HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նազարբաևի հիմնադրամները 8 միլիարդ դոլարի ակտիվներ են կառավարում

Ղազախստանի նախկին նախագահ և երկրի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը, բարեգործական հիմնադրամների ցանցի միջոցով, ունի բանկեր, հյուրանոցներ, հեռուստաընկերություններ և միլիարդավոր դոլարների այլ ակտիվներ։ Այդ մասին նշվում է OCCRP-ի հունվարի 19-ին հրապարակված համատեղ հետաքննության մեջ, որն իրականացվել է ղազախական «Vласть» և ղրղզական Kloop պարբերականների հետ։ 

Հետաքննության մեջ նշվում է, որ Նազարբաևը դեռ նախագահության շրջանում, ստեղծել է չորս մասնավոր բարեգործական հիմնադրամ, որոնք ունեցել են միանման անվանումներ։ Դրանք ոչ թափանցիկ են գործում և շարունակում գաղտնի կառավարվել Նազարբաևի և նրա ընտանիքի անդամների կողմից։ 

Ֆորմալ առումով հիմնադրամներն զբաղվում են բարեգործությամբ՝ հանրայնացնելով ղազախերենը և երեխաներին նվերներ ուղարկելով, սակայն բացի այդ, նրանք կառավարում են խոշոր ակտիվներ, որոնք փաստացի պատկանում են Նազարբաևին։ 

Այդ ակտիվների թվում են բանկեր, հեռուստաընկերություններ, հյուրանոցներ, ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ մասնավոր ինքնաթիռ, գոլֆի դաշտ, կանխիկ միլիարդավոր դոլարներ։ «Ամենաքիչ հայտնի օբյեկտների թվում են պահեստային տարածքները, մակարոնի ֆաբրիկան։ Ինչ-որ ժամանակ այդ ցանկում եղել է նույնիսկ տարածքների բարեկարգմամբ զբաղվող ընկերություն»,- նշում են հետաքննության հեղինակները։ 

Ինչպես պարզել են լրագրողները, «Նազարբաև հիմնադրամ»-ը, որը պաշտոնապես զբաղվում է կրթության աջակցությամբ, Jusan Technologies ընկերության բաժնետոմսերի վերահսկող փաթեթի սեփականատերն է, որին էլ իր հերթին, Ղազախստանում և Ռուսաստանում պատկանում են առցանց խանութներ, Kcell և Jusan Mobile հեռախոսային օպերատորները, սննդի մատակարարման ընկերություններ, Նուր-Սուլթանում և Կոստանայեում առևտրի կենտրոններ, բրոքերական ընկերություններ։ Ընկերության ակտիվները գնահատվում են 7,8 միլիարդ դոլար։

Airbus ACJ320neo մասնավոր ինքնաթիռը, որն անվանում են «թռչող պենտհաուս», ձեռք է բերել մեկ այլ հիմնադրամ՝ «Նուրսուլթան Նազարբաևի հիմնադրամ»-ը, որը դարձյալ ստեղծվել է Ղազախստանի առաջին նախագահի կողմից։ Ներկայումս օդանավը գտնվում է Berkut Air-ի հաշվեկշռում, որը ղազախական պետական ավիաընկերություն է և գտնվում է նախագահի գործերի կառավարման ենթակայության տակ։ 

Նազարբաևի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել նախկին նախագահի ունեցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը։ Երեք հիմնադրամներ արված հարցումներն անտեսել են, իսկ չորրորդից նշել, որ ակտիվները շահույթ չեն բերում քաղաքական գործչին։

Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախագահն էր մինչև 2019 թվականը, որից հետո այդ լիազորությունները փոխանցեց Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, իսկ ինքը ցմահ զբաղեցրեց Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։ Այս տարվա հունվարի առաջին կեսին այդ երկրում տեղի ունեցած զանգվածային ցույցերի և անկարգությունների ֆոնին, Տոկաևը Նազարբաևին ազատել էր իր զբաղեցրած պաշտոնից։ 

Հունվարի 18-ին Նազարբաևը տեսաուղերձով դիմեց ժողովրդին։ Նա հայտարարեց, որ հունվարյան անկարգությունները և ցույցերը «հարձակում էին Ղազախստանի վրա», որի նպատակն էր քանդել «պետության կառուցվածքը»։ Նազարբաևը հայտարարեց, որ Տոկաևը երկրում ունի ողջ իշխանությունը, հանդիսանում է Անվտանգության խորհրդի քարտուղար և շուտով կընտրվի նաև իշխող «Նուր Օթան» կուսակցության ղեկավար, որի արտահերթ նիստը առցանց ձևաչափով նախատեսվում է իրականացնել հունվարի 28-ին։ 

Հունվարի 19-ին Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մաժիլիսը  հաստատել էր օրենսդրական այն փոփոխությունները, որոնցով ենթադրվում է Անվտանգության խորհրդում և Ղազախստանի ժողովրդի վեհաժողովում (ԱԺՎ) Նազարբաևի ցմահ նախագահության չեղարկում։

Ղազախստանում զանգվածային ցույցերի առաջին օրերին պետական համակարգից և առևտրային ընկերություններից հեռացվեցին Նազարբաևի բարեկամները, որը մինչ օրս շարունակվում է։

Լուսանկարը՝ James O’Brien/OCCRP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter