HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նազարբաևը զրկվել է Ղազախստանի քաղաքականության վրա ազդելու հնարավորությունից

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը չորեքշաբթի օրը՝ փետրվարի 2-ին, քվեարկել է օրենսդրական փոփոխությունների օգտին, որոնք չեղարկում են երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ Ղազախստանի քաղաքականության հիմնական ուղղությունների համաձայնեցման անհրաժեշտությունը։ Նման փոփոխությունների իրականացումը նախաձեռնել էին խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պատգամավորները։

Որպեսզի օրենսդրական փոփոխությունները մտնեն ուժի մեջ, անհրաժեշտ է, որ այն ստորագրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ 

Դեռ 2000 թվականին Ղազախստանում օրենսդրական կարգով սահմանվել էր ելբասիի կարգավիճակը, իսկ երկրի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական ուղղությունների համաձայնեցումը Նազարբաևի հետ օրենսդրական կարգով ամրագրվել 2010 թվականին։ 

«Հանրապետության սահմանադրական մի քանի օրենքներում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» օրենքում փոփոխությունների իրականացումը ենթադրում է նաև փոփոխություններ «Առաջին նախագահի մասին» օրենքում։ Դրանցով Նազարբաևը զրկվել է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի և Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոններից։ Այդուհանդերձ, Ղազախստանի նախկին նախագահը կմնա հանրապետության սահմանադրական խորհրդի անդամ և կպահպանի կառավարությունում և խորհրդարանում ելույթ ունենալու իրավունքը։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ից Ղազախստանում զանգվածային ցույցեր և անկարգություններ էին։ Դրանք մեկնարկել էին երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ժանաոզեն քաղաքում։ Ի սկզբանե մարդիկ փողոց էին դուրս եկել՝ բողոքելով գազի գների թանկացման դեմ։ Ավելի ուշ, պահանջները քաղաքականացվեցին։ 

Ալմաթիում անկարգությունների մասնակիցները սկսեցին հարձակումներ իրականացնել։ Նախագահ Տոկաևը հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը երկրի ողջ տարածքում մտցրեց արտակարգ դրության ռեժիմ, իսկ այնուհետ գլխավորեց Անվտանգության խորհուրդը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ 

Հունվարի 5-ին Տոկաևը դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդներին՝ խնդրելով «օգնություն ցուցաբերել Ղազախստանին ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։

Կազմակերպությունը Ղազախստան էր ուղարկել հավաքական խաղաղապահ ուժեր, որոնք պետք է ձեռնամուխ լինեին պետական օբյեկտների պահպանությանը և օգնեին տեղական իրավապահ մարմիններին։ Հայաստանը Ղազախստան էր ուղարկել խաղաղապահ ուժերի 100 զինծառայողի, որոնք դուրս բերվեցին հունվարի 14-ին։

Լուսանկարը՝ Elbasy.kz-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter