականացվող անօրինական հետապնդումը»,- ասաց Գևորգ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը դեռևս 2019 թվականի նոյեմբեր ամսին որպես մեղադրյալ է ներգրավվել «Մարտի 1-ի գործով»: Վերջինիս վերագրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված արարք: Խոսքը, մասնավորապես, Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-334-րդ հոդվածի 1-ին մասի և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մասին է, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց ընտրվել կալանավորումը։

Քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել։ Կոստանյանի պաշտպաններն այս հոդվածին հղում կատարելով՝ դիմել են առաջին ատյանի դատարան՝ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությամբ, որը քննել և մերժել է դատավոր Աննա Դանիբեկյանը, և պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որտեղ, փաստորեն, նույնպես մերժվել է բողոքը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Կոստանյանի խափանման միջոցի գործի քննության օրերին պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ իր մոտ է հայտնվել Միջազգային քրեական ոստիկանությունից Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին ուղղված փաստաթուղթ, որտեղ նշվում է՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը եկել է եզրակացության, որ Կոստանյանին առնչվող գործը քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ և մերժել Հայաստանի հետ համագործակցել՝ կոնկրետ այս դեպքով։

Թագուհի Թովմասյանի հայտարարությունից անմիջապես հետո դրանում նշված փաստարկները Կոստանյանի պաշտպանները ներկայացրել են դատարան՝ Կոստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջը քննարկելիս դրանք որպես նոր հանգամանք հաշվի առնելու նպատակով։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter