HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիացի պատգամավորները կառավարությանը կոչ են անում սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի պահանջով

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին (François Pupponi) բանաձեւի առաջարկով է հանդես եկել, որով կոչ է անում իր երկրի ղեկավարությանը՝ Ադրբեջանից պահանջել անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին եւ պահվող քաղաքացիական անձանց։ Հակառակ պարագայում պատգամավորը Ֆրանսիայի կառավարությունից պահանջում է սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

Պուպոնիի բանաձեւի առաջարկը ստորագրել է 28 պատգամավոր, որոնց թվում՝ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական խմբի անդամներ։ Ի դեպ, Ֆրանսուա Պուպոնին, այդ խմբի անդամներից մի քանիսի հետ, ապրիլի 24-ին Երեւանում մասնակցում էր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին։

Իր հեղինակած բանաձեւում ֆրանսիացի պատգամավորը մատնանշել է, որ Ադրբեջանը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածը եւ քաղաքականացնում է գերիների վերադարձի հարցը, մինչդեռ Հայաստանն Ադրբեջանին է հանձնել իր մոտ պահվող բոլոր ադրբեջանցի գերիներին։

Ադրբեջանի գործողությունները բանաձեւում բնութագրվում են որպես միջազգային մարդասիրական իրավունքի խախտում եւ ստանձնած միջազգային պարտավորություններից խուսափում։

Հղում կատարելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի կոնվենցիային՝ Պուպոնին նշում է, որ Ադրբեջանն իր մոտ պահվող անձանց պետք է ռազմագերու կարգավիճակ տար եւ կրակի դադարեցումից հետո անհապաղ ազատ արձակեր, մինչդեռ ադրբեջանական զինուժը մարդկանց գերի է վերցրել անգամ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:

Բանաձեւում անդրադարձ կա հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցի զինվորականների անմարդկային վերաբերմունքի, նվաստացման, խոշտանգումների, ինչպես նաեւ սպանության դրվագներին, որոնք նկարահանվել եւ տարածվել են համացանցում։

Ելնելով այս հանգամանքներից՝ պատգամավորները կոչ են անում Ֆրանսիայի իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց մասին Ժնեւի կոնվենցիաների պահանջների իրագործումը եւ սանկցիաների ճնշման ներքո Ադրբեջանից պահանջել կատարել իր միջազգային պարտավորությունները եւ երաշխավորել հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց իրավունքների պաշպանությունը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի թե' ստորին (Ազգային ժողով), թե' վերին (Սենատ) պալատների բանաձեւերը խորհրդատվական բնույթի են եւ իրավական պարտադիր ուժ չունեն կառավարության համար, քանի որ օրինագիծ չեն։ Արցախի վերաբերյալ մի բանաձեւ էլ Ֆրանսիայի Սենատն ընդունեց նախորդ տարվա նոյեմբերի 25-ին՝ Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին, որը նույնպես իրավական ուժ չուներ։

Լուսանկարում՝ Ֆրանսուա Պուպոնին (խոսափողը ձեռքին), Ազգային ժողովի դիմաց ցուցարարների հետ միասին պահանջում է Ֆրանսիայի իշխանություններից ճանաչել Արցախի անկախությունը, 20 նոյեմբերի, 2020  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter