
Շիրակցի ևս 13 գերի դատապարտվեց 6 տարվա ազատազրկման (թարմացված)
14:07
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակեց շիրակցի 13 գերիների շինծու գործով դատավճիռը։ Ըստ այդմ, նրանցից յուրաքանչյուրը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, իսկ դրանից հետո նրանք կարտաքսվեն Ադրբեջանից։ Պատժի կրման մեկնարկ է համարվել 2020 թվականի դեկտեմբերի 13-ը։
Հիշեցնենք, որ շինծու գործով մեղադրյալի աթոռին էին Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արմեն Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդարյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը, որոնց Բաքուն մեղադրում է իբր ահաբեկչական հարձակումների և այլ հանցագործությունների մեջ։
13:37
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հուլիսի 23-ին շարունակվել է շիրակցի գերիների հերթական խմբի շինծու գործով դատավարությունը։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։ Մեղադրյալի աթոռին են Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արմեն Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդարյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը, որոնց Բաքուն մեղադրում է իբր ահաբեկչական հարձակումների և այլ հանցագործությունների մեջ։
Հուլիսի 23-ի նիստի ընթացքում հրապարակվել են քրեական շինծու գործի նյութերը, իսկ այնուհետ հայտարարվել է դատական գործընթացի ավարտի մասին։ Դատախազը պահանջել է 13 գերուց յուրաքանչյուրին դատապարտել 7 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կրելուց հետո նրանց արտաքսել Ադրբեջանից։
Հիշեցնենք, որ նախօրեին շիրակցի 13 այլ գերի դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Շիրակցի 15 գերի էլ հայրենիք էր վերադարձել 2021 թվականի հուլիսի 3-ին, որոնք ավելի վաղ ազատ էին արձակվել դատարանի դահլիճից՝ պատժի կրման ժամկետի լրանալու կապակցությամբ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ 15 գերին փոխանակվել էին Կովսականի (Զանգելան) և Վարանդայի (Ֆիզուլի) ականապատ դաշտերի քարտեզների հետ։
Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր, նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։
Դեռ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ շիրակցիները գերեվարվել են դեկտեմբերի 13-ին։
Լուսանկարը՝ Trend գործակալության
Մեկնաբանել