
Էրդողանն ու Ալիևը մասնակցել են Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողությանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին, մասնակցել են Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողությանը։ Մինչ այդ, Թուրքիայի նախագահի օդանավը վայրէջք էր կատարել հենց այդ օդանավակայանում։
Էրդողանին օդանավակայանում դիմավորել է Ալիևը։ Թուրքիայի նախագահի աշխատանքային այցը մեկօրյա է և տեղի է ունենում Իլհամ Ալիևի հրավերով։ Նրան ուղեկցում են թուրք մի քանի նախարար, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և Ազգային պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարը։ Երկու երկրի նախագահները կտրել են կարմիր թելը, որից հետո շրջել օդանավակայանի տարածքում։
Բացի այդ, Ալիևն ու Էրդողանը Կովսականում (Զանգելան) մասնակցել են Ահմեդբեյլի-Հորադիզ-Միջնավան-Աղբենդ ավտոճանապարհի կառուցման և Կովսականում «խելացի ագրոպարկի» հիմնարկեքի արարողություններին, որը կստեղծվի Թուրքիայի աջակցությամբ։ Նախատեսվում է, որ Ալիևն ու Էրդողանը նաև կունենան առանձնազրույց, որի ընթացքում, ըստ նախօրեին տարածված հաղորդագրության, կքննարկվեն երկկողմ օրակարգի և համագործակցության հարցերը։ Օրակարգով Էրդողանի այցը Բաքու նախատեսված չէ։
Արցախի Վարանդայի շրջանի բռնազավթումից հետո Բաքուն այդտեղ ձեռնամուխ էր եղել միջազգային օդանավակայանի կառուցմանը։ Բաքվից առաջին փորձնական թռիչքն իրականացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 5-ին։ Մինչ օդանավակայանի պաշտոնական բացումը, շահագործման էր հանձնվել օդանավակայանի 3000 մետր երկարություն և 60 մետր լայնություն ունեցող թռիչքուղին։
Դեռ հոկտեմբերի 1-ին Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանին իր ելույթում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ մեկօրյա այցով կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Վարանդայի օդանավակայանի բացմանը։ Ավելի ուշ, թուրքական Haberturk-ը հայտարարել էր, որ օդանավակայանի բացման արարողությունը կկայանա նոյեմբերի 8-ին, սակայն հետագայում այն տեղափոխվեց հոկտեմբերի 26-ին։
Ներկայում Ադրբեջանը Արցախի բռնազավթված տարածքներում ևս երկու օդանավակայան է կառուցում՝ Կովսականում և Քաշաթաղում։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել