HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտերը Զարդանաշենում․ ինչպես գրավվեցին Զարդանաշեն և Սարգսաշեն գյուղերը

Քարին Տակի անկումը (մաս 1, մաս 2), Սղնախի անկումը, Ավետարանոցի անկումը, Մոշխմհատի, Մադաթաշենի, Ակնաղբյուրի և Ջրաղացների անկումըՇեխերի անկումը

Ադրբեջանական ուժերը 2020 թվականի հոկտեմբերի 27-ից 31-ը ընկած ժամանակահատվածում գրավել են Արցախի Մարտունու շրջանի Զարդանաշեն և Սարգսաշեն գյուղերը։ Զարդանաշենը հակառակորդը միայն մի քանի օր տևած մարտերից հետո է կարողացել գրավել, իսկ Սարգսաշեն մտել է առանց դիմադրության։

Զարդանաշենում և Սարգսաշենում տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ «Հետք»-ը զրուցել է նշված համայնքների ղեկավարներ Վոլոդյա Դանիելյանի և Խաչիկ Խաչատրյանի հետ։ Որոշ ճշտումներ կատարվել են Արցախի ազատամարտիկների միության անդամ Սևակ Փարսյանի օգնությամբ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրը Զարդանաշեն գյուղի պահեստազորայինները (ՄՈԲ-ի ենթակա անձինք) զինկոմիսարիատ են կանչվում։ Համայնքի ղեկավար Վոլոդյա Դանիելյանը 9 գյուղացու (սա գյուղի ամբողջ ՄՈԲ-ն էր) անձամբ է տեղափոխում Մարտունու շրջանի Ճարտար գյուղ։ Այնտեղից 8-ը տեղափոխվում է Մարտունի 2-ի դիրքեր, իսկ մեկը որպես շտապօգնության վարորդ՝ Ջրական (Ջաբրայիլ)։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Զարդանաշենի բնակչությունը (կանայք, տարեցները և երեխաները) գյուղից տարհանվել են։ Նույն օրը Զարդանաշենում աշխարհազորի հավաք է իրականացվում։ Մարտունու շրջանի աշխարհազորը ղեկավարում էր նախկին զինվորական, այդ ժամանակ Մարտունու վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը (այժմ՝ Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ)։ Նույն օրը 16 գյուղացուց բաղկացած աշխարհազորը դիրքավորվում է Զարդանաշենի արևմտյան հատվածում (գյուղից ուղիղ գծով 1 կմ հեռավորության վրա)։ Նրանցից ձախ՝ դեպի Թաղավարդ (արևելք) ընկած հատվածում գտնվող դիրքում տեղակայված էր Ավետարանոցի աշխարհազորի 10 հոգանոց խումբը, ավելի ձախ՝ Հայաստանից բերված 17 հոգանոց ՄՈԲ-ը (վերջինիս կապը Թաղավարդի հետ էր)։

Հոկտեմբերի 22-ին Զարդանաշեն են վերադառնում ՄՈԲ-ի կազմով Մարտունի 2-ի դիրքեր մեկնած 8 գյուղացիները։ Նրանք միանում են իրենց գյուղի պաշտպանությանը։ Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը հակառակորդը հարձակվում է Հայաստանից եկած ՄՈԲ-ի դիրքի ուղղությամբ, որը բավականաչափ հեռու էր Զարդանաշենի տղաների զբաղեցրած դիրքից, վերջինները միայն կրակոցի ձայներ են լսել։ Հետագայում Զարդանաշենում իմացել են, որ այդ դիրքում 5 զոհ, 5 վիրավոր է եղել (զոհերից մեկը վիրավոր է եղել, հետագայում է մահացել: Այս դրվագին կանդրադառնանք Թաղավարդ գյուղի պաշտպանության մասին մեր հաջորդ հրապարակման մեջ

«Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 02:30-03:00-ի սահմաններում էր։ Մերոնք այդտեղ 5 զոհ են տալիս, 5 վիրավոր։ Առավոտ լույսը բացվում ա, տղերքի հետ գնում ենք, մի քանի վիրավորի օգնում, դուրս ենք հանում, էդ ժամանակ արդեն ամբողջ դիրքերը հետ էին քաշվել։ Էլ պահելու ձև չկար, էլի, մենք տեսել էինք հեռադիտակով, որ շատ են, մենք հետ էինք քաշվել, եկել գյուղ, գյուղում նորից պաշտպանության անցել»,- բնագծի փոփոխությունը ներկայացնում է Զարդանաշենի գյուղապետ Վոլոդյա Դանիելյանը։ ՄՈԲ-ը հարձակումից հետո նահանջում է, իսկ Ավետարանոցի ջոկատն ամբողջությամբ վերադառնում է իրենց գյուղ, Զարդանաշենի աշխարհազորն էլ դիրքավորվում է գյուղի մատույցներում։

Հակառակորդը հոկտեմբերի 23-ին, բացի նշված դիրքի վրա հարձակումից, մեծաթիվ խմբերով շարունակել է իր առաջխաղացումը դեպի Մոշխմհատ գյուղի հարավային հատվածի անտառներ։ Այդ ուղղությամբ ադրբեջանական ուժերին հետագայում հաջողվել է հասնել Շուշի քաղաք։

Հոկտեմբերի 24-ին բնագիծը հետևյալ տեսքն է ունենում․ Զարդանաշեն գյուղի հարավային մասում տեղակայվում են նույն գյուղի աշխարհազորի տղաները, նրանցից դեպի աջ (արևմուտք)՝ մինչև Սղնախ, կանգնած էին Ասկերանի շրջանի Մոշխմհատ, Մադաթաշեն, Ջրաղացներ, Ակնաղբյուր, Ավետարանոց գյուղերի աշխարհազորայիններրը։

Բնագծի փոփոխմանը զուգահեռ երկու մեքենայով Զարդանաշեն է գալիս աշխարհազորի հրամանատար Արարատ Մելքումյանը, որպեսզի դիտարկում իրականացնեն, իրավիճակը տեղում գնահատեն։ Նրանց միանում է Զարդանաշենի՝ տեղանքին քաջածանոթ մի բնակիչ։ Գյուղից ոչ հեռու Արարատ Մելքումյանի խումբը կրակահերթի տակ է հայտնվում։ 4 հոգի վիրավորվում է, որից հետո խումբը կարողանում է Մոշխմհատ տանող ճանապարհով դուրս գալ դեպի Ակնաղբյուր, հետո կրկին գալիս է Զարդանաշեն։

Նույն օրը հակառակորդը հարձակման փորձ է կատարում Զարդանաշենի ուղղությամբ։ Այդ ժամանակ պաշտպանական մարտում զոհվում է հարևան Թաղավարդ գյուղի բնակիչ Հովիկ Երվանդի Ավագյանը, որը Զարդանաշենի աշխարհազորի կազմում էր մասնակցում պատերազմին։

Զարդանաշենի աշխարհազորի 16 հոգանոց խմբի մի մասը չի կարողանում շարունակել պաշտպանությունը (մի մասը տարեց էր, մյուս մասն էլ զենքին չէր տիրապետում)։ Աշխարհազորի և ՄՈԲ-ի թիվը դառնում է 7։ Գյուղի պաշտպանությունն ամրացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտից Արցախի ազատամարտիկների միության 54 հոգանոց խումբը տեղափոխվում է գյուղ։ Աշխարհազորի հրամանատար Արարատ Մելքումյանը, համոզվելով, որ վետերանների գալով իրավիճակը կայուն է, գյուղի պաշտպանությունն ուժեղացվել է, Զարդանաշենից տեղափոխվում է այլ բնակավայրերի դիրքեր։

Հոկտեմբերի 25-ին Զարդանաշենի աշխարհազորը, ՄՈԲ-ը վետերանների հետ միասին, 4 դիրքում դիրքավորված, մնում է գյուղի հարավային հատվածում։ Առավոտյան հակառակորդը փորձում է հարձակվել գյուղի վրա, սակայն պաշտպանական ուժերի դիմադրությունից հետո հարձակումը կասեցվում է։ Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16:00-ի սահմաններում, երկրորդ գրոհն է սկսվում Զարդանաշենի դիրքապահների ուղղությամբ։ Պաշտպանության ժամանակ Ազատամարտիկների միությունից զոհվում է Աշոտ Վագիֆի Սևյանը, ևս մեկը վիրավորվում է։ Հակառակորդը դիրքային առաջխաղացում չի ունենում։

Հոկտեմբերի 26-ին հակառակորդը կրկին հարձակման փորձ է կատարում, որը պաշտպանական ուժերը կարողանում են հետ մղել: Մարտի ընթացքում մի հոգի վիրավորվում է։ Այդ օրը հայկական կողմը հրետանային հարվածներ է հասցնում հակառակորդին։

«Ես տվյալները տալիս էի, Սարգսաշենից ներքև էր տեղակայված մեր հրետանին ու լավ էլ աշխատել ա։ Տենց աշխատել ա, բայց անօգուտ։ Անօգուտ ասած՝ ուժերը շատ էին, էլի, հակառակորդի, չենք դիմացել էլ, հետագայում հետ ենք նահանջել»,- նշում է Զարդանաշեն համայնքի ղեկավարը։

Հոկտեմբերի 27-ի առավոտյան հակառակորդը ականանետային հարվածներ է հասցրել Զարդանաշենին, իսկ ժամը 6:30-7:00-ի սահմաններում մեծաթիվ կենդանի ուժն է առաջացել։ Մարտի ժամանակ ազատամարտիկների միությունից 3 հոգի զոհվել է՝ Սերժիկ Էդիկի Պետրոսյանը, Արմեն Էդուարդի Ավանեսյանը, Լևոն Ալբերտի Մինասյանը։ Նրանց մարմինները միայն պատերազմից հետո են գյուղից հանել։ Դիրքապահները, գնահատելով ուժերի անհամաչափությունը, որոշել են նահանջել։

Զարդանաշենի աշխարհազորը, ՄՈԲ-ն ու Ազատամարտիկների միության տղաները գյուղից դուրս են գալիս հակառակորդի կողմից չվերահսկվող միակ ճանապարհով, որը տանում էր Սարգսաշեն։

Զարդանաշենի գյուղապետ Վոլոդյա Դանիելյանը իրավիճակի վերաբերյալ հեռախոսով տեղեկացնում է աշխարհազորի հրամանատար Արարատ Մելքումյանին։ Վերջինս գալիս է Սարգսաշեն և փորձում է առաջանալ դեպի Զարդանաշեն։ Երկու գյուղերի միջնամասում գտնվող կապի կայանի մոտից ցանկանում են դիտարկել, սակայն կայանին մոտենալ չեն կարողանում, քանի որ նկատում են հակառակորդին։ Հրաձգություն է տեղի ունենում, որից հետո վերադառնում են Սարգսաշեն։ Հոկտեմբերի 27-ին Վետերանների խումբը Սարգսաշենից տեղափոխվում է Սղնախ գյուղ` միանալով այդ գյուղի պաշտպանությանը։

Սարգսաշենի գրավումն առանց դիմադրության

Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը, պատերազմական գործողություններով պայմանավորված, Զարդանաշենի համար թիկունքային նշանակություն ուներ։ Սեպտեմբերի 27-ին Սարգսաշենում պահեստազորայինների հավաք է տեղի ունենում։ Զինկոմիսարիատի կողմից կանչման ենթակա 20 գյուղացի տեղափոխվում է Ճարտար, այնտեղից էլ՝ Մարտունի 2-ի պաշտպանական դիրքեր։ Հադրութի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանը զուգահեռ Սարգսաշենի բնակչությունն առանց հատուկ տարհանման դուրս է գալիս գյուղից, մնում են միայն տղամարդիկ։ Հոկտեմբերի 15-ին ինչպես Զարդանաշենում, այնպես էլ Սարգսաշենում աշխարհազորայինների հավաք է իրականացվում (27 հոգի), իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 8-ին, գյուղ է բերվում Հայաստանից եկած 27 հոգանոց ՄՈԲ ռեսուրս։ Այդ խումբը նախատեսված էր գյուղի պաշտպանությանը միանալու համար, սակայն տարբեր պատճառաբանություններով բոլորը մինչև հոկտեմբերի 25-ը լքում են Սարգսաշենը։ Գյուղում գտնվել են նաև բանակային ուժեր Վարանդայից (Ֆիզուլի), Արալեռից և Հադրութից, որոնք եւս չեն միացել գյուղի պաշտպանությանը։

Սարգսաշենի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանի խոսքով, ընդհանուր առմամբ մոտ 250 հոգանոց անձնակազմ է եղել, սակայն երբ հասել է գյուղը պաշտպանելու ժամանակը, բոլորը գնացել են։ Սարգսաշենից ՄՈԲ-ով դիրքեր մեկնած անձնակազմը (19 հոգի, 1-ը՝ Հենրի Յուրիկի Գրիգորյանը, զոհվել էր հոկտեմբերի 23-ին Մարտունի 2-ում) հոկտեմբերի 25-ին վերադառնում է գյուղ, երբ տեղեկություն է ստացվում, որ հակառակորդն արդեն հասել է Շեխերի մատույցներ։

Հոկտեմբերի 24-ին Սարգսաշենի գյուղապետը, տեղեկանալով, որ հակառակորդի խմբերը նկատվել են Մոշխմհատ գյուղի մատույցներում, կրակոցներ են եղել, 8 հոգու հետ գնում են այդ ուղղությամբ։ Հասնելով այն վայրը, որտեղ դիրքավորված էին Ակնաղբյուրի գյուղացիները՝ միանում են նրանց և կրակ վարում։ Մոտ 15 րոպե տեւող հրաձգությունից հետո հակառակորդի կրակը լռում է: Գյուղացիները նկատում են, որ նրանք շարունակում են իրենց ճանապարհն անտառով՝ Քիրս սարի ուղղությամբ (այդ ճանապարհով հետագայում հակառակորդը հասել է Շուշի)։

Նույն օրը Սարգսաշենի տղաները վերադառնում են իրենց գյուղ և գյուղի մատույցներում դիրքավորվում։ Մինչ այդ Սարգսաշենում երկու ուղղությամբ էր դիրք դրվել։ Մեկը՝ գյուղից դեպի արևելք (Թաղավարդին հարող), մյուսը՝ արևմուտք (Ակնաղբյուրին և Մադաթաշենին հարող)։ 

Հոկտեմբերի 27-ին, երբ Ազատամարտիկների միության խումբը Զարդանաշենից դուրս է գալիս, Սարգսաշենի դիրքապահներին զգուշացնում են, որ հայկական ուժեր են իջնում գյուղ, հանկարծ չկրակեն։ Սարգսաշենի գյուղապետը փորձում է հասկանալ, թե ինչու են ազատամարտիկները լքում Զարդանաշենը և տեղեկանում է, որ հակառակորդի հարձակումը հնարավոր չի եղել կասեցնել։

Զարդանաշենի գրավման փաստը խուճապային տրամադրություն է առաջացնում սարգսաշենցիների շրջանում։ Երկու դիրքի անձնակազմը (աշխարհազոր և ՄՈԲ) աստիճանաբար նվազում է և հոկտեմբերի 27-ին դառնում է 6 հոգի։

Հոկտեմբերի 28-ին Սարգսաշենի դիրքերում գտնվողներն իջնում են գյուղ, հանդիպում Զարդանաշենի գյուղապետ Վոլոդյա Հովսեփյանին, որը Զարդանաշենի գրավումից հետո Սարգսաշենում էր մնացել։ Սարգսաշենի վրա որևէ հարձակում այդ օրը չի լինում, կրակոցների ձայներ լսվում են Ավետարանոցի կողմից։ Պարզ էր, որ հակառակորդն իր ընթացքը շարունակել է դեպի Սղնախ և զուգահեռ մտել Ավետարանոց, Ակնաղբյուր։

Հոկտեմբերի 28-ին Սարգսաշենի ու Զարդանաշենի գյուղապետերը 4 սարգսաշենցու հետ լքում են գյուղը, սակայն հակառակորդն այդ օրը չի մտնում Սարգսաշեն։

Հոկտեմբերի 29-ին Սարգսաշենի և Զարդանաշենի գյուղապետերը Հայաստանից (Շամշադինից) Արցախ մեկնած կամավորների 4 հոգանոց խմբի հետ դիրքավորվում են Սարուշեն գյուղին հարող տարածքում՝ Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհի մոտ։ Նրանց են միանում նաև Սարգսաշենի աշխարհազորից 11 հոգի, 14 կամավոր էլ՝ Ստեփանակերտից։ Նույն օրը այդ անձնակազմը փորձում է մտնել Սարգսաշեն։ Մեքենաներով 1-1.5 կմ առաջանում են, սակայն երբ տեղեկություն են ստանում, որ Թաղավարդի մի մասը (Վերին Թաղավարդ) հակառակորդը գրավել է, իսկ Սարգսաշենից արևմուտք գտնվող գյուղերն արդեն գրավված էին, որոշում են չհասնել Սարգսաշենի տներին, քանի որ շրջափակման մեջ կարող էին ընկնել։

