HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավոր Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, քիչ առաջ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու: Նշենք, որ դատավորին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը սկսվել է փետրվարի 3-ին, այդ օրն, ինչպես նաև երեկ ու այսօր դատական նիստերը բավականին երկարատև են եղել:

Բախշիյանին մեղադրում են Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Վերջինս չի ընդունում մեղադրանքը, դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր նկատմամբ տեղի ունեցող գործընթացները միջամտություն են իր՝ որպես դատավորի գործունեությանը:

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ահնհայտ ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին, ով Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է: Դատավորի նկատմամբ սկսված գործընթացներից հետո իրավական հանրությունը  վստահություն է հայտնում, որ դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ հաշվի առնելով, որ նրա վարույթում քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր են քննվում, ինչպիսիք են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի,  Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործերը: Դատավորի նկատմամբ սկսված գործընթացի վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև Դատավորների միությունը: Հենց այս կառույցի հայտարարության միջոցով է հայտնի դարձել, որ Գլխավոր դատախազը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան անձեռնմխելությունից, այդ թվում՝ ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացել ԲԴԽ, որոնք հետագայում բավարարվել են:

Դատարանը Բախշիյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter