HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Կա որոշակի բացասական տրամադրվածություն Վրաստանի կողմից». Էրդողանը` «3+3» ձևաչափի մասին

Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման հարցին։ Այս մասին նախօրեին՝ հոկտեմբերի 31-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Հռոմում Մեծ քսանյակի գագաթնաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ ներկայումս շարունակվում են Հարավային Կովկասում «վեցի հարթակ»-ի ձևավորման շուրջ բանակցությունները։ 

«Ադրբեջա՛ն, Թուրքիա՛, Ռուսաստա՛ն, Իրա՛ն, Վրաստա՛ն և Հայաստա՛ն, եկեք վեցով համատեղ քայլ ձեռնարկենք և տարածաշրջանում խաղաղություն հաստատենք։ Այդ կապակացությամբ պարոն Իլհամ Ալիևը արդեն Հայաստանին առաջարկ է արել տարածաշրջանում խաղաղության հետ կապված։ Կա որոշակի բացասական տրամադրվածություն Վրաստանի կողմից, բայց եթե բոլոր այդ երկրները ցուցադրեն դրական մոտեցում, ապա այդ հարթակը կստեղծվի, և տարածաշրջանը կդառնա խաղաղության հարթակ»,- հայտարարել է Էրդողանը։ 

Թուրքիայի նախագահի նշել է՝ նման հարթակի ձևավորումը կնպաստի նաև դրական ուղղությամբ Անկարայի և Երևանի հարաբերությունների զարգացմանը։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնության վերաբերյալ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ այդ երկիրը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափում՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Հիշեցնենք, որ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հոկտեմբերի 30-ին մեկնարկել էր G 20-ի («Մեծ քսանյակ») գագաթնաժողովը, որը վերջինն էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ։ Սա քսանյակի առաջնորդների առաջին տետատետ հանդիպումն էր՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր։ Երկօրյա գագաթնաժողովի հիմնական թեմաներն էին կորոնավիրուսի համավարակն ու համաշխարհային տնտեսության ներկայիս իրավիճակը։

Մեծ քսանյակի գագաթնաժողովը անցնում էր անվտանգության խիստ կանոնների պայմաններում։ Վերջինիս ապահովման համար ներգրավվել էին մոտ 5 000 ոստիկան և զինծառայող։ Հանդիպման վայրը հսկվում էր նաև ուղղաթիռներով։ Մեծ քսանյակին անդամակցում են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ և Եվրամիությունը։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter