HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Չէր ուզում Սղնախից հեռու մնալ»․ Վարուժան Առստամյանը զոհվել է Սղնախի և Շոշի միջակայքում 

Սեպտեմբերի 25-ին, երբ դեռ պատերազմը չէր սկսվել, Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում Վարուժան Առստամյանը որդու՝ Սասունի հետ իրենց այգու խնձորներն էին հավաքում։ Սասունի մոտ ցանկություն է առաջացել հորը նկարել խնձոր հավաքելուց։ Դա Վարուժան Առստամյանի վերջին լուսանկարն է, որն արվել է խաղաղ պայմաններում։ 

Արցախի դեմ սկսված ռազմական գործողությունները Սղնախ գյուղի հարակից հատվածներ են տեղափոխվել 2020 թ.-ի հոկտեմբերի վերջին։ Մինչ այդ Վարուժան Առստամյանը գյուղից տեղափոխել էր կնոջը, հարսին։ Բոլորն էլ մտածել են, որ մի քանի օրից, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ էր, իրավիճակը կհանդարտվի և տուն կվերադառնան։ Որոշ փաստաթղթերից և անձնական իրերից բացի, այլ բան չեն վերցրել տնից։ Վարուժան Առստամյանի հայրը՝ Սերգեյ Առստամյանը չի ցանկացել լքել գյուղը։ Հակառակորդն Ավետարանոցը գրավելուց փորձել է առաջանալ դեպի Սղնախ։ Հոկտեմբերի 26-ին Սերգեյ Առստամյանի կամքին հակառակ որդին նրան տեղափոխել է Ստեփանակերտ՝ ապաստարան։ Մինչ այդ, սակայն, Սերգեյ Առստամյանը թոռին ասել է․ «Ինչ լինում է, թող լինի, թող մեր տան մեջ լինի»։

Վարուժան Առստամյանը որդու Սասունի և համագյուղացիների հետ մասնակցել են Սղնախի պաշտպանական մարտերին։ Մարինե Սարգսյանն ամուսնուն վերջին անգամ տեսել է Ստեփանակերտում, երբ Վարուժանը հորը տեղափոխել է քաղաք։

«Միշտ ասել է՝ լավ է լինելու, արխային եղեք։ Նույնիսկ ծնունդն է եղել հոկտեմբերի 26-ին, ասել է՝ պատերազմը հեսա վերջանա միանգամից թոռնիկի ծնունդն էլ, որը երկու օր անց էր, կնշենք։ Հոկտեմբերի 27-ին մի բաժակ սուրճ ենք խմել։ Ինչ-որ բան իրեն ձգում էր, չէր ուզում մնալ Սղնախից հեռու»,- ամուսնու հետ վերջին հանդիպումն ու խոսակցությունը վերհիշեց Մարինե Սարգսյանը։ Կնոջ խնդրանքին, որ մի փոքր մնա, զրուցեն, Վարուժան Առստամյանն արձագանքել է, որ տղաներին չի կարող մենակ թողել։ Արագ վերադարձել է Սղնախ։

Հակառակորդը հոկտեմբերի 28-ին գրոհում է Սղնախի վրա, օրվա կեսին գյուղը բաժանում է երկու մասի՝ ճեղքելով Սղնախն արևելյան մասից։ Այդ ժամանակ զոհվում են գյուղացիներից Սպարտակ Հակոբջանյանը, Համլետ Հայրիյանը և Գառնիկ Սարգսյանը։ Երեկոյան արդեն գյուղն անցնում է հակառակորդի վերահսկողության տակ։ Հոկտեմբերի 29-ի առավոտյան գյուղացիներից կազմված ջոկատը փորձում է դիրքավորվել Շոշ և Սղնախ գյուղերի միջնամասում։ Այդ ժամանակ հակառակորդի հրետակոծությունից վիրավորվում, ապա զոհվում են Վարուժան Առստամյանը, Արմեն Լալայանը, իսկ Գրիգոր Ղահրամանյանը ստացած ծանր վիրավորումից մահանում է նոյեմբերի 7-ին:

Վարուժան Առստամյանը գլխի շրջանում վիրավորում ստանալուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց։ Վիրահատության ենթարկվել։ Անգիտակից վիճակում փորձել են տեղափոխել Երևան՝ կրկին վիրահատելու նպատակով։ Հոկոտմբերի 31-ին Ստեփանակերտ-Երևան ճանապարհի Գորիսի հատվածում Վարուժան Առստամյանը մահացել է։ Հարազատները մեծ դժվարությամբ կարողացել են հոգեհանգստի արարողությանը մասնակցել։ Սղնախն էլ չկար, Ստեփանակերտը հրետակոծության տակ էր, Վարուժան Առստամյանին հուղարկավորել են Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Վարուժան Առստամյանը ծնվել է 1962 թ.-ին Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում։ Զինվորական ծառայությունն անցկացնելով Գերմանիայում՝ վերադարձել է հայրենի գյուղ։ Այնուհետև ստացել է ավտոփականագործի մասնագիտություն և աշխատանքի անցել։ 1988 թ.-ին ընտանիք է կազմել։ Ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան առաջին պատերազմին։ Պարգևատրվել է «Արիության» մեդալով։ «Արցախի ազատամարտիկների միության» անդամ էր։ Վարուժան Առստամյանը երկու որդի և մեկ դուստր ունի։ Առստամյանների ընտանիքն այժմ ժամանակավորապես բնակվում է Ստեփանակերտի թաղամասերից մեկում։

Լուսանկարները՝ Առստամյանների ընտանեկան արխիվի, Անի Ղուլինյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter