HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կառավարությունը խուսափում է տրամադրել ռուսական ուղեկալների տեղադրման մասին տեղեկատվությունը

Կառավարությունը խուսափում է տրամադրել տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղադրվող ռուսական ուղեկալների, դրանց աշխարհագրական կոորդինատների և ապագայում տեղադրվելիք ուղեկալների վերաբերյալ։ Օգոստոսի 23-ին Կառավարությունը, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, ուղեկալների մասով նշել է, որ ռուսական ուղեկալների տեղադրման գործընթացը կարգավորվում է ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայությունների միջև իրականացվող համագործակցության շրջանակներում։

«Հետք»-ը դեռ 2021 թվականի օգոստոսի 5-ին գրել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։ Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանել էր․ «Իրավունք ունեն»։ Ճշտող հարցին, թե ի՞նչ իրավունքով են ռուս զինծառայողներն այնտեղ, ի՞նչ են նրանք որոշում՝ մարզպետը չէր պատասխանել և հեռախոսն անջատել էր։

Արդեն օգոստոսի 11-ին Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանն էլ «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ Ազատամուտ գյուղում տեղադրվում է սահմանային ուղեկալ, իսկ Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում դրանք կտեղադրվեն մի փոքր ուշ։ Հարցին, թե ինչու են ռուս սահմանապահները տեղակայվում Տավուշում, Բեգինյանը պատասխանել էր. «Մարզային ղեկավարության խոսքով, վարչապետն էլ իր խոսքում նշեց, որ ամբողջ Հանրապետության տարածքում պիտի տեղակայվեն։ Իրենց ասելով՝ անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի սահմանային խախտումներ չլինեն»:

Կառավարությանն ուղղված հարցման մեջ մենք խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն տեղադրված և տեղադրվելիք ռուսական սահմանային ուղեկալների մասին՝ մասնավորապես՝ խնդրելով տրամադրել դրանց տեղակայման աշխարհագրական կոորդինատները։ Նպատակը հասկանալն էր՝ արդյոք դրանք տեղադրվել են չեզոք գոտում, թե՞ հայկական տարածքում։ Կառավարությունը խուսափել է տրամադրել այդ տեղեկատվությունը։ Խնդիրն այն է, որ Ոսկեպարում և Ազատամուտում ուղեկալները տեղադրվել են հայկական տարածքում, այլ ոչ թե չեզոք գոտում, ինչից անհասկանալի է, թե ռուսական սահմանապահները դիտարկելու են միջդիրքային հատվա՞ծը, թե՞ դեպի Վրաստանի սահման տանող միջպետական մայրուղին։

Նույնաբովանդակ հարցում մենք ուղարկել էինք նաև Արտաքին գործերի նախարարությանն ու Պաշտպանության նախարարությանը։ ՊՆ-ից հայտնել էին, որ իրենք ռուսական սահմանային ուղեկալների մասով չեն զբաղվում, իսկ այդ հատվածներում մարտական ծառայությունը շարունակում են իրականացնել ՀՀ զինված ուժերը։ ՊՆ-ի պատասխանից ենթադրվում է, որ այդ հարցով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը, ուստի հարցում ենք ուղարկել նաև Ծառայությանը։

Տարօրինակն այն է, որ այս հարցով կարծես թե փոխգործակցություն չկա պետական մարմինների միջև։ Մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարությունն իր պատասխանում այս հարցով իրավասու մարմին է նշել Պաշտպանության նախարարությանը, այնինչ ՊՆ-ն փաստորեն չի զբաղվում այդ հարցով։

Մենք նաև հարցրել էինք, թե ինչ փաստաթղթի շրջանակներում են Տավուշի մարզի սահմանային հատվածներում տեղադրվում ռուսական սահմանային ուղեկալներ։ Ինչպես ժամանակին անորոշ պատասխան էր տվել Արտաքին գործերի նախարարությունը, այնպես էլ հիմա Կառավարությունը կրկնում է նույնը. հայ-ադրբեջանական շփման գծի մոտ ռուսական ուղեկալների տեղակայումն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև 1991 թվականից ի վեր համագործակցության տարբեր ուղղություններով ստորագրված և գործող իրավապայմանագրային լայն բազայի հիման վրա։

ՀՀ պետական սահմանին ռուսական սահմանապահ ծառայության տեղակայումը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրով։ Մինչ այս, ռուսական սահմանապահ ուժերը տեղակայված են եղել հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։ Հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական սահմանապահ ուժերի տեղակայումն իրականացնելու համար պետք է փոփոխություններ արվեին վերը նշված պայմանագրում։ Սակայն նման բան տեղի չի ունեցել, որը պետք է վավերացվեր Ազգային ժողովի կողմից։ Թե ինչ հիմքով են տեղակայվել այդ ուղեկալները, մնում է անհայտ։

Պայմանագրի խախտման մասին «Հետք»-ը գրել էր դեռ նախորդ տարվա նոյեմբերին և այս տարվա հունվարին, երբ Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական շփման գծում տեղակայվել էր՝ հինգ, իսկ այնուհետ՝ վեց նոր հենակետ։ Ստացվում է, որ թե՛ հայկական կողմից, թե՛ ռուսական շարունակաբար խախտվում է այդ պայմանագիրը՝ առանց դրանում փոփոխություններ անելու։ 

Լուսանկարում՝ արխիվային/ՌԴ Խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները/ՌԴ ՊՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter