
Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում 100-ից ավելի քրեական գործ կա
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում 100-ից ավելի քրեական գործ կա: Բարձրագույն դատական խորհրդի կայքում արդեն առկա են դատավորների 2021-ի գործունեության արդյունքները, որից երևում է, որ հաշվետու ժամանակահատվածում դատավորի վարույթում եղած 110 գործ անավարտ է:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ դատախազությունը դիմել է ԲԴԽ՝ Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություններով: Թե ինչ քրեական գործի շրջանակներում են դատավորի նկատմամբ վերը նշված գործընթացները, դեռևս հայտնի չէ: Իրավաբանական համայնքը վստահ է, որ դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ հաշվի առնելով, որ նրա վարույթում քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր են քննվում, ինչպիսիք են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործերը:
Նշենք, որ եթե ԲԴԽ-ն դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տա, ենթադրվում է, որ դրան կհաջորդի դատավորին մեղադրանք առաջադրելն ու լիազորությունների կասեցումը: Այս դեպքում դատավորի վարույթում եղած գործերը վերաբաշխվում են: Ստացվում է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում 100-ից ավելի գործ պետք է վերամակագրվի: Սա այն դեպքում, երբ, ըստ ԲԴԽ կայքում հրապարակված տեղեկատվության, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում առանց այն էլ մեկ դատավորի թափուր հաստիք կա:
Այս պահին Սյունիքում քրեական գործեր են քննում դատավորներ Նապոլեոն Օհանյանը, Բորիս Բախշիյանը, Գնել Գասպարյանը, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, և նրա գործուղման ժամկետը Սյունիքում ավարտվում է ապրիլ 8-ին: Օրեր առաջ Սյունիքում դատավոր է նշանակվել նաև Լուսինե Սեփխանյանը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս քննում է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունները:
Մեկնաբանել