HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրը ազատագրեց Շուշին, որդին զոհվեց Շուշիի համար մղված մարտերում

20-ամյա Հայկո Խաչատրյանը պատերազմի մասին միշտ ծիծաղով էր խոսում իր ծնողների հետ։ Հումորի միջոցով մշտապես փորձել է ցրել պատերազմի ծանր ազդեցությունները, փորձել է ծնողներից թաքցնել այն արհավիրքները, որոնց միջով շաբաթներ շարունակ անցել են ինքն ու իր մարտական ընկերները։

«Ոչ մի անգամ լուրջ չէր խոսում, ինչքան զանգում էր, միշտ ծիծաղով ու հումորով էր խոսում։ Երբեք չէր ասում, որ ինչ-որ բան վատ է, նույնիսկ երբ զանգի ընթացքում ռումբի պայթյուն էր լսվում, ասում էր՝ էդ նորմալ ա, դա չի պայթում, վտանգավոր չի»,- իրենց վերջին հեռախոսազրույցներից մեկն է հիշում Հայկոյի մայրը՝ Գոհարը։

Հայկոյի հայրական կողմը Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից է, իսկ մայրական կողմը՝ Ակնաղբյուրից։ Նա իր ծնողների և երկու եղբայրների հետ մինչև 2019 թվականը ապրել է Ստեփանակերտում, սակայն հետո տեղափոխվել են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք։ 2020-ի հունվարին Հայկո Խաչատրյանը զորակոչվել է բանակ, ծառայում էր Ստեփանակերտում՝ կենտրոնական պաշտպանական շրջանում (հայտնի է որպես ՑՕՐ):

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայկոն հակատանկային դասակի իր ընկերների հետ եղել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի Կարախանբեյլի կոչվող տեղամասի դիրքերից մեկում։ Այնտեղ Հայկոն ու իր մարտական ընկերները մնացել են մինչև հոկտեմբերի 23-ը և անառիկ են պահել իրենց վստահված դիրքը։ Հոկտեմբերի 24-ին հերթափոխ է եղել։ Լողանալու և փոքր-ինչ շունչ քաշելու համար դասակին տեղափոխել են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս։ Հոկտեմբերի 29-ին հակատանկային դասակի տղաներն արդեն Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում էին։

Դրանից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 28-ին, Հայկոյի ծննդյան 20-րդ տարեդարձն էր։ Զանգել է տուն՝ ծնողների հետ խոսելու, պարզվել է՝ Ավետարանոցում ապրող տատն ու պապն էլ են արդեն Նոր Հաճնում եղել։ 

«Երբ Հայկոյի ծննդյան օրը խոսում էինք, բարձրախոսը միացրել էինք՝ սկեսուրս ու սկեսրայրս էլ էին շնորհավորում։ Զարմացավ, ասեց՝ բաբո՛, դեդո՛, դուք ըտեղ ի՞նչ եք անում։ Ասեց՝ է՜, Հայկո՛, ցավդ տանեմ, մեր գյուղն էլ են վերցրել։ Մի պահ ձայն չհանեց, հետո՝ ո՞նց Ավետարանոցը վերցրել են։ Մեկ էլ ասեց՝ չմտածե՛ս, սպասի՛, գնանք Քարին Տակի հարցերը լուծենք, կգանք Ավետարանոցն էլ հետ կվերցնենք։ Մենք էլ իրան էինք հարցնում՝ ճի՞շտ ա, որ էսինչ գյուղը վերցրել են։ Ասում էր՝ պրոբլեմ չի, հանձել ենք, կվերցնենք»,- պատմում է Հայկոյի մայրը՝ Գոհար Խաչատրյանը։

Նոյեմբերի 4-ի գիշերը, երբ պահեստազորն արդեն նահանջած է եղել Քարին Տակից, Հայկոյենց դասակը դեռ այնտեղ է եղել։ Ստիպված նրանք նույնպես դուրս են եկել գյուղից՝ չնայած զոհվելու մեծ վտանգին։

Քարին Տակից դուրս գալու հաջորդ օրը՝ նոյեմբերի 6-ին, Հայկոն Շուշի մատույցներից զանգահարել է ավագ եղբորը՝ Բորիսին և ասել, որ հրաշքով են ողջ մնացել։ 

«Զանգեց, ասեց՝ Բորի՛ս, նորից ծնվել ենք։ Նոյեմբերի 5-ին երկրորդ ծնունդս պետք ա նշենք»,- պատմում է Բորիսը։ Այդ զանգը վերջինն է եղել Հայկոյի համար։ 

Նոյեմբերի 7-ին՝ պատերազմի ավարտից ընդամենը երկու օր առաջ, 20-ամյա Հայկոն զոհվում է Շուշի տանող ճանապարհին։ Իրենց 8-հոգանոց հակատանկային դասակից ողջ են մնում միայն դասակի հրամանատարն ու մեկ ժամկետային զինծառայող, որը մինչև օրս էլ շարունակում է ծառայությունը։ Հենց հրամանատարն էլ Հայկոյի զոհվելու մասին տեղեկացրել է հարազատներին։

Լավրենտի Խաչատրյանը՝ Հայկոյի հայրը, 1992 թվականին մասնակցել է Շուշիի ազատագրման գործողությանը։ Գոհարը, խորը հոգոց հանելով, համեմատական է անցկացնում․ «Հայրը ազատագրեց Շուշին, որդին եկավ Շուշի մարտերում զոհվեց»։

Թեպետ Հայկոյի զոհվելու լուրը ծնողները գիտեին, բայց երկար ժամանակ նրա աճյունը չէր հայտնաբերվում։ Հայկոյի ծնողներն ու հարազատները ամիսներ շարունակ փնտրտուքների մեջ են եղել, հանձնված ԴՆԹ-թեստերը ոչ մի կերպ չեն նույնականացվել։ 

2021թ․ հոկտեմբեր 23-ին հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործեր է ներկայացրել, որոնք վերաբերում են թվով 20 անձանց, ովքեր անհետացել են ադրբեջանական գերության մեջ։ Այդ 20 անձանցից մեկն էլ եղել է Հայկո Խաչատրյանը։ 

Սակայն այս նորությունից օրեր անց Դատաբժշկական գիտագործնական կենտրոնից զանգահարել են Հայկոյի ծնողներին և հայտնել, որ ԴՆԹ-փորձանմուշը նույնականացվել է աճյուններից մեկի հետ։ Ի վերջո, պատերազմի ավարտից մեկ տարի անց՝ 2021թ․ նոյեմբերի 16-ին, ծնողները վերցնում են Հայկոյի աճյունը և նոյեմբերի 17-ին հուղարկավորում Նոր Հաճնում։

Նոր Հաճնը ադամանդագործության հայտնի կենտրոն է։ Հայկոյի մորական պապը՝ Սարուխան Իսաբաբյանը թանքարժեք քարերի երեսակման մասնագետ է։ Մինչև բանակը զորակոչվելը Հայկոն պապի մոտ հենց այս արհեստն է սովորել։ 

«Ոչ թե իմ թոռն ա, դրա համար եմ ասում, այլ ինքը ֆենոմեն երեխա էր։ Երբ որ էդ արհեստը վեց ամսվա մեջ են սովորում, ինքը երկու ամսվա ընթացքում արդեն սկսեց քար հանձնել։ Նպատակին հասնելու համար ամեն ինչ անում էր։ Երկու ամսում արհեստը սովորեց ու դառավ էդ գործարանի աչքի լույսը։ Ես 25 տարի ա էդ մասնագիտությամբ եմ զբաղվում, բայց չէի տեսել, որ 17 տարեկան էրեխեն էդպես արագ սովորի իմ արհեստը»,- հիշում է Սարուխան Իսաբաբյանը։

Զորացրվելուց հետո Հայկոն մտադիր էր աշխատել և տուն գնել իր ընտանիքի համար, սակայն 20-ամյա տղան իր դասակի ընկերներ հետ ընկավ Շուշիի պաշտպանության համար մղված մարտերում։

Հայկո Խաչատրյանի դասակից են եղել նաև Վարդան Ամալյանը, Հակոբ Եղիազարյանը ու Նարեկ Բադալյանը, որոնց մասին ևս «Հետքը» գրել է։ Առաջիկայում կանդրադառնանք նաև դասակի զոհված մյուս տղաներին և նրանց անցած մարտական ուղուն։

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter