
«Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին». Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները ձեռք են մեկնել՝ խաղաղություն առաջարկելով Հայաստանին։ Այդ մասին Թուրքիայի ՊՆ ղեկավարը ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք սպասում ենք, որ մեր առաջարկը կընդունվի։ Մենք ջանքեր ենք գործադրում՝ ուղղված նրան, որ դրա հաշվին խաղաղություն ու կայունություն հաստատվի ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև կամ էլ Հայաստանի և Թուրքիայի, այլ ողջ Կովկասում»,- հայտարարել է Աքարը։
Թուրք պաշտոնյայի խոսքով՝ թուրքերն ու ադրբեջանցիները սերտորեն համագործակցում են Ղարաբաղում։ «Այդ համագործակցությունն իրականացվում է բոլոր ուղղություններով` սկսած գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն»,- նշել է Աքարը՝ հավելելով, որ երկու երկրները կշարունակեն խորացնել նաև համագործակցությունը անվտանգության ու պաշտպանության ոլորտներում։
Եթե այս պահի դրությամբ, գոնե բացահայտորեն, ադրբեջանական կողմի հետ Հայաստանի փոխգործակցությունն իրականացվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման, ինչպես նաև գերիների հարցերով, ապա Թուրքիան ու Հայաստանը նշանակել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք քննարկում են երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցերը։
Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։
Նախորդ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից զատ, Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել նաև Ռուբեն Ռուբինյանը։ Հայկական կողմը դեռ չի որոշել՝ կմասնակցի արդյոք, թե՝ ոչ։
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, կվերականգնվեր նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։
Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել