
Ջեյհուն Բայրամով. «Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը»
Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանն ամբողջությամբ աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է Բայրամովը՝ հավելելով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում գործընթացների վրա։ Բայրամովի խոսքերով՝ Ադրբեջանը հետաքրքրված է բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացմանը՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։
Այսօր առավոտյան Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նշանակված հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում։
«Նշանակվել են Հայաստանի հետ կարգավորման հատուկ ներկայացուցիչները։ Առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Հույս ունենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակներում»,- Անկարայում լրագրողներին հայտարարել էր Չավուշօղլուն։
Նա հավելել էր, որ առաջիկա օրերին կբացվի Ստամբուլի և Երևանի միջև ավիահաղորդակցությունը։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ թուրքական կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, որը դիվանագիտական ծառայության մեջ է 1984 թվականից։ Հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Թուրքական լրատվամիջոցները հայտարարել էին, որ դեպի Երևան թռիչքների է նախապատրաստվում թուրքական Pegasus ավիաընկերությունը, իսկ հայկական կողմից՝ FlyOne Armenia-ն։ Վերջինս փոխկապակցված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ։
Չնայած ընդհանուր սահմանին, Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտաքին գործերի նախարարներն ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմերի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳ մամուլի ծառայության
Մեկնաբանել