HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թուրքերը մտել են գյուղ»․ Սղնախում զոհված Արմեն Լալայանի վերջին խոսակցությունը կնոջ հետ

Պատերազմի 7-րդ օրը Արմեն Լալայանը կնոջը՝ Անուշին և 9-ամյա դստերը՝ Էդիտային, Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից ճանապարհել է Հայաստան։ Սղնախի գյուղապետ Եղիշե Ղահրամանյանը Արմեն Լալայանի կնոջն ու դստերը հասցրել է Հայաստանի սահմանին մոտ, որտեղից էլ ճանապարհը շարունակել են ավտոբուսով։ Արմեն Լալայանը մնացել է իր ծննդավայր Սղնախում և մասնակցել գյուղի պաշտպանությանը։

Անուշ Լալայանն իր հետ վերցրել է իր և ամուսնու անձնագրերը, ամուսնության վկայականը, դստեր ծննդականը և մի քանի հագուստ։ Մտածել են, որ մի քանի օրից հետ են վերադառնալու, իսկ Հայաստանում՝ բարեկամի տանը մի քանի օր մնալու համար շատ իրար վերցնելու կարիք չկար։ Մի քանի օրը վերածվել է մի քանի ամսի։ Անուշը, չնայած օրվա մեջ երկու անգամ խոսել է ամուսնու հետ հեռախոսով, սակայն պատերազմի ընթացքի վերաբերյալ շատ տեղեկություն չի ստանում։

Հոկտեբերի 28-ին ադրբեջանական ուժերը հարձակվում են Սղնախի վրա, գյուղը բաժանում երկու մասի։ Այդ ժամանակ գյուղը պաշտպանելիս զոհվում են սղնախցիներից Համլետ Հայրիյանը, Սպարտակ Հակոբջանյանը և Գառնիկ Սարգսյանը։ Երեկոյան գյուղն արդեն անցնում է հակառակորդի վերահսկողության տակ։ Գյուղի պաշտպանական ջոկատն այլ ուժերի հետ հոկտեմբերի 29-ին փորձում է դիրքավորվել Սղնախ և Շոշ գյուղերի միջնամասում ձևավորված դիրքում։ Հենց այդ ժամանակ հակառակորդի հրետակոծությունից զոհվում են Արմեն Լալանյանը և Վարուժան Առստամյանը, իսկ Գրիգոր Ղահրամանյանը ստացած ծանր վիրավորումից նոյեմբերի 7-ին է մահացել։

Անուշ Լալայանը միշտ վախեցել է մանրամասներն իմանալ, թե որտեղ և ինչ հանգամանքներում է ամուսինը վիրավորվել, ապա՝ զոհվել։ Նրա խոսքով՝ չի պատկերացրել, որ հակառակորդը կհասնի Սղնախ, չնայած տղաները վերջին օրերին գիտեին։ Գյուղի վրա հարձակումից առաջ Արմեն Լալայանն իր բարեկամի հետ հեռախոսով խոսելիս, կանխազգալով սպասվելիքը, ասել է․«Անուշին ու Էդիտային լավ կնայեք»։

«Ինքը զոհվեց հոկտեմբերի 29-ի առավոտյան, ես 28-ին հետը խոսեցի, ասեց՝ ամեն ինչ նորմալ է լինելու։ Արդեն կռիվ էր, մանրամասները չէր ասում։ Ասում էր՝ թուրքերը մտել են գյուղ, բայց հանել ենք, մի քանի հոգի են մնացել։ Ամբողջ գիշեր նստում էին, սպասում, թե ինչ նորություն կա, ինչ կլինի։ Պատերազմի օրերին առաջին անգամ հանգիստ քնել է։ Առավոտյան Արմենի եղբայրը եկավ, թե բա ասում են՝ Սղնախ-Քարին Տակ հատվածում կռիվ էր, վիրավորներ շատ կան։ Սկզբից զանգեցի, ասում են` Արմենն էլ է ոտքից վիրավոր։ Բայց հետո արդեն իմացա, որ գլխից է վիրավոր։ Չկարողացան փրկել։ Եղբոր տղան բերել, հասցրել է հիվանդանոց, բայց չի դիմացել»,- նշում է Անուշը և շարունակում, որ իրավիճակն այդ օրերին այնքան ծանր է եղել, որ Արմեն Լալայանին Արցախում չեն կարողացել հուղարկավորել։ Արմենի աճյունը տեղափոխել են Հայաստան, հուղարկավորել Աշտարակում՝ ընտանեկան գերեզմանում։

Արմեն Լալայանը ծնվել է 1970 թ.-ին Սղնախում։ Հետագայում տեղափոխվել է Սումգայիթ և ապրել այնտեղ մինչև 1988 թ.-ը (մինչև Սումգայիթյան ջարդերը)։ Արմեն Լալայանը, միջին մասնագիտական կրթությունը կիսատ թողնելով, Սումգայիթից տեղափոխվել է ընտանիքի հետ Հրազդան, ապա մեկնել ՌԴ։ 2008 թ.-ին վերադարձել է Սղնախ, որպեսզի բարեկամներին այցելի։ Հենց այդ ժամանակ էլ ծանոթացել է Անուշի հետ, ապա՝ ամուսնացել։

«Ավանդական ձևով եկան խնամախոս։ Ես իրեն չէի էլ ճանաչում։ Ընդհանրապես ծանոթ չէինք։ Ասում էի, որ ուզում ես ինձ հետ խոսես, ես դպրոցում ուսուցչուհի էի աշխատում, ինչի մի անգամ չես խոսել ինձ հետ, որ ուզում ես ինձ հետ հանդիպես։ Ասում էր՝ դու ուսուցչուհի էիր, չէի ուզում, որ քո հետևից ինչ-որ բան ասին։ Ինքը մեր ավանդույթները չգիտեր, ամբողջ կյանքը ՌԴ-ում էր ապրել։ Իր բարեկամները գյուղում ասել էին, որ չի կարելի այդպես մոտենալ, խոսել, ամոթ է։ Ու այդպես իրենց հավատալով՝ ինձ չխոսացրեց։ Մի օր մտնում եմ տուն, տեսնեմ մարդիկ են գալիս կոտյումներով։ Ես էլ մտա սենյակս ու էլ դուրս չեկա։ Ասում եմ՝ ամոթ է չեմ ուզում։ Քյուրս եկավ համոզելու։ Ասում եմ՝ չէ, այդ մարդու խելքը պակաս է՝ ինձ տեսած չկա, ոնց է գալիս ինձ ուզելու (ժպտում է, հեղ․)։ Հետո դուրս եկա, ծանոթացանք։ Որոշեցինք շփվել և ամուսնացանք»,- ժպիտով հիշում է Անուշը։ Նրա ծնողները դեմ են եղել Արմենի և Անուշի հարաբերություններին, քանի որ Արմեն Լալայանը 15 տարի մեծ է եղել ապագա կնոջից, հայրը նույնիսկ դստերն ասել է, որ տղան գրեթե իր տարիքին է։ Անուշը փորձել է համոզել, որ ամեն բան կարգին է և ստացվել է։

Ամուսինները Սղնախում տուն չեն ունեցել։ Սկզբում բարեկամի տանն են ապրել։ Հետո բարեկամների օգնությամբ՝ հին տուն են գնել գյուղում, վերանորոգել։ Անուշ Լալայանը դպրոցում ռուսաց լեզվի ուսուցչուհին է եղել, հետագայում՝ նաև փոխտնօրենը։

Արմեն Լալայանը շատ է կապված եղել դստեր՝ Էդիտայի հետ։ Դա ողջ գյուղն է տեսել։ Նա էր դստերը սկզբում տանում մանկապարտեզ, հետո՝ դպրոց, ապա տուն բերում, զբաղվում երեխայի դաստիարակությամբ։

«Պատերազմի ժամանակ, որ Արմենը զանգում էր, խլում էր հեռախոսն ինձանից, գնում հոր հետ առանձին էր խոսում։ Իրենք շատ կապված էին»,-նշում է Անուշ Լալայանը։ Արմեն Լալայանը, քանի որ մեծ տարիքում է ամուսնացել և երեխա ունեցել, միշտ բարեկամներին ասել է, որ եթե իմանար ընտանիքը, երեխան ինչ զգացողություններ են, ապա շուտ կամուսնանար։

«Հիմա ոչ մեր գյուղը կա, ոչ ինքը կա։ Ես մի անգամ չեմ ասել գյուղից դուրս արի, մեզ մոտ արի։ Աղջիկս ասում էր՝ հայրիկ երբ ես գալու մեզ այստեղից (Աշտարակից) տանես։ Ասում էր՝ երկու օր սպասի, կռիվը պրծնի, կգամ։ Էդիտան լացելով է գյուղից դուրս եկել, չէր ուզում դուրս գար։ Միշտ միասին էին։ Նույնիսկ եղբորս տուն պետք է գյուղում գնայինք, երեքով էինք գնում, ամենուր միասին էինք։ Ասում եմ՝ այս ինչ օրն ենք ընկել, որ ինքը թողեց մենք մենակ Աշտարակ հասնենք»,- ցավով նկատում է Անուշ Լալայանը։

Անուշն ու դուստրը պատերազմից հետո՝ հունվարին, տեղափոխվել են Արցախ։ Անուշի հորաքրոջ հետ, որը նույնպես պատերազմում կորցրել է ամուսնուն, տուն են վարձակալել և ժամանակավոր ապրում են Ստեփանակերտում։ Էդիտան Ստեփանակերտում հաճախում է դպրոց և ստեղծագործական կենտրոն։ Տխրությունն աչքերին՝ մեզ ցույց է տալիս իր նկարած նկարներից երկուսը, որոնցից մեկում իր ամբողջական ընտանիքն է, մյուսն էլ վերնագրել է՝ «Զինվորը տուն է վերադառնում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter