HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը ցանկանում է «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պլանավորում է անցկացնել Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի հերթական հանդիպումը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը։ 

«Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակում է իր ջանքերը ներդնել, որպեսզի Կովկասում տիրի խաղաղություն և կայունություն։ Նրա խոսքով՝ Անկարան ծրագրում է անցկացնել «3+3» հարթակի շրջանակներում հերթական հանդիպումը, որը մշակվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում։ Հայաստանը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ 

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նախատեսվում էր, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնությամբ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։

Պաշտոնական Թբիլիսին էլ հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։ Հունվարի 4-ին Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան վերահաստատել էր, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով Թուրքիայում կայանալիք հանդիպմանը։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter