HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրավոր Նարեկը Շուշիից զանգել է եղբորն ու ասել․ «Բոլորիդ սիրում եմ, ինձ չսպասեք»

2020 թվականի նոյեմբերի 7-ի առավոտյան Նարեկ Բադալյանը սովորականի նման զանգահարել է տուն, որպեսզի ծնողներին հայտնի, որ ամեն ինչ լավ է և անհանգստանալու կարիք չկա։ Սակայն այդ օրվա ընթացքում երկրորդ զանգը Նարեկի հարազատների համար անսպասելի է եղել։ Շուշիի մատույցներից արդեն իսկ վիրավոր Նարեկը եղբոր հետ խոսելիս ասել է․ «Բոլորիդ սիրում եմ, ինձ չպսասեք»։

Նարեկ Բադալյանը ծնվել է 2001 թվականին Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում։ Ընտանիքի ավագ զավակն էր, իրենից փոքր քույր ու եղբայր ուներ։ 2020թ․ հունվարի 7-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Ստեփանակերտում՝ կենտրոնական պաշտպանական շրջանում (հայտնի է որպես ՑՕՐ), հակատանկային դասակի հաշվարկի հրամանատար էր։

Սեպտեմբերի 27-ին Նարեկը դասակի իր ընկերների հետ տեղափոխվել է Վարանդայի (Ֆիզուլի) Կարախանբեյլի կոչվող տեղամասի դիրքերից մեկը, որտեղ մնացել են մինչև հոկտեմբերի 24-ը և անառիկ են պահել դիրքը։ Հոկտեմբերի 24-ին հերթափոխ է եղել։ Լողանալու և հանգստանալու համար դասակին տեղափոխել են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս։ Հոկտեմբերի 29-ին հակատանկային դասակի տղաներն արդեն Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում էին։

Նոյեմբերի 4-ի գիշերը, երբ պահեստազորը սկսել է նահանջել Քարին Տակից, Նարեկենց դասակը նույնպես դուրս է եկել և տեղափոխվել Շուշիի մատույցներ։ Նոյեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, դասակը շրջափակման մեջ է ընկել, Նարեկը ոտքից վիրավորվել է և վիրավոր ժամանակ զանգահարել հորեղբորորդուն․

«Ասել էր՝ ոտից վիրավոր եմ։ Ախպերն ասել էր՝ դե ժգուտով կապի՛, մինչև տղերքը գան, կհանեն։ Ասում ա՝ ախպե՛ր, ո՞վ գա հանի, վերևն իրանք են, ներքևն իրանք են, կողքերն իրանք են։ Ու կյանքում առաջին անգամ ախպոր հետ բարձր ձայնով խոսում էր, ասում էր՝ լավ, հիմա ձե՛նդ կտրի ու լսի՛, թե ես քեզ ինչ եմ ասում․ տնեցիքին բոլորին կասես, որ իրանց սիրում եմ, ես էլ չեմ գալու, ինձ չսպասեք․․․ու ատբոյ ա տվել։ Դրանից հետո կնքել ա իր անմահությունը, ինքն իր ձեռքով ա կնքել իր անմահությունը»,- հիշում է Նարեկի հայրը՝ Արման Բադալյանը։ 

Արման Բադալյանը նույնպես մասնակցել է մարտական գործողություններին։ Հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 7-ը եղել է Ակնայում (Աղդամ)։ Արման Բադալյանը մասնակցել է նաև Արցախյան առաջին պատերազմին։ 44-օրյա պետարազմի օրերին հարազատների հետ զրույցներում Նարեկը բուն մարտական գործողություններից ոչինչ չի պատմել, սակայն ասել է, որ երբ պատերազմն ավարտվի էլ չի թողնելու, որ հայրն ինչ-որ բան խոսի, միայն ինքն է պատմելու իր տեսածից ու ապրածից։

Նարեկը զվարթ ու կենսուրախ տղա էր։ Մայրը՝ Հասմիկը, պատմում է, որ երբ նա տուն էր մտնում, տան մթնոլորտն ամբողջությամբ փոխվում էր, նույնիսկ այն ժամանակ երբ տրամադրություն չեն ունեցել։ Հասմիկը հիշում է՝ Նարեկը քայլող ուրախություն էր։

«Նարեկի մեջ էնքան կյանք կար, բայց ինքն էդ կյանքը լիարժեք էր պատկերացնում, որ բանակից պետք ա գար տուն ու ամեն ինչ լավ էր լինելու։ Ասում էր՝ գնամ երկու տարի ծառայեմ, շուտ գամ։ Ասում էր բանակից հետո պետք ա էնպիսի աշխատանք ընտրեմ, որ միշտ կոստյումով լինեմ, նորմալ աշխատանք ունենամ ու իմ ծնողներին պահեմ։ Ու ինքը դա կաներ, ինքն ուներ ամեն ինչ դրան հասնելու համար»,- պատմում է Հասմիկը՝ նշելով, որ Նարեկը մտադիր էր զորացրվելուց հետո իրավագիտություն սովորել։ 

Նարեկի մայրը հիշում է, որ պատերազմի օրերին Նարեկի հետ խոսելիս երբեք նրա ձայնում տխրություն ու անհանգստություն չի նկատել, և ընդհակառակը Նարեկն է իր կատակներով փորձել գոտեպնդել ծնողներին․

«Էդքան ինքը զանգում էր, ամեն օր։ Մի անգամ իրա ձայնը տխուր ու անտրամադիր չեմ լսել, որ մտածեմ՝ ինքն ինչ-որ վատ բանի մեջ ա։ Զանգում էր, ինքն էր կատակներ անում, ինքն էր մեզ ասում՝ մի՛ մտածեք, ամեն ինչ լավ ա լինելու։ Ինքն էլ գիտեր մինչև վերջին պահը, որ ամեն ինչ լավ ա լինելու, բայց․․․բայց էսպես դասավորվեց»,- ասում է Նարեկի մայրը։

Նարեկի աճյունը ծնողներին են հանձնել նրա զոհվելուց մոտ 10 օր անց՝ նոյեմբերի 16-ին։ Հայրը՝ Արման Բադալյանը, պատմում է, որ բացի ծնկի վիրավորումից Նարեկը հրազենային վնասվածք է ունեցել նաև ծնոտի ստորին հատվածում։ 

«Էդ տեղից ոչ մեկ չի վիրավորվում։ Էդպես կարողանում են խփեն միայն էն մարդիկ, որոնք իրենց կյանքը զոհաբերում են, որպեսզի գերի չընկնեն։ Ցավալի ա, բայց լավ ցավ ա, որովհետև գերի ընկնելն ավելի վատ ցավ ա, քան քեզ զոհաբերելը․․․ բառերով չեմ կարա բացատրեմ»,- ասում է Արման Բադալյանը։

Նարեկ Բադալյանը հուղարկավորվել է 2020թ․ նոյեմբերի 18-ին Ծաղկալանջի գերեզմանատանը։ Ի հիշատակ Նարեկի Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է նրա անունով։ Կրտսեր սերժանտ Նարեկ Բադալյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության Արիության մեդալով։ 

Նարեկ Բադալյանի դասակից են եղել նաև Վարդան Ամալյանը, Հակոբ Եղիազարյանը ու Հայկո Խաչատրյանը, որոնց մասին ևս «Հետքը» գրել է։ Առաջիկայում կանդրադառնանք նաև դասակի զոհված մյուս տղաներին և նրանց անցած մարտական ուղուն։

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter