
ՀԱՊԿ-ն ավարտել է իր առաքելությունը Ղազախստանում
ՀԱՊԿ-ը ավարտել է իր խաղաղապահ առաքելությունը Ղազախստանում։ Այդ երկրի մայրաքաղաքից մեկնել են ռուսական վերջին չորս ռազմատրանսպորտային ինքնաթիռները, որոնք տեղափոխել են ՀԱՊԿ խաղաղապահներին։ Այդ մասին հայտնում է Meduza-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Այդ չորս ինքնաթիռներով Ռուսաստան է վերադարձել նաև խաղաղապահ առաքելության հրամանատարարությունը՝ գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի գլխավորությամբ։
«Խաղաղապահ առաքելությունը, որն իրականացվում էր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմանը համապատասխան, Ղազախստանի Հանրապետության տարածքում ավարտվել է»,- հայտարարել է Սերդյուկովը՝ հավելելով, որ խաղաղապահները կատարել են իրենց առջև դրված խնդիրը։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ից Ղազախստանում զանգվածային ցույցեր և անկարգություններ էին։ Դրանք մեկնարկել էին երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ժանաոզեն քաղաքում։ Ի սկզբանե մարդիկ փողոց էին դուրս եկել՝ բողոքելով գազի գների թանկացման դեմ։ Ավելի ուշ, պահանջները քաղաքականացվեցին։
Ալմաթիում անկարգությունների մասնակիցները սկսեցին հարձակումներ իրականացնել։ Նախագահ Տոկաևը հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը երկրի ողջ տարածքում մտցրեց արտակարգ դրության ռեժիմ, իսկ այնուհետ գլխավորեց Անվտանգության խորհուրդը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Հունվարի 5-ին Տոկաևը դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդներին՝ խնդրելով «օգնություն ցուցաբերել Ղազախստանին ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։
Կազմակերպությունը Ղազախստան էր ուղարկել հավաքական խաղաղապահ ուժեր, որոնք պետք է ձեռնամուխ լինեին պետական օբյեկտների պահպանությանը և օգնեին տեղական իրավապահ մարմիններին։ Հայաստանը Ղազախստան էր ուղարկել խաղաղապահ ուժերի 100 զինծառայողի, որոնք դուրս բերվեցին հունվարի 14-ին։
Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել