HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստան է վերադարձել 5 գերի

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ևս 5 գերու։ Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի Էրեբունի օդանավակայանում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքուն նրանց փոխանցումն անվանում է «բարի կամքի դրսևորում»։

Բաքվից վերադարձած գերիներն են՝ Մելս Կարապետի Ամբարդարյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը և Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։ Գերիներին Բաքվից ուղեկցել է ռուսական խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Բաքվից վերադարձած 5 գերին 2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարված շիրակցիներից են: Նրանցից երեքը՝ Ռաֆիկ Կարապետյանը, Մելս Ամբարդարյանը և Սեդրակ Սողոմոնյանը տարվա հուլիսին 23-ին դատապարտվել էին 6 տարվա ազատազրկման։ Համապատասխանաբար հուլիսի 22-ին և հուլիսի 29-ին 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել նաև Ժորա Մանուկյանն ու Հովսեփ Մանուկյանը։

Բաքուն հայ գերիների վերադարձն անվանում է «բարի կամքի դրսևորում»՝ նշելով, որ նրանք «ծանր հանցագործություններ չեն իրականացրել»։ «Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն դրական է ընկալում ղարաբաղյան կարգավորումից հետո խաղաղ գործընթացի զարգացման հարցում Երևանի բարյացակամ դիրքորոշումը։ Եվ այդ զինծառայողների վերադարձը պետք է ընկալվի որպես բարի կամքի դրսևորում»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ շիրակցիների մի մասը գերեվարվել են դեկտեմբերի 13-ին։

Բաքուն շիրակցի հայ գերիներին մեղադրում էր դիվերսանտ լինելու մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր, նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 113 անձի։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter