HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ընտրակաշառքի հատկանիշներով 26 քրեական գործ կա. ՍԴ-ում շարունակվում է դատավարությունը

Սահմանադրական դատարանում արդեն չորրորդ օրն է` շարունակվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությունը: Հիշեցնենք, որ բարձր դատարան են դիմել «Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինքները և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները: ՍԴ-ն այդ դիմումները քննում է միասին:

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, հիշեցրեց 2013 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերը, երբ վերջինս Մուկուչյանին ասել էր, թե նրա ակտիվ մասնակցությամբ ընտրությունները կեղծվել են: Զոհրաբյանը հետաքրքրվեց Մուկուչյանից՝ 2013-ին ընտրությունները կեղծվել են, թե՞ ոչ:

Տիգրան Մուկուչյանն արձագանքեց՝ ասելով, որ յուրաքանչյուր հնչեցված հարց պետք է վերաբերի դատավարությանը։ Նա նաև հիշեցրեց, որ այդ ընտրություններից հետո արդյունքների վիճարկում է եղել, կա ՍԴ որոշում, բոլոր գնահատականները տրված են: Զոհրաբյանը մի քանի անգամ պնդեց նույն հարցը, ինչին ի պատասխան ԿԸՀ նախագահը վստահեցրեց, որ 2013-ի ընտրությունների ժամանակ արդյունքները չեն կեղծվել:

Զոհրաբյանը նաև հետաքրքվեց, թե ԿԸՀ նախագահը երբ է վերջին անգամ հանդիպել կամ խոսել Նիկոլ Փաշինյանի հետ, Տիգրան Մուկուչյանն արձագանքեց՝ երբեք կապի մեջ չի եղել վերջինիս հետ:

Զոհրաբյանը, շարունակելով հարցերն, ասաց, որ մամուլում հրապարակում է եղել, ըստ որի՝ Տիգրան Մուկուչյանի և Նիկոլ Փաշինյանի միջև վիճաբանություն է եղել: Տիգրան Մուկուչյանը «լկտի սուտ» որակեց այդ հրապարակումը:

Դատավարության պատասխանողներից դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը հայտնեց, որ նախընտրական քարոզչության ընթացքում և ընտրությունների օրն առերևույթ արձանագրված ընտրախախտումների 60 դեպքով քրեական գործ է հարուցվել, որոնցից գերակշիռ մասը՝ 26-ը, ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու և ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով:

8 քրեական գործ է հարուցվել նախընտրական պաստառների վնասման, ոչնչացման, 4-ը՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ չմասնակցելուն հարկադրելուն, 4-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 4-ը՝ քվարկության գաղտնիությունը խախտելու, 3-ը՝ մեկից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, 2-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մոտ տարածքում բռնություն գործադրելու կամ դրա ապառնալիքի հատկանիշներով:

2 քրեական գործ է հարուցել բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, 1 գործ՝ կուսակցությունների կամ դաշինքների օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն, 1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ քվեաթերթիկներ իրացնելուն, 1 գործ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անհատական կնիքը հափշտակելու, 1 գործ՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու, 1 գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, 1 գործ՝ ենթադրաբար ընտրական քարոզարշավի համար առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու, ևս մեկ գործ էլ՝ նախընտրական քարոզչության ընթացքում հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութական շահագրգռվածություն ստանալու հատկանիշներով:

66 անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, 16 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մեղադրյալներից յոթը պատգամավորի թեկնածու են, 4-ը՝ «Պատիվ ունեմ», 1-ը՝ «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչներ են, մեկը՝ «Բարգավաճ Հայաստան», յոթերորդն էլ՝ «Զարթոնք», կուսակցություններից:

Յոթ անձի նկատմամբ խափանում է ընտրվել կալանավորումը, 2 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, որոնցից մեկը պատգամավորի թեկնածու է:

Առերևույթ ընտրական հանցագործությունների հինգ դեպքերով նախաքննությունն ավարտվել է, երեքը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Կարեն Բիշարյանն իր ելույթում անդրադարձավ նաև դիմումատուների այն փաստարիներին, որ ՔՊ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ատելության խոսք է տարածել ողջ քարոզարշավի ընթացքում: Նա պնդեց, որ ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ելույթներն իրենց ամբողջության մեջ չեն կարող համարվել բռնությունը հրահրող, բռնությունը հրապարակայնորեն կոչեր պարունակող: Նրա խոսքով՝ ընտրական գործընթացի մասնակիցների արտահայտությունները քրեաիրավական տեսանկյունից հանցակազմ չեն պարունակել:

Բիշարյանն անդրադարձավ նաև «Պատիվ ունեմ» դաշինքի նեկայացուցիչ Դավիթ Հարությունյանի այն պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանը ահաբեկել է ոչ միայն քաղաքական մրցակիցներին, այլև՝ քաղաքական հակառակորդի հավանական ընտրողին՝ այն որակելով անհիմն և պնդելով, որ նման հատկանիշներով քրեական գործի հարուցման համար հանցակազմ չի եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter