HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Օմեր Չելիք. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը համաձայնեցվում են Ադրբեջանի հետ»

Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ անգամ ցուցադրել է իր հավատարմությունը խաղաղությանն ու դիվանագիտությանը։ 

Նա նշել է, որ Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերսկսվում է, սակայն մինչ այդ պահը կողմերը երկար ճանապարհ են անցել։

Չելիքը հավելել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքները տարածաշրջանում ստեղծել են հարաբերությունների կարգավորման և խաղաղության հնարավորություն։ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը համաձայնեցվում են Ադրբեջանի հետ»,- նշել է նա։

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։

Նախորդ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից զատ, Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել նաև Ռուբեն Ռուբինյանը։ Հայկական կողմը դեռ չի որոշել՝ կմասնակցի արդյոք, թե՝ ոչ։

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, կվերականգնվեր նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Լուսանկարը՝ Haber7-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter