HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Pfizer պատվաստանյութը Հայաստանում կլինի սեպտեմբերի կեսին, եթե ուշացումներ չլինեն

Հուլիսի 29-ին Կառավարության նիստին Առողջապահության նախարարությունը պահուստային ֆոնդից 3 մլրդ 459 մլն դրամ է ստացել՝ կորոնավիրուսի համար նոր պատվաստանյութեր ձեռք բերելու նպատակով։ Այդ գումարով նախատեսվել էր ձեռք բերել չինական Sinopharm և ամերիկա-գերմանական Pfizer-Biontech պատվաստանյութերը, որոնցով, ըստ նախարարության, պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (ընդհանուր ձեռք է բերվելու 500 000 դեղաչափ՝ 250 000 անձի համար՝ 2 դեղաչափով):

Օգոստոսի 18-ին Հայաստան է ներկրվել 200 000 դեղաչափ Sinopharm՝ 100 000 անձի համար (պատվաստանյութը ստանում են 2 դեղաչափով, 3-4 շաբաթ միջակայքով)։ Sinopharm-ը ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության` արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

Նախնական տվյալներով` Pfizer-ը Հայաստանում կլինի սեպտեմբերի կեսերին. Առողջապահության նախարարությունն իր պարտավորությունները կատարել է և սպասում է պատվաստանյութի մատակարարմանը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

«Նախարարությունն ամեն ինչ անում է, որ պայմանավորվածության շրջանակներում, նաև՝ ժամկետային առումով, Հայաստանում լինի պատվաստանյութը, բայց շատ բաներ` տեղափոխման հետ կապված, մեր տիրույթում չեն,- ասաց Հ. Խաչատրյանը։- Պայմանավորվածությունը կա, հստակ է, մենք սպասում ենք։ Սեպտեմբերի կեսը նախնական ժամկետն է, արդեն կտեսնենք։ Հնարավոր է, որ մի փոքր ուշացում լինի, որովհետև աշխարհում պատվաստանյութերի քանակի հետ կապված խնդիրը միշտ առկա է։ Մեր կողմից ամեն ինչ արված է, մենք սպասում ենք, թե երբ կլինի, նախնական ժամկետը սեպտեմբերի կեսն է, բայց ամեն տեղ էլ ժամկետի ուշացումներ լինում են, դա այս պարագայում նորմալ է»։

Ժամկետային շեղումները, ըստ նրա, պայմանավորված են աշխարհում տիրող ընդհանուր իրավիճակով՝ պատվաստանյութերի սակավությամբ և նախնական պայմանավորվածություններով։

Ինչպես մնացած պատվաստանյութերի դեպքում, Pfizer-ը ևս հասանելի կլինի բոլոր ցանկացողներին, և տարիքային կամ խմբային սահմանափակումներ չեն լինի։ Նշենք, որ Pfizer պատվաստանյութը ևս ներարկվում է 2 դեղաչափով, նվազագույն միջակայքը 21 օր է, առավելագույնը՝ 42 օր։ 

Հայաստանը ԱՀԿ Covax Facility հարթակի մասնակից է, և պատվաստանյութերի մի մասը ձեռք է բերում այդ շրջանակներում, երբ հասանելիության պատուհան է բացվում։ Դեռևս այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանն ունեցել է 15 000 դեղաչափ (7500 հոգու համար, հեղ.) Pfizer բերելու հնարավորություն, սակայն, քանի որ պատվաստանյութը պահանջում է տեղափոխման հատուկ պայմաններ, իսկ Հայաստանը չի ունեցել սառցային շղթան ապահովելու միջոցներ՝ հատուկ սառնարաններ, պատվաստանյութը ձեռք չի բերվել։

Moderna-ի «պատուհան» մինչ օրս դեռ չի բացվել, սակայն առաջիկայում՝ մինչև աշնան վերջ, Հայաստանը կգնի 50 000 դեղաչափ ամերիկյան Johnson and Johnson պատվաստանյութից (որը մեկ դեղաչափով է օգտագործվում, այսինքն՝ նախատեսված է հենց 50 000 հոգու համար, հեղ.) և մոտ 300 000 դեղաչափ ամերիկյան Novavax պատվաստանյութ՝ 150 000 հոգու համար։

Այս պահին Հայաստանում պատվաստանյութերից առկա է չինական Sinopharm-ը, ռուսական Sputnik V-ն՝ երկրորդ դեղաչափ ստացողների համար և անգլո-շվեդական AstraZeneca-ն։ ԱՆ խոսնակն ասում է՝ պատվաստանյութի խնդիր այս պահին Հայաստանում չկա, մարդիկ «ազատ պատվաստվում են»։

Սեպտեմբերի 5-ի դրությամբ՝ Հայաստանում պատվաստվել է 303 325 հոգի, որից առաջին դեղաչափը ստացել է 195 280 մարդ, երկրորդը՝ 105 035։

Վերջին տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 245 264 դեպք, որից 229 559-ը՝ առողջացած, 4924-ը` մահվան ելքով: Կորոնավիրուս ունեցող, բայց այլ հիվանդություններից մահացածների թիվը 1164 է։

 

Գլխավոր լուսանկարը՝ ©REUTERS /Դադո Ռուվիչ /Dado Ruvic

Մեկնաբանություններ (5)

Լուսինե
Բարև ձեզ։ Առողջապահության նախարարությունը այդպես էլ չստացավ Pfizer-ի պատվաստանյութը, ասում են չգիտենք կգա թե չի գա։ Սակայն հարցիս, թե պահուստային ֆոնդից դուրս գրած 3 մլրդ դրամը ի՞նչ եղավ, զարմացած հարցրեցին ի՞նչ գումար։ Երբ ասացի, որ կարդացել եմ Հետքում, պատասխանը փողվեց, և դուրս եկավ, որ պարզապես ժամկետներն են անորոշ, բայց կստանանք։ Հարգելի Հետք, միգուցե մի հատ էլ հոդված գրեք, պարզաբանում ուզեք նախարարությունից այդ գումարի վերաբերյալ, և պատվաստանյութը գա Հայաստան)
Hetq
Those readers inquiring about vaccine delivery dates should directly call the Ministry of Health -(+374 60) 80-80-03 /2301 or 2302
Mario Bablanian
Hello, please if you could inform me when pfizer vaccines are ready in Armenia, as I am searching to get vaccinated but it still seems to be not available in Yerevan. Thanks in advance
Nara Okonyan
Is there any update about the Pfizer vaccine? According to the MoH Spokesperson vaccine was expected in mid-September but still no news.
Harout Dinkjian
Hi How can we know when the fizer arrives cz I want to take it is thier any way you can make me email when it's done Thank you q

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter