HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արամ Վադևանյանն առաջարկում է քրեական պատասխանատվություն՝ ԱԺ քննիչ հանձնաժողովին սուտ տեղեկություններ հայտնելու համար

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վադևանյանն առաջարկում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը (տրամադրելը): Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում:

Այդ արարքի համար պատգամավորն առաջարկում է հինգից յոթ տարի ժամկետով ազատազրկման պատժաչափ: Իսկ եթե կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրվել են պաշտպանության և անվտանգության բնագավառներում գործող քննիչ հանձնաժողովին` ութից տասներկու տարի ժամկետով ազատազրկում կարող է սահմանվել:

Հիշեցնենք, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով` իրավունքի ուժով ձևավորվում է քննիչ հանձնաժողով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ քննիչ հանձնաժողով ներկայանալու իմպերատիվ պահանջն ինքնին բավարար չէ ճշմարտության բացահայտման և ներկայացման համար, քանի որ բացակայում է համապատասխան սանկցիան, որը քննիչ հանձնաժողովի կողմից հրավիրված անձանց ոչ միայն կստիպի ներկայանալ հանձնաժողովին, այլև ներկայացնել միմիայն և բացառապես ճշմարտությունը:

Արամ Վարդևանյանը մեզ հետ զրույցում ասում է, որ իշխանությունները պատերազմից, բանակցություններից, հազարավոր զոհերի հանգամանքների մասին հնչած հարցերի սլաքներն ուղղում են դեպի ստեղծվելիք քննիչ հանձնաժողով` վստահեցնելով, որ այն կտա բոլոր հարցերի պատասխանները:

Ըստ նրա՝ քննիչ հանձնաժողովը հանդես է գալիս որպես ճշմարտությունը բացահայտող հարթակ, հետևաբար նման դերակատարում ունեցող հանձնաժողովը պետք է զսպող մեխանիզմ ունենա:

«Հենց այդ տրամաբանությունից ելնելով` պատկերացնում եմ, որ քննիչ հանձնաժողովին սուտ կամ կեղծ տեղեկություն հայտնելը պետք է լինի քրեորեն հետապնդելի արարք: Շուտով նոյեմբերի ինն է, պատերազմի ավարտի մեկ տարին կլրանա, բայց մինչ օրս չենք հասկանում ամբողջ պատկերը, օրինակ՝ հոկտեմբերի 7-ին հնարավոր էր պատերազմը կանգնեցնել, թե ոչ, կամ հոկտեմբերի 19-ին: Ընդհուպ մինչև ՌԴ նախագահն է խոսում այդ մասին, որ հնարավոր էր կանգնեցնել»,- ասում է պատգամավորը:

Վարդևանյանը չի բացառում, որ 44-օրյա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով զինվորականներ գան ու ճիշտ տեղեկություններ չհայտնեն, և ինչ-որ ժամանակ հետո պարզվի այդ ամենը, երբ նույն անձն ասի, թե ճիշտ տեղեկություններ չի հայտնել:

«Բա չլինի՞ նրա համար քրեական պատասխանատվություն»,- ասում է Վարդևանյանը:

Ըստ նրա` այս օրենքի չընդունվելու պարագայում փաստացի ստեղծվելու է իրավիճակ, որ ազդակ է տրվելու քննիչ հանձնաժողովին ոչ ճիշտ տեղեկություններ հայտնելու:

«Պատերազմի ամեն մի օրը, ժամը վերաբերում է հազարավոր մարդկանց կյանքերին, հարյուրավոր մարդկանց իրավունքներին, ընդհուպ՝ մինչ սեփականության իրավունքներին, նման պայմաններում հարցերի սպառիչ պատասխաններ չունենալը տրամաբանությունից դուրս է: Այն, որ այս իշխանությունների կողմից քննիչ հանձնաժողովի նախաձեռնումն աբսուրդ է, դա ևս ակնհայտ է, որովհետև դա պետք է իրականացվեր անկախ քաղաքական դիրքավորումից»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը:

Նա հիշեցնում է Մարտի 1-ի փաստահավաք խմբի աշխատանքները, որը ղեկավարում էր այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Անդրանիկ Քոչարյանը: Վարդևանյանն ընդգծում է` չնայած Քոչարյանն անկախ չէր, քաղաքական ուժերից մեկի համակիր էր, սակայն առնվազն իշխանությունից անկախ էր, ապա հավելում` նախկին իշխանությունների օրոք փաստորեն ընդդիմությունը մանդատ է ունեցել Մարտի 1-ի հանգամանքները պարզելու, իսկ այժմ «ավելի ժողովրդավար» հանդես եկող իշխանությունները փորձում են իրենց վերաբերող հանգամանքներն իրենք պարզել:

«Այս պայմաններում որպես զսպող մեխանիզմներից մեկը կարող է լինել այս նախաձեռնությունը, որ որևէ մեկը չհամարձակվի սուտ կամ կեղծ տեղեկություն հայտնել մեր հայրենակիցներին»,- նշում է մեր զրուցակիցը:

Եվ չնայած արդեն մի քանի ամիս է` իշխանությունները հայտարարել են 44-օրյա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին, սակայն գործնականում որևէ քայլ դեռևս չի արվել այդ ուղղությամբ:

Նախկին փաստաբան Վարդևանյանը հիշեցնում է 2019-ին վարչապետ Փաշինյանի կոչով դատարանների շրջափակումը, որից հետո Կառավարությունում դրա վերաբերյալ խորհրդակցություն հրավիրվեց, ապա վարչապետը հայտարարեց քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու մասին:

«Եթե չեմ սխալվում 15 օր նույնիսկ չանցավ ու ձևավորվեց հանձնաժողովը, այս դեպքում հուլիս ամսին հայտարարվեց, որ ընդդիմության առաջ քաշած ծրագրային դրույթն իշխանությունն է որոշել իրացնել, և մինչ օրս չկա այդ քննիչ հանձնաժողովը: Ինչպես տեսնում եք ԱԺ պաշտպանության հանձնաժողովի աշխատանքները սահմանափակված են Արթուր Ղազինյանի ընտրությամբ, և ավելի կոնկրետ Դոնթի բանաձևի կոպտագույն անտեսմամբ` ընդդիմության թեկնածուին չընտրելով: Սա աբսուրդ է, ընդդիմությանը վերապահված առաջադրումը չի կարող կախվածության մեջ մնալ իշխանության ցանկությունններից»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter