HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱԱԾ-ն հրաժարվում է տեղեկատվութուն տրամադրել ռուսական սահմանային ուղեկալների վերաբերյալ

Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուսական սահմանային ուղեկալների, դրանց աշխարհագրական կոորդինատների և ապագայում տեղադրվելիք ուղեկալների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ԱԱԾ-ն՝ Հետքի հարցմանն ի պատասխան։

Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունը չի տրամադրում տեղեկատվություն այն մասին, թե որն է պատճառը, որ Տավուշի մարզի Ոսկեպար և Ազատամուտ գյուղերում ռուսական սահմանային ուղեկալները տեղադրվել են հայկական տարածքում, այլ ոչ՝ չեզոք գոտում կամ արդյոք ԱԱԾ-ն հաստատում է այն տեղեկատվությունը, որ Ազատամուտ գյուղում սահմանային ուղեկալը տեղադրվել է ժամանակին Ադրբեջանի ԽՍՀ-ին պատկանող Սոֆուլու և Բարխուդարլու բնակավայրերի մոտ։

ԱԱԾ-ն հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել նաև առաջիկայում տեղադրվելիք ռուսական սահմանային ուղեկալների, մասնավորապես, դրանց տեղանքի մասով՝ պնդելով, որ տեղեկատվությունը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք։ 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ փաստաթղթի շրջանակներում են Տավուշի մարզի սահմանային հատվածներում տեղադրվում ռուսական սահմանային ուղեկալներ, ԱԱԾ-ն ևս, ինչպես ՊՆ-ն ու ԱԳՆ-ն, լղոզված պատասխան է տալիս՝ նշելով, որ ռուսական ուղեկալների տեղադրման գործընթացը կարգավորվում է ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայությունների միջև իրականացվող համագործակցության շրջանակներում։ 

Դեռ օգոստոսի 24-ին գրել էինք, որ Կառավարությունը ևս հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել այս հարցով։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սահմանային ուղեկալների հարցն իր իրավասությունների տիրույթում չէ, իսկ այդ հատվածներում մարտական ծառայությունը շարունակում են իրականացնել ՀՀ զինված ուժերը։

Տարօրինակը շարունակում է մնալ այն, որ այս հարցով կարծես թե փոխգործակցություն չկա պետական մարմինների միջև։ Մասնավորապես, Արտաքին գործերի նախարարությունը ժամանակին մեր հարցմանը պատասխանել էր, որ այս հարցով իրավասու մարմին է Պաշտպանության նախարարությունը, այնինչ ՊՆ-ն, փաստորեն, չի զբաղվում այդ հարցով՝ փոխարենը առաջարկելով դիմել Ազգային անվտանգության ծառայությանը։ ԱԱԾ-ն էլ հաճախ «պետական կամ ծառայողական գաղտնիք» անվան տակ հրաժարվում է տրամադրել տեղեկատվությունը։ 

Շարունակում է անհասկանալի մնալ նաև այն իրավական հիմքը, որով տեղադրվում են ռուսական սահմանային ուղեկալները։ ՀՀ պետական սահմանին ռուսական սահմանապահ ծառայության տեղակայումը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրով։

Մինչ այս, ռուսական սահմանապահ ուժերը տեղակայված են եղել հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։ Հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական սահմանապահ ուժերի տեղակայումն իրականացնելու համար պետք է փոփոխություններ արվեին վերը նշված պայմանագրում։ Սակայն նման բան տեղի չի ունեցել, որը պետք է վավերացվեր Ազգային ժողովի կողմից։ Թե ինչ հիմքով են տեղակայվել այդ ուղեկալները, մնում է անհայտ։

Պայմանագրի խախտման մասին «Հետք»-ը գրել էր դեռ նախորդ տարվա նոյեմբերին և այս տարվա հունվարին, երբ Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական շփման գծում տեղակայվել էր՝ հինգ, իսկ այնուհետ՝ վեց նոր հենակետ։

Ստացվում է, որ թե՛ հայկական կողմից, թե՛ ռուսական շարունակաբար խախտվում է այդ պայմանագիրը՝ առանց դրանում փոփոխություններ անելու։

Լուսանկարը՝ Karen Minasian/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter