HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մրցանակակիր մարզիկներին տրվող միանվագ գումարներն ու անվանական թոշակները կավելացվեն

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը նախագծերի փաթեթ է ներկայացրել, որով առաջարկում է ավելացնել օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին տրվող միանվագ գումարների, պատվովճարների և անվանական թոշակների չափերը։

Կառավարության համապատասխան որոշումների նախագծերը ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ամսական պատվովճարների մասով, ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է օլիմպիական խաղերի չեմպիոններին հատկացնել 300 հազար դրամ՝ նախկին 200 հազարի փոխարեն, արծաթե մեդալակիրներին՝ 200 հազար դրամ՝ նախկին 140 հազարի փոխարեն, իսկ բրոնզե մեդալակիրներին՝ 150 հազար դրամ՝ նախկին 100 հազարի փոխարեն։ Ամսական պատվովճարները կտրամադրվեն մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ։

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նաև կրկնապատկել օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին տրամադրվող անվանական թոշակի չափը։ Օրինակ՝ օլիմպիական խաղերի չեմպիոններին առաջարկվում է տրամադրել 1 միլիոն դրամ անվանական թոշակ՝ նախկին՝ 500 հազարի փոխարեն, իսկ նրա անձնական մարզչին՝ 500 հազար դրամ՝ նախկին 250 հազարի փոխարեն։ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններին նախատեսվում է տրամադրել 700 հազար դրամ անվանական թոշակ՝ նախկին 350 հազարի փոխարեն, իսկ անձնական մարզիչներին՝ 350 հազար դրամ՝ նախկին 175 հազարի փոխարեն։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներին և նրանց անձնական մարզիչներին էլ կհատկացվի համապատասխանաբար 600 հազար (նախկինում՝ 300 հազար) և 300 հազար դրամ (նախկինում՝ 150 հազար)։

Բացի պատվովճարներից և անվանական թոշակներից, հաջողությունների հասած մարզիկները նաև տարեվերջյան միանվագ պարգևատրում են ստանում։ Նախատեսվող փոփոխություններով օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան 25 միլիոն դրամ միանվագ գումար՝ նախկին 20 միլիոնի փոխարեն։ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնները կստանան 20 միլիոն դրամ՝ նախկին 15 միլիոների փոխարեն, իսկ բրոնզե մեդալակիրները կպարգևատրվեն 15 միլիոն դրամով՝ նախկին 10 միլիոնի փոխարեն։

Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ պարգևատրման գումարների ցածր լինելը խոչընդոտ է սպորտի զարգացման համար, ուստի այս փոփոխություններով նախարարությունը նպատակ ունի խրախուսել բարձր նվաճումների հասած հայ մարզիկներին ու նրանց մարզիչներին, ինչպես նաև նպաստել նրանց սոցիալական վիճակի բարելավմանը։

Այս փոփոխությունները դեռևս նախագծի կարգավիճակում են և կարող են ուժի մեջ մտնել միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։

Հիշեցնենք, որ 2021թ․ ամռանը Տոկիոյում կայացած ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճեց 4 մեդալ։ Արծաթե մեդալակիրներ դարձան ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովաննես Բաչկովն էլ արժանացան բրոնզե մեդալների։

Նշենք նաև, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին և մարզիչներին։ Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Լուսանկարում՝ Արթուր Ալեքսանյանը, Տոկիո, 2021թ․ / © UWW / Martin Gabor

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter