HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակատանկային մարտկոցը․ սերժանտ Գևորգ Գրիգորյան

Գևորգ Գրիգորյանի ընտանիքն արդեն գրեթե 7 ամիս է՝ ամեն երեկո գնում է Եռաբլուր՝ որդու շիրիմին այցելության։ Այս անգամ, որպես բացառություն, միայն հայրն է գնացել․ մայրը մնացել է՝ մեզ հետ որդու մասին զրուցելու։

«Ամեն օր աշխատանքից հետո գնում ենք Եռաբլուր, մինչև գիշերվա ժամը մեկը-երկուսը, երբեմն նույնիսկ ավելի երկար անցկացնում այդ սրբավայրում, մանավանդ, որ սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր մեր հերոս նահատակներից մեկի զոհվելու տարելիցն է»,- ասում է Գևորգի մայրը՝ Քնարիկ Պապոյանը։

Տանը, բացի մայրիկից, նաև Գևորգի ավագ քույրն է՝ Սառան, մորաքույրը՝ Լիլիթը և Զիզի անունով աշխույժ շունը, որին դեռ ձագ եղած ժամանակվանից պահում էին Գևորգը և Սառան։ 93-ամյա Ալբերտ պապը, սենյակի անկյունում նստած, լուռ հետևում էր մեր զրույցին, Գևորգից խոսել չկարողացավ․ մեկ-երկու բառից հետո հուզմունքն ընդհատեց միտքը։

Գևորգ Գրիգորյանը բանակ է զորակոչվել 2019թ․ հուլիսին, ծառայել է Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում։ Վերջին անգամ տեսակցել է ընտանիքին 2020թ․-ի հունվարին` Գյումրուց արձակուրդ եկած օրերին, որից հետո հունվարի 10-ին մեկնել է Արցախ` Հադրութի գնդի հակատանկային մարտկոցում որպես կրտսեր սերժանտ շարունակելու ծառայությունը։ Սեպտեմբերի 25-ից Գևորգը մարտկոցի հետ գտնվել է դիրքերում և պատերազմի առաջին օրվանից մինչև հոկտեմբերի 27-ը պաշտպանել Կարախանբեյլի գյուղի մոտ գտնվող դիրքերը:

«Պատերազմի օրերին Գևորգը զանգեց ասաց՝ մամ, չէի պատկերացնի, որ ես մարդ կսպանեմ։ Ասացի՝ Գև ջան, դու մարդասպան չես, պատերազմ է, դու թշնամի ես ոչնչացնում»,- պատմում է տիկին Քնարիկը ու շարունակում,- «Գևորգի մարդկային ընկալումները շատ ուրիշ էին, զգայուն էր ամեն ինչի նկատմամբ, անտարբեր չէր կարող անցնել նույնիսկ մուրացիկների, անտուն կենդանիների կողքով»։

Գևորգը յոթ տարեկանից զբաղվել է «Ձյոսինմոն սյորինրյու» կարատեով, հայրը՝ Սերգեյ Գրիգորյանը, դեռևս խորհրդային տարիներին նույնպես զբաղվել է այն ժամանակ արգելված մարտարվեստի այդ ձևով: Գևորգի՝ կարատեի մրցումներից ստացած բազմաթիվ մեդալները ու պատվոգրերը շարված են սեղանին: Վերջինը ստացել է 2019թ․ ապրիլին 20-ին, Կալուգա, առաջին տեղ։

«Լինելով ֆիզիկապես ամուր, օժտված բարձր կամային հատկանիշներով՝ չէր կարողանում տանել բռնությունը, պատերազմները։ Ասում էր՝ ոնց կարան աշխարհում մարդիկ իրար սպանեն, պատերազմեն, ու դա լինի նորմալ, ու դա դառնա մասնագիտություն: Չէր հարմարվում զինծառայության կանոններին, միշտ իրենից ավելի թույլերի կողքին էր ու հաճախ հենց դրա համար էլ խնդիրներ էր ունենում»,- ասում է տիկին Քնարիկը ու ավելացնում, որ այդ ամենի հետ մեկտեղ իրեն վստահված զենքին՝ ֆագոտին, տիրապետում էր ամենայն մանրամասնությամբ։ Ծառայակիցները պատմում են, որ հաճախ հենց Գևորգին էին օրինակ բերում ուսումնական վարժանքների ընթացքում՝ որպես զենքին լավ տիրապետող: 

Պատերազմի ժամանակ Գևորգը միայն հորն է պատմել, որ տանկեր է խոցել, հետո նաև ծառայակից ընկերներն են հավաստել, որ խոցել է 11 տանկ, ութը Հադրութի դիրքերում, երեքը՝ Մարտունու դիրքում։ Ծառայակցի՝ Հակոբ Սարգսյանի խոսքով՝ Գևորգը խոցելիս երբեք չէր վրիպում։

Մեկ ամիս պատերազմելուց հետո՝ հոկտեմբերի 27-ին, հակատանկային մարտկոցը ստանում է նահանջի հրաման, նեղ միջանցքով զորքը նահանջում է դեպի Մարտունու Կաղարծի գյուղ:

