HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորը հրաժարականի դիմում է ներկայացրել. «ԲԴԽ-ն վերածվել է արդեն նախկին իշխող ուժի տեղական նշանակության օղակի»

Այսօր Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը: Դատավորը հրաժարականի դիմումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործի և կարգապահական վարույթի շրջանակներում միայնակ է դիմակայել ճնշումներին: Ըստ նրա՝ ԲԴԽ-ն վերածվել է «արդեն նախկին իշխող ուժի տեղական նշանակության օղակի», մինչդեռ պետք է լիներ դատավորների անկախության երաշխավորը:

«Ամիսներ շարունակ տևած գործընթացները իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի և քրեական գործի շրջանակներում վերհանեցին դատական իշխանության կրողի առջև ծառացած այն խնդիրը, որ դատավորը միայնակ է դիմակայում ճնշումներին ու մարտահրավերներին: Որովհետև մեկ ձայնի ստորագրությամբ, մեկ «անձ»-ի քվեարկությամբ ԲԴԽ-ն դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից վերածվել է օրենսդիր մարմնի արդեն նախկին իշխող ուժի տեղական նշանակության օղակի, դատավորներին պատժող ու զսպող կառույցի, որի «ղեկը» տրվել է սահմանադրական օրենքի պահանջների խախտմամբ ընտրված, տարիքը լրանալու հիմքով լիազորությունները վաղուց դադարած անձի»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Կարինե Պետրոսյանը:

Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարում են, եթե նա հրաժարականի դիմում է ներկայացնում:

Հիշեցնենք, որ Կարինե Պետրոսյանը ԲԴԽ-ի դեմ հայցադիմում է ներկայացրել: Վերջինս պահանջում է պարտավորեցնել ԲԴԽ նախագահին դատական իշխանության պաշտոնական կայքում Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ անհապաղ հայտարարություն տարածել: 

Գրել էինք, որ Կարինե Պետրոսյանը հայցադիմումում նշել է, որ Գագիկ Ջհանգիրյանի 65 տարին լրացել է 2020թ.: Այս տարվա փետրվարի 19-ին Կ. Պետրոսյանը դիմել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում Գ. Ջհանգիրյանի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ անհապաղ հայտարարություն հրապարակելու պահանջով: Սակայն մինչ օրս Ռ. Վարդազարյանն այդ հայտարարությունը չի հրապարակել: 

Դատարան դիմելու հիմք է հանդիսացել այն, որ արդարադատության նախարարի 27.01.2021թ. թիվ 6-Ա որոշմամբ վարույթ է հարուցվել դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ: Դատավորին կարգապահական պատասխանատովության ենթարկելու հարցը քննում է ԲԴԽ-ն, որի անդամն է նաև Գագիկ Ջհանգիրյանը:

Կարինե Պետրոսյանը գտնում է, որ այս պայմաններում ԲԴԽ անդամների օրինական կազմի վերաբերյալ հարցն ուղղակիորեն առնչվում է իր իրավունքներին: Ըստ նրա՝ խորհրդի գործող կազմով նշված կարգապահական գործի քննության արդյունքում կխախտվեն իր՝ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, այդ թվում՝ վարչական մարմնի կողմից գործի արդարացի քննության իրավունքը: Գործով Գագիկ Ջհանգիրյանը դատավարության մեջ ներգրավվել որպես երրորդ անձ: Հաջորդ նիստը տեղի է ունենալու հունիսի 11-ին:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ-ի կողմից ԲԴԽ անդամ է ընտրվել 2021թ. հունվարի 22-ին: Իսկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն ապրիլի 15-ին կասեցնելուց հետո Գագիկ Ջհանգիրյանը կատարում է ԲԴԽ նախագահի պարտականությունները:

Նշենք՝ ԲԴԽ-ն 2021թ. ապրիլի 15-ին դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից ԲԴԽ նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելը որոշում է կայացրել Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: 

Կարինե Պետրոսյանը հավելում է, որ չնայած արդեն կարճված է իր նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը և մերժված է կարգապահական վարույթը, սակայն ինքը կամ այլ դատավորներ երաշխավորված չեն շարունակական «հետապնդումներից»: Որպես ասվածի ապացույց Կ. Պետրոսյանը մատնանշել է քաղաքական հնչեղություն ունեցող գործերով դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների առկայությունը:

«Եվ քանի դեռ կան այդ գործընթացները, պայքարը շարունակվում է»,-հավելել է արդեն նախկին դատավորը:

Առաջին անգամը չէ, որ դատավոր Կարինե Պետրոսյանը դուրս է գալիս ԲԴԽ-ի դեմ: Նա և նույն դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը 2018թ. էլ դատարանում վիճարկում էին Գագիկ Հարությունյանին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. մարտի 5-ի գործողությունները:

Նույն դատավորները 2019թ. էլ հայցադիմումներ էին ներկայացրել վարչական դատարան՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին և նույն խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրանց Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու համար Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջով: 

Այդ գործերով Կարինե Գալֆրեդի Պետրոսյանի և Ալեքսեյ Արշալույսի Սուքոյանի կողմից ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվել էր դատարանի կողմից: Իսկ վերադաս ատյաններն անփոփոխ էին թողել առաջին ատյանի դատարանի որոշումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter