HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

25 օր անց Պաշտպանության նախարարությունը մեր հարցերին պատասխանում է մեկ նախադասությամբ

2021 թվականի մայիսի 27-ի առավոտյան, սկզբում ադրբեջանական լրատվամիջոցները, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարությունը, հայտարարել էին, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի Հանրապետության ԶՈւ վեց զինծառայող։ Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը հրապարակել էր նրանց անունները։ Գերեվարված զինծառայողների թվում էին պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը և Վ. Օ. Ռաֆայելյանը։

Իր հաղորդագրության մեջ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել էր ադրբեջանական կողմի այն պնդումները, որ զինծառայողները գտնվելիս են եղել ադրբեջանական տարածքում։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Կառավարության մայիսի 27-ի նիստում հայտարարել էր, որ տեղի է ունեցել հայ զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից։

Զինծառայողների գերեվարման հանգամանքների, նրանց հայրենադարձման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ «Հետք»-ը հունիսի 1-ին հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին։ Հարցման մեջ մասնավորապես հետաքրքրվել էինք, թե ինչ քայլեր է ձեռնարկում պաշտպանական գերատեսչությունը մայիսի 27-ին գերեվարված զինծառայողների հայրենադարձման ուղղությամբ և, եթե Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ գերեվարման պահին պայմանագրային զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում, ապա ինչու դիմադրություն ցույց չեն տվել։

Նույն օրը՝ մայիսի 27-ին, Գլխավոր շտաբի պետի նորանշանակ տեղակալ Էդվարդ Ասրյանը, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել էր, որ գերիների վերադարձի համար հայկական կողմը վերջնաժամկետ էր ներկայացրել ադրբեջանական կողմին, որի արդյունքում Բաքվում սկսվել էին խորհրդակցություններ։ Մենք պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ուղղված հարցման մեջ հետաքրքրվել էինք, թե ինչ առաջընթաց կա այս ուղղությամբ։

Այդ հարցման մեջ խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե հարցման պատասխանի օրվա դրությամբ, Ադրբեջանի տարածքում պահվող քանի գերիների վերաբերյալ տեղեկատվություն ունի Պաշտպանության նախարարությունը, ինչ գործուն քայլեր է ձեռնարկվում նրանց վերադարձի ուղղությամբ, և արդյոք Հայաստանը գերիների վերադարձի հարցում ուղիղ բանակցություններ վարում է Ադրբեջանի հետ։

Բացի այդ, մայիսի 27-ին, Կառավարության որոշմամբ, Հայաստանը պետք է ընդուներ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի քաղաքների և Տեղ համայնքի կողմից նվիրված հողամասերը և դրանք, պաշտպանական նպատակներով, տրամադրեր օգտագործման համար։ Հողամասերն ամրացվելու էին Պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու էին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը։ Նույն հարցման մեջ մենք պաշտպանական գերատեսչությունից նաև հետաքրքրվել էինք, թե ինչ նպատակով են ռուսական կողմին տրամադրվել այդ հողատարածքները, և ինչ է նախատեսվում անել այնտեղ։

Եվ վերջապես այդ օրերին հանրության կողմից քննարկվում էր այն հարցը, թե ինչու հայկական կողմը չի ձերբակալում կամ գերեվարում իր տարածք ներթափանցած ադրբեջանական ուժերին, որոնք մայիսի 12-ին, խախտելով ՀՀ պետական սահմանը, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում որոշակիորեն առաջ էին եկել։ Ուստի մենք ևս ցանկանում էինք այս հարցի պատասխանը ստանալ Պաշտպանության նախարարությունից՝ փորձելով նաև ճշտել, թե ՊՆ տվյալներով, ադրբեջանցի քանի զինծառայող է գտնվում ՀՀ սուվերեն տարածքում։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գրավոր հարցմանը պատասխան է տրվում 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ եթե այդ տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ աշխատանք, ապա պատասխանող կողմը իրավունք ունի խնդրելու 30 օր օրացույցային ժամկետ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին և նշելով հետաձգման պատճառները։ Հունիսի 7-ին իր պատասխան նամակում Պաշտպանության նախարարությունը խնդրել էր 30 օր ժամկետ՝ նշելով, որ հարցման մեջ նշված տեղեկությունների տրամադրման համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա։

Հունիսի 24-ին Պաշտպանության նախարարությունը մեր հարցմանը պատասխանում է միայն մեկ նախադասությամբ. «Ի պատասխան Ձեր՝ 01.06.2021 թ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին հասցեագրված հարցման՝ տեղեկացնում եմ, որ Ձեր հարցերին մանրամասն կպատասխանենք հակառակորդի հետ շփման գծում իրադրության կայունացման և համապատասխան ուսումնասիրության բազմակողմանիության ապահովումից հետո»։ Այն ստորագրված էր ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի կողմից։

Ստացվում է, որ Պաշտպանության նախարարությունը ոչինչ չունի այս հարցերում մեզ պատասխանելու, այն դեպքում, երբ հունիսի 12-ին 15 հայ գերի է վերադարձել Հայաստան, որոնց թվում եղել են նաև մայիսի 27-ին գերեվարված վեց զինծառայողից չորսը։ Եթե ի սկզբանե պատասխան չէր տրվելու հարցմանը, ապա ինչ իմաստ ուներ 30 օր ժամկետ խնդրելը։ Միգուցե այս գերատեսչությունն ավտոմատաբար բոլոր հարցումների համար 30 օր է խնդրում, անկախ նրանից, թե ինչ ժամկետ է անհրաժեշտ դրան պատասխանելու համար:

Ավելին, Պաշտպանության նախարարությունը վերջին ամիսներին պատասխանում է միայն տարածվող ապատեղեկատվություններին՝ հապճեպ հաղորդագրություններ հրապարակելով, որոնց մի մասը երբեմն կասկածի տակ է դրվում դեպքերի այլ ընթացքի պատճառով։ Մենք չենք պատրաստվում ապատեղեկատվություն տարածել, որ ՊՆ-ն անդրադառնա դրանց, բայց այդուհանդերձ հույս ունենք, որ պաշտպանական գերատեսչությունը կսկսի գործել հնարավորինս թափանցիկ և անպատասխան չի թողնի բարձրացվող հարցերը, որովհետև անպատասխան հարցերն են ստեղծում նոր վարկածներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter