HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օֆշորներում թափառող հայկական հանքերը

2012 թ. հոկտեմբերի 26-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը, որը պատկանում է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, անգլերեն գովազդ հրապարակեց բրիտանացի ներդրողների կողմից առաջիկայում Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում կատարելիք ներդրումների մասին: Դրա նախորդ օրը «ՀԺ»-ն հրապարակվել էր գովազդի հայերեն տարբերակը, բայց ուշադրության արժանի էր ոչ միայն այն, որ օրաթերթը անգլերեն գովազդ, որպես կանոն, չի հրապարակում, այլեւ գովազդ-հայտարարության մեջ առկա ազգանուններից մեկը՝ սըր Թոնի Բոլդրի (Sir Tony Baldry, 2012-ից ունի ասպետի կոչում), որը բրիտանական խորհրդարանի պատգամավոր էր 1983-2015 թթ. եւ ներկայանում էր որպես ներդրողների ղեկավար անդամ: Հասկանալի է, որ բրիտանացի ներդրողները հայտարարությունը հրապարակել էին հայաստանցի գործընկերների միջոցով: Իսկ ո՞վ էր վերջիններիս «ղեկավարը»: Այն ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2007-2017 թթ.) Վարդան Այվազյանը, որը մինչ այդ՝ 2001-2007 թթ., բնապահպանության նախարարն էր:

«Հետքի» ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպիսի բիզնես հարաբերություններ ու գործարար ցանց է ստեղծել նախկին բարձրաստիճան այս պաշտոնյան բրիտանացի գործընկերների հետ, որոնք Հայաստանում «բիզնես են դրել» օֆշորային ընկերությունների միջոցով:

Օֆշորային «դրախտի» հետ կապեր ունի նաեւ Վ. Այվազյանի մերձավոր շրջապատը, սակայն կոնկրետ այս հոդվածում կպատմենք Այվազյանի ու բրիտանացիների հանքարդյունաբերական մի քանի նախագծերի մասին, որոնց վերաբերյալ օֆշորային փաստաթղթեր են արտահոսել:

«Pandora Papers». նոր արտահոսք օֆշորային գոտիներից

Նշված փաստաթղթերը ստացել ենք մեր գործընկերներից՝ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումից (International Consortium of Investigative Journalists, ICIJ): Դրանք արտահոսած փաստաթղթեր են տարբեր օֆշորային գոտիներից: Ամբողջ թղթապանակը, որը լրագրողներն անվանել են «Pandora Papers», կոնսորցիումի կողմից երբեւէ հրապարակված ամենածավալուն փաթեթն է: 

sev.png (66 KB)

Ահա «Pandora Papers»-ի եւ նախկինում ICIJ-ի կողմից հրապարակված մյուս թղթապանակների համեմատությունը՝ ներառյալ ծավալը բայթերով եւ փաստաթղթերի թիվը:

Փաստաթղթերն ուսումնասիրել է ավելի քան 600 լրագրող աշխարհի 117 երկրից ու տարածքային միավորից: Հայաստանից նախագծին մասնակցում է «Հետքի» թիմը: «Pandora Papers»-ում առկա ընկերություններն (ավելի քան 27 հազ. հատ) ու դրանց սեփականատերերը (շուրջ 30 հազ. մարդ) կապ ունեն աշխարհի ավելի քան 200 երկրի եւ տարածքային միավորի հետ, ինչը խոսում է արտահոսած փաստաթղթերի աշխարհագրական շատ մեծ մասշտաբի մասին: 2,94 տերաբայթ ծավալով թղթապանակում կան նաեւ ընկերությունների վերջնական շահառու սեփականատեր (ultimate beneficial owner, UBO) հանդիսացող հայերի անուններ, այդ թվում՝ պաշտոնյաների ու գործարարների, նրանց փոխկապակցված անձանց:

Բրիտանական ներդրումները «գալիս են» Հայաստան

2012-ի հոկտեմբերին բրիտանացի ներդրողները «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակած հաղորդագրությամբ հայտարարեցին, որ 2013-ի սկզբին պատրաստվում են շահագործել երկու նախագիծ՝ Բազումի երկաթի հանքավայրը Լոռու մարզում եւ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրը Վայոց Ձորում: Ըստ հայտարարության՝ նախագծերի իրականացման համար պետք է ներդրվեր մինչեւ 400 մլն դոլար, ստեղծվելու էր 5000 աշխատատեղ: «Նախագիծը Հայաստանի տնտեսության համար կստեղծի նաեւ սպասարկող ենթակառուցվածք՝ էներգացանց, երկաթուղային գծեր, քիմիական գործարաններ եւ այլն: Զգալի ֆինանսական աջակցություն է ներգրավվելու Սաուդյան Արաբիայի «Al-Dhowayan Group» ներդրումային ընկերության կողմից, որը նույնպես նախագծի գործընկերներից է»,- ասվում էր հայտարարության մեջ:

Բրիտանական ներդրումները Հայաստան էին մտնելու «ՎայքԳոլդ» եւ «Սուրարտ» տեղական ընկերությունների միջոցով, որոնցից առաջինը, ըստ «ՀԺ»-ում հրապարակված հաղորդագրության, այդ պահին արդեն դիմել էր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն՝ Ազատեկի հանքի շահագործման վերաբերյալ արդյունաբերական եւ բնապահպանական առաջարկներով, իսկ «Սուրարտը» Բազումի հանքի հետախուզման (ուսումնասիրության) լիցենզիա ուներ: Ըստ հայտարարության՝ հանքավայրերի կառավարիչ ընկերություններն էին լինելու «Coeur Gold Armenia Ltd»-ն եւ «Bazum Steel Ltd»-ն, որոնք «ՎայքԳոլդի» ու «Սուրարտի» մայր ձեռնարկություններն էին:

Իրականում, սակայն, 2012-ի հոկտեմբերին, համաձայն ՀՀ պետռեգիստրի, հայկական ընկերությունները դեռեւս ամբողջությամբ պատկանում էին Վարդան Այվազյանին ու նրա մերձավոր շրջապատին: Մյուս կողմից՝ նշված կառավարիչները օֆշորային ընկերություններ էին, չնայած այդ մասին նշում չկար. «Coeur Gold Armenia»-ն՝ Սեյշելներից, իսկ «Bazum Steel»-ը՝ Բելիզից:

Գովազդ-հայտարարության մեջ անդրադարձ կա նաեւ բրիտանացի ներդրողների տեղական գործընկերներին, սակայն անուններ չեն նշվում: Այս դեպքում կարող ենք ընկալել, որ խոսքը «ՎայքԳոլդի» եւ «Սուրարտի» տերերի, մասնավորապես՝ Վարդան Այվազյանի մասին է: Ահա, թե ինչ ենք կարդում. «Հայկական գործընկերները մեծ ներդրում կունենան նախագծի մեջ երկրաբանական եւ հանքարդյունաբերության փորձի շնորհիվ, համոզված է «Coeur Gold Armenia Ltd» եւ «Bazum Steel Ltd» ընկերությունների կառավարման խորհրդի անդամներից մեկը՝ սըր Թոնի Բոլդրին, ով Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ է: «Մենք հետաքրքրված ենք Լոնդոնի ֆինանսական կառույցներում գումարներ հայթայթել՝ նախագծեր կյանքի կոչելու համար,- ասաց նա:- Հույս ունենք՝ կկարողանանք դա անել հաջորդ տարվա սկզբին. ժամանակի հարցը կապված է աշխատանքի համար անհրաժեշտ թույլտվություններ ստանալու հետ»»:

Ըստ հաղորդագրության՝ բրիտանացիները նախատեսում էին ներդրումներ անել ոչ միայն հանքարդյունաբերության մեջ, այլեւ ուրիշ նախագծերում, որոնք հեռանկարում պիտի միավորվեին արդյունաբերական կլաստերի մեջ: Եվս մի հատված «ՀԺ»-ում տպագրվածից. ««Դեռ վաղաժամ է խոսել, թե ինչ նախագծեր են դրանք լինելու, սակայն մենք չենք ցանկանում մաքսիմալ եկամուտներ քաղել մեկ-երկու նախագծից: Մենք այստեղ ենք գալիս երկար ժամանակով. այստեղից էլ բխում են մեր ընդլայնման նպատակները: Մենք մտադիր ենք իրագործել դրանք քայլ առ քայլ, եթե մեր սկզբնական ներդրումներով մեզ հարմարավետ զգանք Հայաստանում: Այս տեսակետից ընդլայնման միտումը շատ բնական է»,- ավելացրեց ընկերությունների խմբի ռազմավարության գծով տնօրեն Նաթան Լոուրին: Այս տեսլականի ներքո ներդրողներն արդեն հանդիպել են Վանաձորի քիմկոմբինատի ղեկավարության հետ, որտեղ քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները»: 

Ինչու՞ չիրականացավ «Սուրարտի» նախագիծը

«Սուրարտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005-ի նոյեմբերին: Միակ սեփականատերն ու տնօրենը եղել է այն ժամանակ բնապահպանության նախարար Վ. Այվազյանի ավագ որդին՝ Սուրեն Այվազյանը (ընկերության անվանումն էլ նրա անունից է առաջացել): 2007-ի հունվարին նա իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է երեւանցի Սուրեն Բադալյանին, որն իր հերթին 2008-ի հուլիսին ընկերությունը հետ է փոխանցել Ս. Այվազյանին, վերջինս էլ 2011-ի հունվարին ՍՊԸ-ն հանձնել է հորը, որն արդեն ԱԺ պատգամավոր էր իշխող ՀՀԿ-ից: Այվազյանները հաշվառված են Չարենցավան քաղաքում, բայց փաստացի բնակվում են Վահագնի թաղամասում: Մինչեւ 2007 թ. «Սուրարտը» գրանցված էր Երեւանում՝ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի օգնական Տիգրան Քրմոյանի բնակության հասցեում, իսկ հետո տեղափոխվեց Չարենցավան (բայց ոչ Այվազյանների հասցե):

New Project.png (555 KB)

Վարդան Այվազյան

2011-ի մայիսին Բելիզի մայրաքաղաք Բելմոպանի նույն հասցեում գրանցված երկու ընկերություններ փայատեր դարձան պատգամավոր Այվազյանի ընկերությունում: «Սուրարտի» 60 %-ը անցավ «Bazum Steel Ltd»-ին, 21 %-ը՝ «Bazum Mining Operations»-ին, իսկ 19 %-ը մնաց Վարդան Այվազյանին: Սակայն օֆշորային ընկերությունները երկար չմնացին այստեղ եւ արդեն 2011-ի հոկտեմբերին դուրս եկան «Սուրարտից»՝ դրա 100 %-ը նորից թողնելով Այվազյանին: Մեզ չի հաջողվել պարզել, թե կոնկրետ ովքեր էին բելիզյան ընկերությունների իրական սեփականատերերը այդ ժամանակ, սակայն 2011-ին արձանագրված նրանց կարճ մասնակցությունը «Սուրարտում» այդքանով չավարտվեց:  

Նկատենք, որ այդ ժամանակ «Սուրարտը» Բազումի հանքի ուսումնասիրման լիցենզիա ուներ, որը ստացել էր 2008-ի փետրվարին եւ ուժի մեջ էր մինչեւ 2012-ի դեկտեմբեր: Այսինքն՝ 2012-ի հոկտեմբերի դրությամբ, երբ բրիտանացիները հայտարարում էին իրենց առաջիկա ներդրումների մասին, «Սուրարտը» Բազումի հանքի հանդեպ իրավունքներ ուներ:

2013-ի մարտին, ըստ ՀՀ պետռեգիստրի, «Bazum Steel Ltd»-ն Վարդան Այվազյանից ամբողջությամբ ձեռք է բերել «Սուրարտ» ՍՊԸ-ն եւ մինչ օրս դրա միակ սեփականատերն է, սակայն տնօրենը դեռ Այվազյանի ժամանակներից՝ 2008-ից, երեւանցի Աշոտ Հովհաննիսյանն է, ով նախկին պաշտոնյայի մերձավորներից է: Մեր հարցին, թե արդյոք նախկին պաշտոնյան ներկայում կապ ունի «Սուրարտի» հետ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախկինում երեւի կապ է ունեցել, բայց էս վերջում չկա»:

ICIJ-ը հարցեր է ուղղել բրիտանացի նախկին պատգամավոր Թոնի Բոլդրիին, որը, ինչպես նշվել է ներդրողների գովազդում, «Coeur Gold Armenia Ltd» եւ «Bazum Steel Ltd» ընկերությունների կառավարման խորհրդի անդամ էր:

baldry transparent.png (897 KB)

Թոնի Բոլդրի

Բրիտանացի գործիչը նշել է, որ, իր հիշելով, «Bazum Steel Ltd»-ի խորհրդի անդամ է եղել 2012-2014 թթ., ինչից հետո այլեւս կապ չի ունեցել ընկերության հետ: Միաժամանակ, ըստ նրա, դրա սեփականատեր չի եղել: Բոլդրիի ասելով՝ ինքը Հայաստանում եղել է մեկ անգամ՝ մոտավորապես 2012-ին, ու այցելել Բազումի հանքավայր: Նկատել է, թե երկրաբանական փաստաթղթերում նշվում էր հանքում առկա զգալի պաշարների մասին, եւ առավելություն էր այն, որ հարեւանությամբ կա գործող երկաթգիծ (Երեւան-Գյումրի-Վանաձոր-Թբիլիսի): Այդուհանդերձ, ըստ Բոլդրիի, ծրագիրը դեռ նախնական փուլում էր, ու չնայած, իր իմանալով, առկա էին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ արդյունահանում կատարելու համար (իրականում ընկերությունը շահագործման լիցենզիա այդպես էլ չի ստացել), նախագիծն իրականություն չդարձավ, քանի որ երկաթի համաշխարհային գները փլուզվեցին, ինչը նշանակում էր, որ անհնար է Լոնդոնի ֆոնդային բորսայից անհրաժեշտ ներդրումներ ներգրավել զգալի ենթակառուցվածքներ պահանջող նախագծի համար (բորսայից գումար ստանալու ճանապարհը բաժնեմասերի ցուցակումն էր այնտեղ, բայց բանը դրան չհասավ):

«Սուրարտի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ Բազումի հանքում պաշարներ կային, բայց երկաթի գներն այնքան ցածր էին, որ եթե Հայաստանում հանքաքարից խտանյութ ստանային ու հետո Վրաստանի տարածքով ու Սեւ ծովով արտահանեին Եվրոպա, ինքնարժեքը բարձր էր լինելու, ու ծրագիրն իրեն չէր արդարացնելու:

«ՀԺ»-ում հրապարակված հայտարարության մասին էլ Թոնի Բոլդրին ICIJ-ին ասել էր, թե տեղյակ չէ դրանից, իսկ 400 մլն դոլար ներդրումների ու 5000 աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ նշել էր. «Դա վաղ փուլում գտնվող նախագիծ էր, եւ ես խիստ կասկածում եմ, որ այդ պահին ինչ-որ մեկը կարող էր խելամտորեն կանխատեսել աշխատողների մոտավոր թիվն ու դրա վերջնական արժեքը»: Փաստորեն, Հայաստանում կատարելիք ներդրումների մասին հնչեղ հայտարարություն անելուց տարիներ անց նախկին ներդրողներից մեկը պարզ ասում է, որ այդպիսի թվեր հնչեցնելը խելամիտ չէր: Երբ մենք նրան ուղարկեցինք «ՀԺ»-ում տպված գովազդի լուսանկարը, որտեղ նաեւ իր իսկ խոսքերն էին, բրիտանացին, մեծ հաշվով, կրկնեց նույն մտքերը, ինչ ասել էր մինչ այդ՝ շրջանցելով տրված մեծ խոստումները ներդրումների, աշխատատեղերի, արդյունաբերական կլաստեր ստեղծելու մասին:

Չնայած հայտարարության մեջ նույն Բոլդրին խոսում էր հայկական գործընկերների դերի մասին, Վարդան Այվազյանի վերաբերյալ հարցին պատասխանել է այսպես. «Որքան հիշում եմ, երբեւէ չեմ հանդիպել Վարդան Այվազյանին, չեմ ճանաչում այդ անունը»: Սա առնվազն տարօրինակ է ոչ միայն այն պատճառով, որ «Սուրարտն» այն ժամանակ հենց Այվազյանին էր պատկանում, այլեւ այն պատճառով, որ այդ ընթացքում բրիտանացի պատգամավոր Բոլդրին Հայաստան է եկել ու Բազումի հանքավայր այցելել առանց մեր երկրում Միացյալ Թագավորության դեսպանության իմացության, ինչը, թերեւս, նշանակում է, որ այցը կայացել է հայ գործընկերների աջակցությամբ, իսկ վերջիններիս գլխավոր դեմքը հենց Այվազյանն էր:  

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունից «Հետքին» հայտնել են, որ իրենք տեղյակ չեն Ազատեկում եւ Բազումում բրիտանացի ներդրողների հանքարդյունաբերական ծրագրերի եւ այն ժամանակ պատգամավոր Բոլդրիի հնարավոր այցի մանրամասներից: Իր հերթին «Սուրարտի» տնօրենը մեզ հետ զրույցում այդպես էլ չմտաբերեց Թոնի Բոլդրի անունով անձի՝ ասելով, որ նման մարդու չի ճանաչում:

Պետեկամուտների կոմիտեի հարկ վճարողների համակարգի համաձայն՝ ներկայում «Սուրարտ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Ինչ վերաբերում է Բազումի երկաթի հանքին, ապա այս պահին որեւէ ընկերություն դրա հանդեպ ուսումնասիրության կամ շահագործման իրավունք չունի:

Բայց բանից պարզվում է՝ Այվազյանների հետաքրքրությունն այս հանքի հանդեպ չի մարել: 2016-ի սեպտեմբերին Երեւանում հիմնադրված «Այրն Մայնինգ» ՍՊԸ-ն նույն տարվա դեկտեմբերին դիմել էր էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն՝ Բազումի հանքում ուսումնասիրություն կատարելու համար: 2017-ի մարտին ՍՊԸ-ն նման իրավունք էր ստացել 3 տարի ժամկետով: «Այրն Մայնինգը» հիմնադրել են Այվազյանների մերձավորները, իսկ 2018-ի մարտից միակ փայատերը Սուրեն Այվազյանն է, ով փոխարինել է երեւանցի Արտաշես Կակոյանին:   

«ՎայքԳոլդ». մութ պատմություն   

«ՎայքԳոլդ» ՍՊԸ-ն 2012-ի հունիսին հիմնադրել են Վարդան Այվազյանը (20 %), որն այն ժամանակ ԱԺ պատգամավոր էր, ու երեւանցի Աշոտ Հովհաննիսյանը (80 %), որը նաեւ ընկերության տնօրենն է: Հովհաննիսյանը, որը մինչ օրս նաեւ «Սուրարտի» տնօրենն է, ժամանակին եղել է Այվազյանին փոխկապակցված «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի տնօրենը, այլ կերպ ասած՝ նախկին պաշտոնյայի «մարդն» է: Հենց Հովհաննիսյանի հաշվառման հասցեում է գրանցվել «ՎայքԳոլդը»:

2012-ի նոյեմբերին տնօրեն Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել այն ժամանակվա էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ Վայոց Ձորի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործելու մասին: «ՎայքԳոլդին» այդ իրավունքը տրվել է 25 տարով՝ մինչեւ 2037 թ.:

DJI_0220.00_05_46_17.Still0.jpg (714 KB)

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ազատեկի հանքավայրի մարվող հանքաքարի ընդհանուր ծավալը 6.818.000 տոննա է, տարեկան արդյունահանման ծավալը՝ 300.000 տոննա: 6,8 մլն տոննա հանքաքարի մեջ մետաղների պարունակությունը գնահատվել է այսպես. ոսկի՝ 17.481 կգ (17 տ), արծաթ՝ 397 տ, ծարիր՝ 5.000 տ, պղինձ՝ 13.200 տ, ցինկ՝ 18.800 տ, կապար՝ 37.200 տ:

Պայմանագրի ստորագրումից 6 տարի անց՝ 2018-ի նոյեմբերին, երբ քաղաքական փոփոխություններից հետո Հայաստանում նոր կառավարություն էր գործում, գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով:

Ըստ դատախազության հաղորդագրության՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ անտեսելով օրենքի պահանջները, 2009-ի ապրիլին հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր են կնքել ՓԲԸ-ի հետ: Չնայած դատախազությունը անուններ չի նշում, խոսքը հայկական «Ազատեկգոլդ» ՓԲԸ-ին Ազատեկի հանքի շահագործման լիցենզիա տալու մասին է, իսկ նախարարն այն ժամանակ (2008-2014 թթ.) Արմեն Մովսիսյանն էր (մահացել է 2015-ին): Դատախազությունը հայտնել է, որ 2011-ի մարտին ՓԲԸ-ի շահագործման իրավունքը դադարեցվել է պայմանագրային պարտավորություններն ու օրենսդրության պահանջները խախտելու պատճառաբանությամբ, ինչից հետո նախարարության պաշտոնյաները, չարաշահելով իրենց դիրքն ու հիմք ընդունելով փաստացի ուժը կորցրած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը եւ վերջինիս վերաբերյալ ԲՆ-ի տված անհիմն պաշտոնական պարզաբանումը, առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության, 2012 թ. նոյեմբերին հանքի շահագործման իրավունքը տվել են մեկ այլ ՍՊԸ-ի: Դատախազությունն այստեղ նկատի է ունեցել հենց «ՎայքԳոլդին»:

Փաստորեն, ըստ դատախազության, «Ազատեկգոլդը» 2009-ին լիցենզիա էր ստացել օրենսդրության խախտմամբ, սակայն նույնը 2012-ին եղել է «ՎայքԳոլդի» պարագայում: Նկատենք, որ 2011-ին լիցենզիայից զրկվելուց հետո «Ազատեկգոլդը» դատի էր տվել Արմեն Մովսիսյանի ղեկավարած նախարարությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել նախարարի համապատասխան հրամանը: Վարչական դատարանը բավարարել էր հայցը, սակայն նախարարությունը դիմել էր վերաքննիչ ատյան, եւ վերջինս բեկանել էր ստորին ատյանի վճիռը, իսկ վճռաբեկը հանքարդյունաբերողի բողոքը երկու անգամ վերադարձրել էր՝ ուժի մեջ թողնելով նախարարության օգտին կայացված վերաքննիչի որոշումը: Դատական գործընթացն ավարտվել է 2012-ի հոկտեմբերին, իսկ արդեն նոյեմբերին Ազատեկի շահագործման իրավունքը հանձնվել է Վարդան Այվազյանի ընկերությանը:

Ըստ գլխավոր դատախազության՝ ապօրինի ճանապարհով «ՎայքԳոլդին» լիցենզիա տալը վերջինիս առնչվող միակ դրվագը չէ. եւս մեկը՝ կապված օգտակար հանածոների արդյունահանման հետ, տեղի է ունեցել 2017-ին, սակայն դրան կանդրադառնանք քիչ ավելի ուշ:

Մինչ այդ՝ 2013-ի հունվարին, Վ. Այվազյանն իր 20 %-ը հանձնել է եղբոր հարսին՝ երեւանցի Ժաննա Մուրադյանին, իսկ փետրվարին Հովհաննիսյանի ու Մուրադյանի բաժնեմասերը հավասարվել են՝ դառնալով 50-ական %:

Ինչպես հայտարարվել էր բրիտանացի ներդրողների կողմից 2012-ի հոկտեմբերին, «ՎայքԳոլդի» մայր ընկերությունը «Coeur Gold Armenia Ltd»-ն էր, սակայն, ըստ ՀՀ պետռեգիստրի, վերջինս միայն 2014-ի հուլիսի 22-ին է դարձել սեփականատեր՝ ձեռք բերելով հայկական ՍՊԸ-ի 80 %-ը, իսկ 20 %-ը մնացել է Ժ. Մուրադյանի անունով:

Օֆշորային ընկերությունը 2 հանք է ձեռք բերել նույն օրը

«Coeur Gold Armenia»-ն 2014 թ. հուլիսի 22-ին ձեռք է բերել ոչ միայն «ՎայքԳոլդի», այլեւ «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի 80 %-ը: Վերջինս հիմնադրվել է 2001-ին եւ 2012-ի օգոստոսին 14 տարի ժամկետով (մինչեւ 2026 թ.) լիցենզիա էր ստացել Վայոց Ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման համար: Ըստ պաշտոնական տվյալների՝ այս հանքավայրի մարվող հանքաքարի ընդհանուր ծավալը 139.600 տոննա է, տարեկան արդյունահանման ծավալը՝ 10.000 տոննա: Հանքաքարի մեջ մետաղների պարունակությունը գնահատվել է այսպես. ոսկի՝ 641,5 կգ, արծաթ՝ 51 տ, կապար՝ 1047 տ, ցինկ՝ 1506 տ:

Մինչ Սեյշելներում գրանցված ընկերությունը կմտներ «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ, դրա փայատերերն էին Վարդան Այվազյանի որդին՝ Սուրեն Այվազյանը (40 %), երեւանցիներ Հրաչյա Հովհաննիսյանն (40 %) ու վերը հիշատակված Արտաշես Կակոյանը (20 %): Երբ «Coeur Gold Armenia»-ն ձեռք է բերել 80 %-ը, Այվազյանին ու Հովհաննիսյանին մնացել է 8-ական %, իսկ Կակոյանին՝ 4:

Առաջ անցնելով՝ նշենք, որ 2018-ի ապրիլին «Coeur Gold Armenia»-ն դուրս է եկել այս ընկերությունից: Այվազյանը, Հովհաննիսյանն ու Կակոյանը վերականգնել են իրենց բաժնեմասերի 40-40-20 հարաբերակցությունը: Իսկ ավելի ուշ՝ 2020-ի նոյեմբերին, Հրաչյա Հովհաննիսյանը դարձել է ՍՊԸ-ի միակ փայատեր, նա նաեւ տնօրենն է: Ընկերությունը գրանցված է Երեւանի Եկմալյան 6 հասցեում, որտեղ գործում է նաեւ Բազումի հանքը 2017-2020 թթ. ուսումնասիրած «Այրն Մայնինգ» ՍՊԸ-ն: Բացի հասցեից՝ այս ընկերություններին միավորում են անձինք, մասնավորապես՝ Սուրեն Այվազյանն ու Արտաշես Կակոյանը, որոնք տարբեր ժամանակներում փայատերեր են եղել դրանցում: Կակոյանը Այվազյանների իրավաբանական թիմի («Ինվեսթմնթ Լո Գրուպ» ՍՊԸ, գրանցված է Եկմալյան 6-ում) ղեկավարն է, թիմի անդամներից են Սայադ Բադալյանն ու Սեւակ Ալեքսանյանը, որոնք ժամանակին ներգրավված են եղել «Այրն Մայնինգ» եւ «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ներում:

«Coeur Gold Armenia». ովքե՞ր էին թաքնված օֆշորային ընկերության թիկունքում

Այս ընկերությունը 2011 թ. սեպտեմբերին Սեյշելների մայրաքաղաք Վիկտորիայում հիմնադրել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջորջ Հովարդ Ռիչմոնդը (George Howard Richmond): Վերջինս 52 տարեկան է, ծնվել է Թբիլիսիում եւ իրականում ազգությամբ վրացի է՝ Գեորգի Մգալոբլիշվիլի: Ընդ որում՝ Ազատեկի հանքին Ռիչմոնդ-Մգալոբլիշվիլու առնչությունը սկսվել է ավելի շուտ, քան ստեղծվել են «Coeur Gold Armenia»-ն եւ «ՎայքԳոլդը»:

Ինքնակոչ գործարարը

Ինչպես նշեցինք, 2009-ին հանքավայրի շահագործման իրավունքը տրվել էր «Ազատեկգոլդ» ՓԲԸ-ին: Վերջինս հիմնադրվել էր 2008-ի մայիսին հայկական «Արմենիակ» ՍՊԸ-ի (99 %) ու ռուսական «Ալռոսա» ԲԲԸ-ի (1 %) կողմից, սակայն հետագայում բաժնետերերի փոփոխություն է եղել:

2010-ի օգոստոսին տարածված մի հաղորդագրության մեջ ասվում էր, որ իռլանդական «Anglo-African Minerals plc»-ն (AAM) ձեռք է բերել սինգապուրյան «Caspian Resources Development Pte Ltd»-ին պատկանող կանադական «Belgrave Mining Corp.» ընկերությունը, որը «Ազատեկգոլդ» ՓԲԸ-ի 74 %-ի բաժնետերն էր: Այսինքն՝ իռլանդական կողմը դարձել էր «Ազատեկգոլդի» վերահսկիչ փաթեթի նոր սեփականատեր: Հաղորդագրությունում ասվում էր, որ նախորդ տերը՝ «Caspian Resources Development Pte Ltd»-ն, փոխկապակցված է ռուսական «Սիստեմա» հայտնի ընկերությանը, ինչն իրականում սխալ էր, քանի որ խոսքը ոչ թե ռուսական, այլ Ջորջ Ռիչմոնդի «Sistema Group»-ի մասին էր: Ավելին՝ «AAM»-ի հետ համապատասխան պայմանագրի հիման վրա Ազատեկի հանքը շահագործելու, տեխնոլոգիական սարքավորումները մատակարարելու եւ 40 մլն դոլար գնահատվող վերամշակող գործարանը կառուցելու էր այս նույն «Sistema Group»-ը: Ստացվում է, որ Ռիչմոնդը Ազատեկի հետ կապ ուներ թե՛ մինչեւ 2010 թ. գործարքը, թե՛ դրանից հետո:

Ինչպես կարող ենք տեսնել «AAM»-ի մասին պատմող տեղեկատվական շնորհանդեսում, որը կազմվել է 2010-ի հուլիսին, Ջորջ Ռիչմոնդը ներկայացել է որպես «AAM»-ի՝ Հայաստանի գծով օպերացիոն տնօրեն, ինչպես նաեւ վրացի մետալուրգ ու ռուսական «Սիստեմա» կորպորացիայի ներկայացուցիչ Մեծ Բրիտանիայում: Շնորհանդեսում նշվել է, որ «Ազատեկգոլդի» 74 %-ի տեր դարձած «AAM»-ն իրավունք ունի ձեռք բերել հայկական ընկերության մնացած 26 %-ը, որը պատկանում էր ռուսական «Ալռոսա» ԲԲԸ-ին:

Richmond transparent.png (854 KB)

Ջորջ Ռիչմոնդ

Իրականում Ռիչմոնդի «Sistema Group»-ը որեւէ կապ չուներ ռուսական «Սիստեմա» կորպորացիայի հետ, ինքն էլ դրա ներկայացուցիչը չէր: Եվ չնայած վրացի գործարարը հայտնի ռուսական ընկերության անունից հանդես էր գալիս առնվազն 2010-ից, «Սիստեման» այս թեմային անդրադարձել է միայն մեկ տարի անց՝ 2011-ի նոյեմբերին: «Մենք տեղեկացել ենք, որ պարոն Ջորջ Ռիչմոնդը (նաեւ հայտնի որպես Գեորգի Մգալոբլիշվիլի) երրորդ անձանց հետ բանակցություններում կարող էր ներկայանալ որպես ԱՖԿ «Սիստեմայի» եւ դրան փոխկապակցված ընկերությունների լիազոր ներկայացուցիչ»,- հայտարարել էր «Սիստեման» ու ընդգծել, որ Ռիչմոնդն իր կամ փոխկապակցված ընկերությունների աշխատակից չէ ու «Սիստեմայի» ղեկավարության կողմից չի ստացել ո՛չ վերջինիս աշխատողների, ո՛չ էլ երրորդ անձանց հետ բանակցություններ կամ նամակագրություն վարելու որեւէ հրահանգ: «Ներկայում մենք մի շարք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի պարոն Ռիչմոնդը դադարի իրեն ներկայացնել որպես ԱՖԿ «Սիստեմայի» ներկայացուցիչ»,- նշել էր ռուսական կողմը: «Վեդոմոստին» էլ «Սիստեմայում» իր աղբյուրից տեղեկացել էր, որ Ռիչմոնդն իսկապես մի շարք բանակցություններ է վարել ռուսական ձեռնարկության անունից եւ նույնիսկ ընկերություն ստեղծել («Sistema Group»), որի անվան մեջ հղում է արել «Սիստեմային»: Այդուհանդերձ, ռուսական կորպորացիան դրանից չի տուժել, իսկ վերջինիս ներկայացուցիչ Յուլիա Բելոուսը հայտարարել է, որ ռուսական կողմը որեւէ առնչություն չունի Ազատեկի հանքավայրի շուրջ գործարքի հետ:          

Այսպիսով՝ Ռիչմոնդը «Caspian Resources Development Pte Ltd»-ի, ապա «Anglo-African Minerals»-ի միջոցով կապ ուներ «Ազատեկգոլդի» եւ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի հետ, իսկ երբ 2012-ին հանքի շահագործման լիցենզիան տրվեց Վարդան Այվազյանի «ՎայքԳոլդին», Ռիչմոնդը հայտնվեց այստեղ:

«Coeur Gold Armenia»-ի փոփոխվող տերերը

ICIJ-ը հարցեր էր ուղարկել թե՛ Ռիչմոնդին, թե՛ Այվազյանին: Սակայն նրանք չեն պատասխանել ո՛չ նամակներին, ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ հաղորդագրություններին: Այդուհանդերձ, քանի որ Ռիչմոնդն իրականում վրացի է՝ ծնված Թբիլիսիում, իսկ Այվազյանը Վրաստանի Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղից է, չի բացառվում, որ նրանց կապը հենց Վրաստանի/վրացական շրջանակների միջոցով է առաջացել:

Ինչպես ասացինք, 2014-ի հուլիսին Ռիչմոնդի օֆշորային «Coeur Gold Armenia»-ն դարձել է «ՎայքԳոլդի» 80 %-ի սեփականատեր, իսկ մնացած 20 %-ի տերը եղել է Այվազյանի եղբոր հարսը՝ Ժաննա Մուրադյանը:

«Pandora Papers»-ում հայտնված փաստաթղթերը ցույց են տալիս, թե ժամանակի ընթացքում ովքեր են եղել «Coeur Gold Armenia» ընկերության, հետեւաբար նաեւ «ՎայքԳոլդի» վերահսկիչ բաժնեմասի վերջնական շահառու սեփականատերերը:

2011-ին դրա հիմնադրման փաստաթղթերում նշվում էր, որ գործունեության ոլորտը հանքարդյունաբերությունն է, մետալուրգիան, երկրաբանական հետախուզությունը, կառավարումը, իսկ գործունեության տարածաշրջանները՝ Ղրղզստանը, Հայաստանը, Ռուսաստանը: Միակ սեփականատերն ու տնօրենը եղել է հենց Ջ. Ռիչմոնդը՝ գրանցված Լոնդոնում:

Այսինքն՝ երբ 2012-ի աշնանը բրիտանացի ներդրողները հայտարարում էին «Coeur Gold Armenia»-ի միջոցով «ՎայքԳոլդում» եւ Ազատեկի հանքում ներգրավվելու մասին, օֆշորային ընկերության միակ տերն ու տնօրենը Ջորջ Ռիչմոնդն էր: Այս ֆոնին հետաքրքիր է, որ բրիտանացի պատգամավոր սըր Թոնի Բոլդրին «ՀԺ»-ում տպված հաղորդագրության մեջ ներկայացված էր որպես «Coeur Gold Armenia» եւ «Bazum Steel» ընկերությունների կառավարման խորհրդի անդամ: Նա ICIJ-ին հայտնել է, որ ինքը «Coeur Gold Armenia»-ից տեղյակ չէ ու դրա տնօրեն կամ սեփականատեր չի եղել, իսկ Ազատեկի հանքավայրից գաղափար չունի:   

2014-ին Ռիչմոնդը «Coeur Gold Armenia»-ի իր ամբողջ բաժնեմասը հանձնել է օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիների (ԲՎԿ) մայրաքաղաք Ռոդ Թաունում գրանցված «GR Business Holdings Ltd»-ին, որը հենց իրեն էր պատկանում (GR հապավումը բացվում է որպես George Richmond): «Coeur Gold Armenia»-ի տնօրենը չի փոխվել, մնացել է ինքը: 2016-ի հուլիսին նոր փոփոխություն է եղել: 99,999 %-ի սեփականատեր է դարձել սինգապուրյան «Ace Minerals Private Limited»-ը (հիմնադրվել էր 1 ամիս առաջ՝ հունիսին, Սինգապուրը եւս օֆշորային գոտի է), իսկ 0,001 %-ինը՝ Ջ. Ռիչմոնդը, որը նաեւ մնացել է տնօրենի պաշտոնում: Սինգապուրյան ընկերությունը ղեկավարել է Սիմ Չեկ Տոնգը (Sim Chek Tong), բայց այն գործել է ի շահ Ջորջ Ռիչմոնդի, որը եղել է թե՛ «Ace Minerals Private Limited»-ի, թե՛ «Coeur Gold Armenia»-ի վերջնական շահառու սեփականատերը:

2018-ի ապրիլին «Coeur Gold Armenia»-ի ամբողջ բաժնեմասի անվանական սեփականատեր է դարձել Մեծ Բրիտանիայի քաղաքացի, լոնդոնյան գրանցումով Մայքլ Մգալը (Michael Mgal), որը 47 տարեկան է, ծնունդով՝ Թբիլիսիից: Հավանաբար կռահեցիք, որ նա Ջորջ Ռիչմոնդի կամ Գեորգի Մգալոբլիշվիլու ազգականն է (գուցե կրտսեր եղբայրը), եւ Մգալ ազգանունն էլ վրացականի կրճատ տարբերակն է, իսկ Մայքլը՝ նույն Միխայիլը: Բայց այս դեպքում եւս շահառու սեփականատեր է մնացել Ռիչմոնդ-Մգալոբլիշվիլին:

Այդուհանդերձ, 2018 թ. հոկտեմբերին Ջորջ Ռիչմոնդը «Coeur Gold Armenia»-ն օտարել է արաբ եւ պակիստանցի շահառուների պատկանող բրիտանական «Argonaut Minerals Limited»-ին, իսկ ինքն ու Մայքլ Մգալը լքել են սեյշելյան ընկերությունը: Քանի որ «Coeur Gold Armenia»-ն «ՎայքԳոլդի» 80 %-ի սեփականատեր է եղել 2014-ի հուլիսից մինչեւ 2018-ի դեկտեմբեր, այսինքն՝ նաեւ նոր տերերի օրոք, կարճ կներկայացնենք վերջիններիս:

Այսպես՝ ըստ արտահոսած օֆշորային փաստաթղթերի, «Argonaut Minerals Limited»-ի սեփականատերը բրիտանական գահին պատկանող Գերնսի կղզում (օֆշորային գոտի է) գրանցված «Grange Investment Holdings Limited»-ն է, որի տերը նույն կղզում գործող «The Carnan Trust»-ն է: Trust-ը (թրասթ, անգլերենից բառացի՝ վստահություն) իրավահարաբերության ձեւ է, երբ տվյալ գույքի, ունեցվածքի սեփականատերը՝ հիմնադիրը, այն հանձնում է հոգաբարձուին կամ կառավարչին (trustee), ով պարտավորվում է ունեցվածքի հետ կատարել այնպիսի գործողություններ, որոնք մաքսիմալ օգուտ կբերեն շահառուներին (բենեֆիցիարներին): Այս դեպքում «The Carnan Trust»-ի կառավարիչը «Hansard Trust Company Limited»-ն է (Գերնսի), որը գործում է ի շահ բենեֆիցիարների՝ պակիստանցի Չոուդրի (Choudry) եւ արաբ Շեյխ (Sheikh) ընտանիքների:

Շեյխերի ընտանիքից Ասադ Ամին Շեյխը 3 ընկերություն ունի Հայաստանում: Դրանցից «Էքուիվեստ Ալլիանս Ֆաունդեյշն» եւ «Հորիզոն Այրոն Ընդ Սթիիլ Քոմփանի» ՍՊԸ-ների գործունեությունը հանքարդյունաբերությունն է, իսկ «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ինը՝ էներգետիկան:

«Coeur Gold Holding». հին-նոր տերերը

2017-ի նոյեմբերին, երբ «Coeur Gold Armenia»-ի շահառու սեփականատերը դեռ Ջ. Ռիչմոնդն էր, «ՎայքԳոլդի» 20 %-ի սեփականատեր Ժաննա Մուրադյանը (Վ. Այվազյանի եղբոր հարսը) իր բաժնեմասը հանձնել է Այվազյանի ավագ որդուն՝ Սուրեն Այվազյանին: Վերջինս էլ ընդամենը 2 ամիս անց այն փոխանցել է Չարենցավանի բնակիչ Նորայր Զոհրաբյանին (կրկնենք՝ Այվազյանները եւս Չարենցավանից են): Ենթադրելի է, որ Մուրադյանի նման Զոհրաբյանն էլ Վարդան Այվազյանի ներկայացուցիչն է «ՎայքԳոլդում»: Բայց երբ ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին հարցրինք, թե հիմա ով է 20 %-ի իրական սեփականատերը՝ Այվազյա՞նը, թե՞ Զոհրաբյանը, նա ասաց. «Վարդան Այվազյանը վաղուց հանձնել է, Նորայր Զոհրաբյանն է»:

Եթե Զոհրաբյանը մինչ օրս գոնե թղթի վրա տիրապետում է «ՎայքԳոլդի» 20 %-ին, ապա նրա գործընկերները մի քանի անգամ փոխվել են: Ինչպես տեսանք, 2018-ի հոկտեմբերին Ռիչմոնդը «Coeur Gold Armenia»-ն հանձնել է պակիստանցիների ու արաբների, բայց վերջիններս կարճ են մնացել «ՎայքԳոլդում»՝ մինչեւ դեկտեմբեր: Չի բացառվում, որ դուրս գալու պատճառներից մեկը նոյեմբերին գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը լինի լիցենզիա ստանալու եւ օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ կատարված ապօրինությունների եւ որպես հետեւանք՝ քրեական գործ հարուցելու մասին: Փաստն այն է, որ 2018-ի դեկտեմբերին սեյշելյան «Coeur Gold Armenia»-ն իր 80 % բաժնեմասը օտարել է բրիտանական «Coeur Gold Holding Ltd»-ին: Դժվար չէ հասկանալ, թե վերջինիս հետեւում ով էր կանգնած. Ջորջ Ռիչմոնդը՝ նույն Գեորգի Մգոլոբլիշվիլին: Տպավորություն է, որ վրացի գործարարի կապն Ազատեկի հանքի հետ անվերջ է:

«Coeur Gold Holding Ltd»-ն 2018-ի հունիսին Լոնդոնում հիմնադրել է Ռիչմոնդի ենթադրյալ ազգականը՝ Մայքլ Մգալը (Միխայիլ Մգալոբլիշվիլի), ով եղել է նաեւ տնօրենը: Վերջինիս նույն տարվա աշնանը (մինչեւ բրիտանական ընկերությունը ձեռք կբերեր «ՎայքԳոլդի» 80 %-ը) միացել են նոր սեփականատերեր: Բայց 2019-ի հուլիսին հայկական ձեռնարկությունում «Coeur Gold Holding»-ի ունեցած 80 %-ը գրանցվել է բրիտանական մեկ այլ ընկերության՝ «Goldfields Holding Limited»-ի անունով:

Առաջ անցնելով՝ նշենք, որ 2020 թ. նոյեմբերին «Coeur Gold Holding»-ը դատի է տվել «Goldfields Holding Limited»-ին, «ՎայքԳոլդին» ու ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությանը: Հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել 2019-ի հունիսի 19-ին իր եւ «Goldfields Holding Limited»-ի միջեւ կնքված առքուվաճառքի պայմանագիրը, քանի որ գործարքը տեղի է ունեցել լիազորությունների սահմանազանցմամբ: Գործի դատաքննությունն ընթացքի մեջ է:

Ու՞մ է իրականում պատկանում «ՎայքԳոլդի» 80 %-ը

«Goldfields Holding Limited»-ը «ՎայքԳոլդի» սեփականատեր է դարձել իր ստեղծումից (2019 թ. մայիս) ընդամենը 2 ամիս անց, ինչը, թերեւս, նշանակում է, որ հենց այդ նպատակով էլ հիմնադրվել է լոնդոնյան այս ընկերությունը: Ըստ բրիտանական ռեգիստրի՝ առաջին միանձնյա սեփականատերը եղել է չինացի Ջինյուան Վանգը (Jinyuan Wang): Տնօրենները եղել են Վանգը, Ջորջ Ռիչմոնդը եւ ֆինն Ահտի Վիլպուլան (Ahti Vilppula): Հիմնադրումից մինչ օրս այս ընկերությունում պարբերաբար փոխվել են սեփականատերերը: Այս տարվա սեպտեմբերի 28-ի դրությամբ «Goldfields Holding Limited»-ի 100 բաժնեմասերը բաշխված են հետեւյալ կերպ:

Փաստորեն, «Goldfields Holding Limited»-ի ամենախոշոր՝ 25 %-ի սեփականատերը «Emerging Goldfields Resources Ltd»-ն է, որը հիմնադրվել է 2020-ի մայիսին Կանադայի Կալգարի քաղաքում: Բայց ուշագրավն այն է, որ այս ընկերությունը ստեղծումից ի վեր չի ունեցել սեփականատեր, ու նման բան, պարզվում է, հնարավոր է կանադական օրենսդրությամբ: Նվազագույն պահանջը մեկ տնօրենի առկայությունն է: «Emerging Goldfields Resources Ltd»-ն ունի 4 տնօրեն, որոնց անունները, սակայն, որեւէ բան չեն ասի ընթերցողին: Այդուհանդերձ, հավանական է թվում, որ այս ընկերությունը ստեղծվել է Ջորջ Ռիչմոնդի նախաձեռնությամբ: Բանն այն է, որ «Goldfields Holding Limited»-ում կանադական ձեռնարկությունը հայտնվել է 2020-ի սեպտեմբերին, երբ բրիտանական ընկերության նախկին տերերից սինգապուրցի Սիմ Չեկ Տոնգն իր 25 % բաժնեմասը հանձնել է դրան: Սիմն այն սինգապուրցին է, որի «Ace Minerals Private Limited» ընկերությունը ձեւական սեփականատեր էր Ջորջ Ռիչմոնդին պատկանող «Coeur Gold Armenia»-ում, այսինքն՝ նա գործում է Ռիչմոնդի շահերի համար, կարճ՝ նրա «մարդն» է:   

Ահա այս ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչու «ՎայքԳոլդի» իրական շահառուների հայտարարագրում ներկայացված են միայն 20 %-ի փայատեր Նորայր Զոհրաբյանն ու տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը: Պատճառն այն է, որ «ՎայքԳոլդի» 80 %-ի սեփականատեր «Goldfields Holding Limited»-ի մասնակիցներից միայն մեկի մասնաբաժինն է գերազանցում 10 %-ը, որը ՀՀ օրենսդրությամբ իրական շահառու համարվելու շեմն է: Իսկ այդ մասնակիցը՝ կանադական «Emerging Goldfields Resources Ltd»-ը, իր հերթին գոնե փաստաթղթերով չունի սեփականատեր:

Երբ Ա. Հովհաննիսյանին հարցրինք, թե ինչու հայտարարագրում չեն երեւում 80 %-ի իրական տերերը, նա նախ զարմացավ, ապա ասաց, թե դրանք արտասահմանցիներ են: Հարցին, թե արդյոք խոսքը բրիտանական «Goldfields Holding Limited»-ի մասին է, Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց, հետո նշեց, թե ինքը մանրամասներին չի տիրապետում, դրանով ընկերության իրավաբաններն են զբաղվում, նրանք են հայտարարագրեր ներկայացնում պետությանը: Ճշտող հարցին, թե արդյոք այսօր էլ Ջորջ Ռիչմոնդը «ՎայքԳոլդում» է, Հովհաննիսյանն ասաց. «Դե, նախկինում կար, հիմա չեմ կարող ասել»: Ըստ տնօրենի՝ ինքը սեփականատերերի հետ շփում չի ունեցել, ինչն առնվազն տարօրինակ է, իսկ երբ նրան խնդրեցինք տրամադրել հայ սեփականատիրոջ՝ Նորայր Զոհրաբյանի կոնտակտները, նշեց. «Ես իրա հետ տենց չեմ առնչվում»:

2.jpg (143 KB)

Աշոտ Հովհաննիսյանն ու Վարդան Այվազյանը մեղադրյալ են եղել մի որոշ ժամանակ

Ինչպես վերեւում նշեցինք, գլխավոր դատախազությունը 2018-ի աշնանը հարուցած քրեական գործում ներառել է ոչ միայն 2012-ին «ՎայքԳոլդի» լիցենզիա ստանալու դրվագը, այլեւ 2017-ին օգտակար հանածոների արդյունահանման մի դրվագ: Դատախազության համար կողմնորոշող է եղել մինչեւ գործի հարուցումը ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումը «ՎայքԳոլդում», որի ժամանակ խախտումներ էին հայտնաբերվել, եւ տեսչական մարմնի այն ժամանակվա պետ Արթուր Գրիգորյանն արգելել էր ընկերությանը ընդերքօգտագործում իրականացնել: Խախտումներից մեկը հենց այդ դրվագին էր վերաբերում: Պարզվել էր, որ ընկերությունը 2017 թ. դեկտեմբերին Ազատեկի հանքում իրականացրել է 1.330 տ հանքաքարի արդյունահանում, որում մետաղների քանակը կազմել է 11,31 կգ ոսկի (շուրջ 218 մլն դրամ արժեքով), 84,5 կգ արծաթ (մոտ 19 մլն դրամի) եւ 5,25 տ պղինձ (շուրջ 15 մլն դրամի), բայց արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել ընկերության կողմից լիազոր մարմին ներկայացված հաշվետվություններում: Ըստ դատախազության՝ այդպես էական վնաս է պատճառվել ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին: Վերջինիս հարցրել էինք, թե որքան է կազմում այդ էական վնասը, արդյոք այն փոխհատուցվել է: Դատախազությունը նշել է, որ միջոցներ են ձեռնարկվում պատճառված վնասի չափը հստակեցնելու ուղղությամբ:

Նախաքննություն իրականացնող քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը գործի շրջանակներում հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու մեղադրանք էր առաջադրել «ՎայքԳոլդի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին (ՔՕ 205-րդ հոդվածի 1-ին մաս) ու Վարդան Այվազյանին (վերջինս մեղադրվել է Հովհաննիսյանին հանցակցելու մեջ՝ ՔՕ 38-205-րդ հոդվածի 1-ին մաս): Սակայն հետո մեղադրանքները հանվել են:

«Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում կատարված քննչական եւ դատավարական գործողություններով ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հերքվել են մեղադրյալներ Աշոտ Հովհաննիսյանի եւ Վարդան Այվազյանի կողմից ՔՕ կոնկրետ վերոնշյալ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու հանգամանքները, 2021 թ. մարտի 18-ին որոշում է կայացվել ՔՕ նշված հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն քրգործի շրջանակներում առերեւույթ այլ հանցավոր արարքների դրվագներով նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել են դատախազությունից:

2017-ի դեկտեմբերին, երբ արդյունահանվել է 1.330 տ հանքաքարը, «ՎայքԳոլդի» սեփականատերերն էին Սուրեն Այվազյանն (20 %) ու Ջորջ Ռիչմոնդի սեյշելյան «Coeur Gold Armenia»-ն (80 %): Աշոտ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե իրենք արդյունահանման վերաբերյալ հաշվետվությունները ներկայացրել են պետությանը:

DJI_0220.00_00_34_16.Still0.jpg (599 KB)

«Մենք հանքաքարը որպես փորձնական նմուշ տարել ենք Հրազդան, որ խտանյութ ստանալու տեխնոլոգիան որոշենք: Դա 80 %-ի բաժնետերերի ցանկությամբ էր, որ մի հատ տեխնոլոգիան որոշեն, թե ինչ կարգով են կարողանում կորզում անեն»,- պատմեց Հովհաննիսյանը։ Նա, սակայն, չհիշեց, թե որ ընկերությունում է կատարվել փորձնական վերամշակումը: Այնուհետ, ըստ տնօրենի, հանքաքարը վաճառել են «Ասսաթ» ՍՊԸ-ին, որը շահագործում է Մասիսի ոսկու վերամշակման գործարանը. ««Ասսաթ» ֆիրման չկարողացավ կորզում անել, որովհետեւ ռեագենտներ չի ունեցել: Բայց մենք տարբեր հաշվետվություններով ներկայացրել ենք կառավարությանը»:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) կայքում առկա հաշվետվությունների համաձայն՝ 2012-ից Ազատեկի շահագործման լիցենզիա ունեցող «ՎայքԳոլդը» 2017-ին արտադրել է ոսկու պարունակությամբ 26,7 տ թանկարժեք մետաղի խտանյութ, իսկ 2018-ին՝ 5,5 տ: Երկու դեպքում էլ ընկերությունն այդ խտանյութը վաճառել է «Ասսաթ» ՍՊԸ-ին համապատասխանաբար 6.675.000 եւ 687.500 դրամ գներով: Բայց Ա. Հովհաննիսյանը մեզ փոխանցեց, որ իրենք ոչ թե խտանյութ, այլ հանքաքար են վաճառել «Ասսաթին»:

Դատախազությունից տեղեկացել ենք, որ լիցենզիա ստանալու եւ հանքարդյունահանման դրվագներից բացի՝ քրգործում ներառվել է «Coeur Gold Armenia»-ի եւ «ՎայքԳոլդի» նախկին սեփականատերերի միջեւ կնքված լրացուցիչ համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին պայմանագիրը կեղծելու դրվագը: Մանրամասներ դատախազությունը չի հայտնում:

Լիցենզիայից զրկված «ՎայքԳոլդը» կրկին ցանկանում է Ազատեկի հանդեպ իրավունք ստանալ

2019-ի դեկտեմբերին, երբ «ՎայքԳոլդի» սեփականատերերն էին Չարենցավանի բնակիչ Նորայր Զոհրաբյանն (20 %) ու բրիտանական «Goldfields Holding Limited»-ը (80 %), տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դադարեցվել է ընկերության՝ Ազատեկի հանքը շահագործելու իրավունքը: Ի պատասխան՝ «ՎայքԳոլդի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը 2020-ի փետրվարին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել նախարարի հրամանը: Դատաքննությունն ընթացքի մեջ է: 

Ա. Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե «ՎայքԳոլդը» 2015-ից չի աշխատում (չհաշված հանքաքարի փորձնական արդյունահանումը). «Մենք 2015 թվից չենք աշխատում, կազմակերպությունը կանգնած է, չի գործում, դատական գործերի մեջ ենք (ընկերությունը նաեւ ՊԵԿ-ի դեմ է վարչական դատարան դիմել այս տարի - հեղ.)»:

Երբ 2019-ի դեկտեմբերին «ՎայքԳոլդը» զրկվեց Ազատեկի լիցենզիայից, անմիջապես հայտնվեց 2020-ի հունվարին հիմնադրված «Վայկ-Ինվեստ» ՍՊԸ-ն, որը ցանկանում է Ազատեկը շահագործել փակ եղանակով («ՎայքԳոլդը» նախատեսում էր բաց եղանակ): «Վայկ-Ինվեստի» ներկա տնօրենը երկրաբան Վահե Մալխասյանն է, որը նախկինում աշխատել է «ՎայքԳոլդում», իսկ սեփականատերը՝ Հրազդանում գրանցված «ՋՄ Մայնինգ» ՍՊԸ-ն. սա էլ իր հերթին պատկանում է երեւանցի Համլետ Սիմոնյանին:

Այդուհանդերձ, «ՎայքԳոլդը» թեւաթափ չի եղել, ու չնայած դատարանում փորձում է անվավեր ճանաչել լիցենզիայից զրկվելու հրամանը, զուգահեռ գործի է դրել «պլան Բ»-ն: Այս տարվա հուլիսին ընկերությունը շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել Ազատեկը ստորգետնյա (փակ) եղանակով շահագործելու աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ: Այս առումով տնօրեն Ա. Հովհաննիսյանը նկատում է. «Բոլոր դեպքերում արտասահմանցիներն (նկատի ունի 80 %-ի տերերին – հեղ.) էդքան ներդրում են արել, կուզենան, որ էդ հարցին անդրադառնան»:

2020-ի օգոստոսին էլ Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործելու իրավունքից նախկին նախարար Ս. Պապիկյանի հրամանով զրկվել է «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ն, որը եւս փոխկապակցված է Այվազյաններին: Այս ընկերությունը եւս դատարանում վիճարկում է նախարարի հրամանը: ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարո Միքայելյանը վարչական դատարանին միջնորդել էր կասեցնել հրամանի կատարումը մինչեւ դատական գործի ավարտը, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը: Այդուհանդերձ, վարչական վերաքննիչ դատարանը բավարարել է ընկերության բողոքն, ու նախարարի հրամանի գործողությունն առժամանակ կասեցվել է: Դրանից հետո տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է վճռաբեկ բողոք ներկայացրել, սակայն դատարանն այն առանց քննության է թողել. ՏԿԵՆ-ը բողոքը բերել է նախատեսված ժամկետից ուշ:

Հետաքրքիր է այն, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը չի մասնակցել որոշում կայացնելուն եւ ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ ընկերության փաստաբան Կարո Միքայելյանի հայրն է, եւ այդ փաստն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել իր անաչառության վերաբերյալ: Կ. Միքայելյանը նաեւ «ՎայքԳոլդի» շահերն է ներկայացնում՝ ընդդեմ ՏԿԵ նախարարության: Այս պարագայում, երբ ICIJ-ը նրան էր ուղարկել Վարդան Այվազյանի համար նախատեսված հարցերը՝ փոխանցելու նախկին պաշտոնյային, Միքայելյանը պատասխանել է. «Վարդան Այվազյան անունով անձը երբեւէ չի եղել իմ հաճախորդը»:

Առաջիկայում «Հետքը» ներկայացնելու է Վ. Այվազյանին փոխկապակցված արտասահմանյան այլ ընկերություններ, որոնց մասին փաստաթղթեր ենք գտել «Pandora Papers»-ում, ինչպես նաեւ Ջորջ Ռիչմոնդի ու Ասադ Ամին Շեյխի հետաքրքրությունները Հայաստանում, որոնք վերը հիշատակված ընկերություններով չեն սահմանափակվում:

Ազատեկի հանքավայրի լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, նկարների ձեւավորումը՝ Սամսոն Մարտիրոսյանի

Մեկնաբանություններ (3)

Conrad Mountbatten
Shining example of paid article – question is only the so called “journalist” done it to receive some Soros or USAID grant or similar - or that’s some sort of Political dancing between existing Position and Opposition parties What we learning from this article : 1. Vardan Ayvazyan who was environmental protection activist, in period of 2004 – 2009 was holding position of Minister of Environment 3 years after retiring from official state position participate in private company with other partners. So what ? Retired state officials must sit at home and have lifetime band to work and can’t have interest in private business ? Good Example is Ex President of USA Donald Trump– from Business he went to politics and after finishing his time as president returned back to Business. 2. George Richmond is private entrepreneur, never worked in any state structures, never had any criminal convictions, is as walking legend of business success in Caucasus - among others he is known for selling established in 1993 with his participation first even Industrial Gold Mining Operation in Georga - Georgian Gold Mining public company Bolnisi Gold listed on Sydney exchange to American Coeur Alenia in 2006 for 940 mln usd. Never any assets in Georgia or Armenia since its independence in 1992 was sold for anywhere near that figure. After selling company in Georgia he and his business Partners start investing in Armenia– part of funds with very clear clean origin. 3. Companies mentioned in Article like Vayk Gold and iron ore deposits are probably the only deposits in Armenia were real exploration works was done in period of 2007 – 2021, about 8 mln usd was invested in Azatek and 40 mln in exploration of iron ore deposits. With some support of existing government this projects can become national importance industrial operation giving major employments and tax income to state budget 4. Unclear why there was even need to mention prosecutors office- its clear that Case opened in 2019 for 13 kg of gold containing ore which was used to metallurgical tests has no commercial value so prosecutors office case was dropped shortly after. 5. Has based on some confusions Mining permit for Azatek mine may be stopped in 2019 by head of department of Ministry (who was few month later removed from his position by existing Government for incompetency) but Vayk Gold Ltd since then successfully completed 4 public hearings and satisfying all requirements and requests from Ministry and presented revised mining plan with Start of Semi industrial Mining in 2022 . 6. Its unclear why Author of article is considering using trusties or nominees in business (even if that really have the place) as something questionable. It’s normal international business practice fully legal and not prohibited in any country. 7. Also moving registration of companies from Offshore to Onshore in Great Britain were property title and Business Interest are most transparent and secured- why that is considered as something dodgy – opposite that is more then welcome if business owners are moving registration from offshores to onshore for transparency and timely tax paying reasons . 8. Judge refuse to hear the case were his son was lawyer is also very good – this topic can be part of article if story will be other way round . Well done, bravo Judge. In General Family dynasties of father and son lawyers, doctors or Mining engineers are more then welcome and should be supported. 9. Its also nothing new that there is corruption in Governments, but corruption especially with threats to take licenses , permits or businesses away never ends good as shining example of it are that both Ex Presidents of Georgia and Armenia are currently in prison. President of Georgia Saakashvili is especially known for elite corruption and theft of over 27 000 state or private assets 10. Most importantly from Article we don’t read that anyone earned any money or gained any other benefit, however money only invested in Armenia on exploration & early stage geological projects. So what is the story about ? As conclusion whoever paid for this article has wasted it and “journalist” has better skills as graphic designer then making correct conclusions . Plus new government of Armenia announce a policy of maximum support and protection to real investors and doing attempts to attract real international western investors. So such confusing articles don’t really support new governments policy and efforts.
Anoush
It seems like everyone is interested in exploiting Armenia for it's natural resources. Who sold the mines to these companies in the first place? Why isn't the former government held responsible for these crimes? Mining is extremely dangerous for the environment and the people who live in the region. It's harmful effects last for generations. This is a travesty. The Sotk mine, along with Amulsar and Zangezur and others need to be shut down permanently. No more mines!
Սարգիս
Կարելի է Գինեսի գրքին ներկայացնել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter