
«Դեմի Ֆարմն» ընդդեմ «Հետաքննող լրագրողների» նիստը հետաձգվեց դատավորի ինքնաբացարկի հիմքերը ներկայացնելուց հետո
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Դեմի Ֆարմ»-ն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի դատական գործով առաջին նիստն էր, որը, սակայն, հետաձգվեց մինչև նոյեմբերի 3-ը։ Պատճառն այն է, որ գործը քննող դատավոր Սիմիզար Հովսեփյանը կարող էր կողմնապահ գտնվել իր հետ փոխկապակցված անձի մասով «Հետքի» մեկ այլ հրապարակման կապակցությամբ, որով հարուցվել է քրեական գործ, և նախաքննությունը շարունակվում է։
Մասնավորապես, նշված հոդվածում անդրադարձ էր կատարվել Ս. Հովսեփյանի մերձավորներին, ինչը հիմք է տալիս դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու։ «Դեմի Ֆարմ» ընկերության ներկայացուցիչ Վահագ Գասպարյանը հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար ժամանակ խնդրեց, ուստի նիստը հետաձգվեց։
Դատական հայցը «Դեմի Ֆարմ» ընկերությունը ներկայացրել էր «Հետք»-ի հոդվածի առնչությամբ, որը վերաբերում էր ընկերության կողմից ներկրվող և դեղատներում վաճառվող մանկական «Herbaland» վիտամիններին։ Դրանք գրանցվել էին խախտումներով։ «Դեմի Ֆարմ»-ը նախ պահանջել էր հերքել հրապարակումն ու վճարել 1 000 000 դրամ, իսկ երբ խնդրել էինք հստակեցնել, թե հոդվածում կոնկրետ ինչն է զրպարտություն, որ կարողանանք բավարարել իրենց պահանջը, ընկերության փաստաբան Վահագ Գասպարյանը հայտնել էր, որ «նյութում նշվածները փաստական տվյալներ չեն պարունակում և իրականությանը չեն համապատասխանում»։
Այսպիսով, «Դեմի Ֆարմը» դատական հայց էր ներկայացրել «Հետք»-ի դեմ՝ համարելով հրապարակումը զրպարտություն եւ պահանջելով հրապարակային հերքել այն։ Մինչ այդ փաստաբանը հայտնել էր, որ չհերքելու դեպքում դատական կարգով պարտավորեցնելու են «Հետք»-ին վճարել 2 000 000 դրամ՝ որպես զրպարտության հետեւանքով պատճառված վնաս եւ պահանջելու են հեռացնել նյութը կայքից։
Նշենք, որ «Հետք»-ի հրապարակմանն արձագանքել էր ոլորտը վերահսկող Սննդամթերքի անվտանգության տեսչկանան մարմինը, և «Դեմի Ֆարմ» ընկերության կողմից ներկրվող «Herbaland» կալցիում և D3 վիտամինների պետական գրանցումը հեռացվել էր ԵԱՏՄ պետական գրանցման միասնական ռեեստրից, քանի որ հաստատվել էր հրապարկաման մեջ արդեն իսկ նշված խախտումը՝ վիտամինների «ձևակերպման ժամանակ եղած տեխնիկական սխալը» (սպեցիֆիկացիայի թարգմանության մեջ տեղի է ունեցել սխալմունք, որն արտացոլվել է պիտակի նախագծի մեջ):
Այն ուղղելուց հետո ապրանքը վերագրանցվել էր։
Մեկնաբանել