«Նահանջի օրը Գևորգը զանգեց և շատ զայրացած ասաց՝ մամ ջան, ով էլ որ ասի Հադրութը գրավել են՝ չհավատաս, մենք մինչև վերջ պահել ենք մեր դիրքերը, մեզ պարզապես ասել են թողեք դուրս եկեք։ Հետո, երբ հասնում են Կաղարծի, տեսնում է տարբեր դիրքերից ողջ-առողջ ծառայակից ընկերներին, ում հետ կապ չէր եղել այդ ընթացքում, շատ է ուրախանում»,- ասում է մայրը։

Հոկտեմբերի 30-ին հակատանկային մարտկոցի ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյանին հատուկ առաջադրանքով ուղարկում են Հերհեր-Ճարտար դիրքեր՝ ասելով, որ հետը վերցնի նաև իր հաշվարկին։ Դավիթը, հասկանալով առաջադրանքի վտանգավորությունը, ասում է, որ ոչ ոքի չի կարող ասել։ Այդ ժամանակ ինքնակամ Դավիթին են միանում Գևորգ Գրիգորյանը և Հակոբ Սարգսյանը՝ ասելով, որ հաշվարկ պետք չի մենք ենք գնում՝ լավ խփողներով։

Վերջին անգամ Գևորգը ընտանիքի հետ խոսել է նոյեմբերի 2-ին, այդ գիշեր տանկային հարձակումը կանխելու ժամանակ ԱԹՍ-ի հարվածից զոհվել են Գևորգ Գրիգորյանը, Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը և այդ պահին դիրքին մոտեցած Կարեն Բադոյանը, Հակոբ Սարգսյանը ծանր վիրավորվել է:

Դեպքի մանրամասները Հակոբը լավ չի հիշում, ասում է միայն, որ այդ գիշեր իրենք երեք տանկ են խոցել, չորրորդը խոցելու ժամանակ ԱԹՍ-ն հարվածել է դիրքին, այդ դեպքի մասին նրա հիշողություններն այսքանն են։

Ակտիվ հրետակոծության պատճառով Գևորգի և Դավիթի մարմինները այդ պահին հնարավոր չի լինում դուրս բերել։ Տղաների աճյունները տարածքից դուրս են բերում նոյեմբեր ամսին։ Շնորհիվ գրպանում եղած փաստաթղթերի՝ Դավիթի աճյունը մի քանի օրվա ընթացքում նույնականացվում է։

Գևորգի ընտանիքը որդու աճյունը գտնելու համար մոտ 5 ամիս շարունակ փնտրել է։

«Մարտի տասնութն էր, ինձ զանգեցին, ասացին՝ վաղը մոտեցեք Հերացի։ Այդ պահին ես տեղումս քարացա, հարցրի՝ նորություն կա, ասացին՝ մոտեցեք, ձեզ կասեն»,- պատմում է Քնարիկ Պապոյանը։

Գևորգի ինքնությունը հաստատվում է, դրանից երկու օր հետո նրան հուղարկավորում են Եռաբլուրում։

Տանը քիչ են Գևորգի լուսանկարները, մայրը պատմում է, որ Գևորգը ծառայության ժամանակ ասում էր, որ չի ուզում զինվորական համազգեստով լուսանկար ունենալ։

«Զոհվածների ծնողները հուշանկյուններ են պատրաստում իրենց որդիների նկարներով, բայց մենք չկարողացանք։ Նույնիսկ Եռաբլուրում էլ իր շիրմաքարի վրա նկար չենք պատկերել։ Չգիտեմ, դժվար է, չենք համակերպվում, որ Գևս մեզ հետ չէ, մենք միշտ սպասում ենք իրեն»,- ասում է մայրը։

Գևորգը Հադրութի գնդի հակատանկային մարտկոցի 6 զոհված զինծառայողներից միակն է, որ չի պարգևատրվել, մինչև այսօր Գևորգի ընտանիքին ո՛չ զորամասից, ո՛չ զինկոմիսարիատից ոչ ոք չի այցելել։

Կարդա նաև՝

Մեկնաբանություններ (1)

Սուսան Ավագյան
Ինչ ընկերասեր սերունդ կորցրեցինք։ Երբ Դավիթիս առաջադրանք են տվել, Դավիթս ասել է, որ տղերք, վտանգավոր կլինի էտ դիրքը, որը որ պիտի պահենք ու առաջինը մեքենա է նստել Գևորգը՝ ասելով եթե պիտի մեռնենք, ուրեմն իրար հետ, Դավ։ Հետո միացել է Հակոբ (փառք աստծո Հակոբը ողջ է), իսկ արդեն առաջնագծում, երբ լուսաբացին Դավիթս կապ է տվել և ասել, որ գիշերային լույս չունի։ Դավիթի ձայնը լսել է Կարենը, ու չենթարկվելով հրամանատարին (որ էնտեղ վտանգավոր է մի գնա), իր լույսը տարել է Դավիթի դիրքը՝ ասելով, որ եթե Դավոյիս մի բան լինի, ես ինձ չեմ ների։ Ու հենց էտ դիրքում էլ անմահացան երեք իսկական ընկերները՝ Դավիթը, Գևորգը ու Կարենը։ Իսկ հիմա կա՞ նման ընկերություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter