HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակատանկային մարտկոցը․ Արցախի հերոս Դավիթ Գրիգորյան

2020թ․-ի հոկտեմբերի 4-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ութերորդ օրը, Արցախի հարավարևելյան դիրքերը պահող Հադրութի գնդի հակատանկային մարտկոցի ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյանը արժանացել է «Արցախի Հերոս» բարձրագույն կոչման։ 

Դավիթ Գրիգորյանը կոչումը ստանալու պահին խոցել էր 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա, հետագայում դրանց թիվը ավելացել է։ Հակատանկային մարտկոցը դիրքեր էր բարձրացել պատերազմից երկու օր առաջ և մինչև հոկտեմբերի 27-ը՝ մեկ ամիս, պաշտպանել է Կարախանբեյլի գյուղի մոտ տեղակայված դիրքերը: Հոկտեմբերի 27-ին այդ տարածքում տեղակայված զորամիավորումները նահանջի հրամանով շարժվել են Մարտունու ուղղությամբ:  

«Էդ օրը, երբ Դավիթը նորից իր ժամին զանգեց ինձ, շատ տխուր էր, շատ, հարցրի՝ Դավ, ի՞նչ ա եղել, չե՞ս քնել, ասեց՝ չէ, նորմալ ա։ Բայց ինքը շատ տխուր էր, հետո իմացանք, որ էդ օրը դիրքերից դուրս են եկել»,-պատմում է Սուսան Գրիգորյանը՝ Դավիթի մայրը։

Դավիթ Գրիգորյանը 2019թ․ հունվարին ծառայությունը սկսել էր Գյումրու ուսումնական զորամասում, ստացել սերժանտի կոչում, ապա՝ տեղափոխվել Հադրութի զորամաս՝ շարունակելու ծառայությունը։ Գյումրիում Դավիթը ուսումնասիրել էր «Ֆագոտ» հակատանկային զենքը:  

«Դավիթը նախքան Արցախ գնալը տասն օրով արձակուրդ եկավ, ամբողջ օրը համակարգչով էդ զենքն էր ուսումնասիրում, մի օր ինձ ասեց՝ մա՛մ, արի, նայի տես՝ ինչ սիրուն ա կրակում զենքս, հարցրի՝ Դավ ջան, Աստված չանի, եթե կրակես ու չկպնես, ի՞նչ կլինի։ Ասեց՝ ես չկպնեմ, նույն հետագծով տանկը ինձ կխփի»,-պատմում է մայրը։ 

Պատերազմի առաջին օրերին արդեն ավագ սերժանտ Գրիգորյանը արժանանում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։ Այդ օրը Դավիթենց տուն մարդկանց հոսքը չի դադարում, լրագրողներ, հարազատներ, բոլորը գալիս էին շնորհավորելու։ Հայրը՝ Լյովան, որ այդ ժամանակ Ռուսաստանում արտագնա աշխատանքի էր, գործընկերների հետ այնտեղ է տոնում որդու պարգևատրումը։

 «Հենց այդ օրն էր, որ իմացա՝ Դավիթն առաջնագծում է։ Երեկոյան, երբ արդեն քիչ մարդ կար տանը, Դավիթը զանգեց, ասեցի՝ ի՛մ հերոս, ասեց՝ ա՛յ մամ, արդեն գիտե՞ք, դե վերջացրեք, ինչ եմ արել որ, իմ գործն էր»,-պատմում է տիկին Սուսանը։

Նախքան բանակ զորակոչվելը Դավիթն ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, զբաղվում էր նաև շախմատով։ Մայրը բերում է որդու շախմատը, ասում է, որ Դավիթից հետո առաջին անգամ է դիպչում նրա իրերին, և առհասարակ հազվադեպ է նայում լուսանկարներին։ 

«Փոքր ժամանակ ես իրեն տանում էի մարմնամարզության, կարատեի, բայց զգում էի՝ ոչ մեկն էլ իրենը չէր։ Մի անգամ ասեցի՝ Դավ ջան, մի հատ էլ դու խփի, ասեց՝ ես կարատեի իմաստը չեմ հասկանում, ինչի՞ խփեմ, եթե կարող եմ բառերով հասկացնել։ Որոշեցինք, որ իրենը գուցե շախմատն է, շատ էր սիրում մտածել ու շատ քիչ՝ խոսել․ ամբողջ օրը երկու բառ կասեր, որից մեկը հումոր»,-հիշում է մայրը։

Պատերազմի օրերին Դավիթը տուն զանգում էր նույն ժամերին, չէր խոսում պատերազմից, ասում էր, որ ամեն ինչ լավ է, տնեցիներին էր հարցեր տալիս. «Երբեմն, երբ ինքն ուզում էր սովորականից շատ խոսել, ես թույլ չէի տալիս, մտածում էի՝ չվտանգեմ իրեն ու իր հետ եղածներին, բայց հիմա էնքան եմ ափսոսում դրա համար»,-ասում է Սուսան Գրիգորյանը։

Վերջին անգամ Դավիթը տուն զանգել է նոյեմբերի մեկին, ասել, որ հնարավոր է՝ մի քանի օր չկարողանա զանգել․ «Ամսի եկուսին, երեքին դեռ սպասում էի, չէի զանգում, կողքից ինձ ասում էին՝ Դավիթը շատ պատասխանատու է, հաստատ կզանգեր։ Հաջորդ օրը, երբ ես զանգեցի իր համարին, ուրիշը վերցրեց, ասեց, որ գտել է հեռախոսը, ես անջատեցի ու արդեն հասկացա»,-պատմում է մայրը։

Մարտունի գնալուց մի քանի օր հետո՝ հոկտեմբերի 30-ին, Դավիթին հատուկ առաջադրանքով ուղարկեցին Ճարտար-Հերհեր գյուղերի մոտ գտվող դիրքեր, նրա հետ էին  ընկերները՝ Գևորգ Գրիգորյանը և Հակոբ Սարգսյանը։ Նոյեմբերի 2-ի առավոտյան՝ մոտ հինգն անց կեսին, թշնամու ԱԹՍ-ն հարվածեց խրամատին, որտեղ դիրքավորված էր Դավիթի ֆագոտային հաշվարկը եւ կողքի դիրքից իրենց միացած Կարեն Բադոյանը:  Պայթյունից զոհվեցին Դավիթ Գրիգորյանը, Գևորգ Գրիգորյանը, Կարեն Բադոյանը, Հակոբ Սարգսյանը ծանր վիրավորվեց։ Դիրքի զինվորականները Դավիթի և Գևորգի մարմինները տեղափոխեցին մոտակա նռան այգու տարածք՝ սպասելով մեքենայի։ Այդ ընթացքում հրետակոծությունն ուժեղացավ, և ողջ մնացածները չկարողացան մարմինները տեղափոխել: Հեռացան դիրքերից՝ որոշելով ավելի ուշ գնալ մարմինների հետևից: Սակայն այդ տարածքը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

photo1013.jpg (279 KB)Գևորգ Գրիգորյանը, Հակոբ Սարգսյանը, Դավիթ Գրիգորյանը

2020թ․-ի նոյեմբերի 13-ից սկսած՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները որոնողական աշխատանքների ընթացքում Մարտունու շրջանի Շեխեր, Դրախտիկ, Ջիվանի հատվածից հայկական կողմին են փոխանցվում 32 զինվորականների աճյուն, որոնց մեջ էր նաև Դավիթ Գրիգորյանի աճյունը։ Նրա մարմինը հնարավոր է եղել նույնականացնել մի քանի օրվա ընթացքում, քանի որ ծոցագրպանում է եղել բանկային քարտը և զինվորական գրքույկը, որը հիմա տեղ-տեղ արյունոտ, տեղ-տեղ վնասված պահվում է Գրիգորյանների տանը՝ այն կոնյակի շշի կողքին, որը պատրաստվում էին բացել, երբ Դավիթը վերադառնար։ 

Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանին 2020թ․ նոյեմբերի 26-ին հուղարկավորեցին իր հարազատ Սարդարապատ գյուղում։

Տես նաև՝

Մեկնաբանություններ (1)

Մարիա
Աստված հոգիտ լույսերի մեջ պահի մեր հերոս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter