HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը Նազարբաևին զրկել է Անվտանգության խորհրդի ցմահ նախագահությունից

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը (մաժիլիս) հաստատել է օրենսդրական այն փոփոխությունները, որոնցով ենթադրվում է Անվտանգության խորհրդում և Ղազախստանի ժողովրդի վեհաժողովում (ԱԺՎ) Ղազախստան առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ցմահ նախագահության չեղարկում։ Այդ մասին հայտնել է պատգամավոր Կանատ Նուրովը։  

«Նախևառաջ, անհրաժեշտ էր չեղարկել Անվտանգության խորհրդում և Ղազախստանի ժողովրդի վեհաժողովում առաջին նախագահի ցմահ նախագահությունը, որի մասին նա արդեն հայտարարել էր և որն այսօր մենք արեցինք։ Ձեր խոնարհ ծառան մասնակցել է մաժիլիսի այդ պատմական որոշմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նուրովը։

Նա պատմել է, որ սենատ է ուղարկվել «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ-Ելբասըի մասին», «Ղազախստանի ժողովրդի վեհաժողովի մասին» և «Ղազախստանի Հանրապետության անվտանգության խորհրդի մասին»  սահմանադրական օրենքներում փոփոխությունները։ 

Նախորդ տարվա ապրիլին հայտարարվել էր, որ Նազարբաևը որոշել է Ղազախստանի ժողովրդի վեհաժողովի նախագահության իրավունքը փոխանցել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Հունվարյան իրադարձությունների ժամանակ Ղազախստանի նախագահը հայտարարել էր, որ ստանձնել է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։

«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ունի ամբողջ իշխանությունը։ Նա Անվտանգության խորհրդի նախագահն է։ Շուտով Նախագահը կընտրվի նաև Նուր Օթան կուսակցության նախագահ»,- նախօրեին իր ուղերձում հայտարարել էր Նազարբաևը։

1990-1991 թվականներին Նուրսուլթան Նազարբաևը եղել է Ղազախական ԽՍՀ նախագահ, իսկ այնուհետ դարձել անկախ Ղազախստաի առաջին նախագահը։ 2019 թվականին երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո նա պահպանել էր անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, որը նրան լայն իրավասություններ էր տալիս։ 

Այս տարվա հունվարի 2-ին մեկնարկած բողոքի ցույցերից ի վեր Նազարբաևը չէր հայտնվել հանրության առաջ և հայտարարություն չէր արել։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից ազատել է Նազարբաևին։ Լուրեր տարածվեցին, որ նախկին նախագահն ու նրա ընտանիքի անդամները կարողացել էին լքել երկիրը։ Նազարբաևի ներկայացուցիչը հայտնել էր, որ նա Ղազախստանում է և ինքնակամ է հրաժարվել Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից։ 

Բողոքի ցույցերից հետո Նազարբաևի ընտանիքի անդամներն ազատվել են ղազախական խոշոր ընկերություններում, պետական մարմիններում և կառավարության հետ կապ ունեցող կազմակերպություններում իրենց զբաղեցրած պաշտոններից, ինչպես նաև կորցրել տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Ղազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, մինչև հունվարի վերջ հրաժարվել է մասնակցել խորհրդարանի ստորին պալատի նիստերին, որի անդամ է։ Նրա մամուլի քարտուղարը դա բացատրել է կորոնավիրուսից հետո վերականգնման գործընթացով։ 

Լուսանկարը՝ akorda.kz-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter