
Հունիսին գնաճի տեմպերն արագացել են՝ հասնելով 6.5%-ի
Հայաստանի սպառողական շուկայում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի նկատմամբ 6.5% գնաճ է գրանցվել: Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալները, մայիսին տեմպերի որոշակի թուլացումից հետո գնաճը կրկին արագացել է: Մայիսին 12-ամսյա գնաճը կազմել էր 5.9%:
Հունիսին գրանցված 6.5% գնաճը ոչ միայն ամենաբարձրն է այս տարվա ընթացքում, այլև՝ նախորդ առնվազն 5 տարիների կտրվածքով:
Հայաստանում գնաճի տեմպերն արագացել են նախորդ տարվա վերջից և այս տարվա սկզբում հատել են Կենտրոնական բանկի նախանշած թիրախի՝ 4%-ի մակարդակը:
Տարվա առաջին կիսամյակի հաշվարկներով (2021թ. հունվար-հունիսը 2020թ. հունվար-հունիսի համեմատ)` գնաճը կազմել է 5.7%:
Առավել արագ տեմպերով շարունակում է թանկանալ սննդամթերքը:
Սնունդը թանկացել է 8.8%-ով
2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.8% գնաճ:
Մասնավորապես,
- բանջարեղենը թանկացել է 17.5%-ով,
- կաթնամթերքը, պանիրը և ձուն՝ 10.4%-ով, մասնավորապես՝ ձվի գինը բարձրացել է 41.4%-ով,
- մսամթերքը թանկացել է 6.6%-ով,
- շաքարը և շաքարավազը՝ 43.2%-ով,
- յուղերը և ճարպերը՝ 36.5%-ով (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ կազմել է 87.3%)
- ձուկը և ծովամթերքը՝ 20.2%-ով,
- ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 8.8%-ով
- միրգը էժանացել է 9%-ով:
Ոչ պարենային ապրանքները թանկացել են 9.5%-ով
2021-ի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.5% գնաճ:
Մասնավորապես բենզինը թանկացել է 59.2%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 47.1%-ով:
Իսկ այս տարվա մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 6.2% և 4.5%-ով։
Ծառայությունների սակագները բարձրացել են 2.1%-ով
Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է սակագների 2.1%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 0.1% հավելաճ:
Տես նաև՝
- Գնաճը «չափերն անցնում է». լուրջ ազդակ ԿԲ-ի ու Կառավարության համար
- Գնաճը չի մեղմվում. ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
- Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ առաջիկա եռամսյակներում բարձր գնաճը կպահպանվի
Մեկնաբանել