Սարգսաշեն վերադառնալու ևս մեկ անհաջող փորձ է տեղի ունենում հոկտեմբերի 30-ին։ Սարգսաշենի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը մեկ հոգու հետ հոկտեմբերի 30-ին անտառներով առաջանում է և դիտարկում Սարգսաշենի և Զարդանաշենի միջանկյալ տարածքը։ Այդ ժամանակ գյուղերի միջնամասում գտնվող կապի աշտարակի մոտ տեսնում են հակառակորդին։ Սարգսաշենի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը հրետանային աջակցություն է խնդրում հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար։ 

«Մի քանի հատ կրակեցին (հայկական հրետանին), էդ հատվածում (կապի աշտարակի մոտ) ուղիղ նշանակետով խփել են։ Էդ ընկերոջս հետ թաքուն֊թաքուն իջանք համարյա գյուղի մեջտեղը։ Էն որ արդեն ճամփան դեպի Զարդանաշեն ա տանում։ Այդպես մի 10-15 րոպե նայեցինք հեռադիտակով դեպի Զարդանաշենի կողմը։ Հետո Սարգսաշենից դուրս՝ դեպի Զարդանաշեն, ավտոյի ձեներ լսեցինք, դե արդեն գիտենք, որ գյուղից 1 կմ հեռու էր, էդ ընթացքում վիշկայի կողմից գյուղի վրա ականանետ սկսեց աշխատել։ Էդ ընկերոջս ասեցի, որ էլ մնալու բան չկա, մնացել էինք երկու հոգով։ Տներին էին խփում, գյուղամեջին»,- հոկտեմբերի 30-ի իրադարձություններն է նկարագրում Սարգսաշենի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը։

Հոկտեմբերի 31-ի առավոտյան Սարգսաշենին կրկին ականանետային հարվածներ են հասցնում, ականները հարվածում են գյուղի շինություններին։ Ժամը 11:00-12:00-ի միջակայքում Սարգսաշենը ծխապատվում է։ Պարզ է դառնում, որ ադրբեջանական ուժերը մտել են գյուղ, այրել տներ, շինություններ։ Հոկտեմբերի 31-ին Սարգսաշենի գյուղապետն ընկերոջ հետ մի վերջին հուսահատ փորձ է անում գյուղին մոտենալու։ Անտառով առաջանում է ու դիտարկում Սարգսաշենը։ Գյուղամիջում տեսնում է հակառակորդի զինծառայողներին, կրակում նրանց ուղղությամբ։ Պատասխան կրակի ինտենսիվությունից պարզ է դառնում, որ ադրբեջանցիների թիվը մեծ է։ Սարգսաշենի գյուղապետն ու ընկերը անտառով հեռանում են։ 

Սարգսաշենի և Զարդանաշենի գյուղացիներից կազմված մի խումբ մինչև պատերազմի ավարտը՝ նոյեմբերի 9-ը, գտնվել է Սարուշենից Կարմիր Շուկա տանող ճանապարհին հարող հատվածում։

Պաշտոնական լրահոսը հոկտեմբերի 24-ից 30-ը

Պատերազմի ամբողջ ընթացքում պաշտոնական տեղեկատվությունը հիմնականում ներկայացնում էր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Որոշ դեպքերում տեղեկություններ էր հրապարակում նաև ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Մարտական գործողությունների վերաբերյալ ժամանակ առ ժամանակ տվյալներ էին ներկայացնում Արցախի պաշտոնյաները։ Հոկտեմբերի 24-ին, երբ ադրբեջանական ուժերն առաջին անգամ Հադրութից Շուշի առաջանալիս հարձակվեցին Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղի ուղղությամբ, պաշտոնական լրատվությունը լուռ էր։ Այդ օրը Արծրուն Հովհաննիսյանը «Միասնական տեղեկատվական կենտրոնի» տաղավարից իրավիճակը ներկայացնելիս նշեց, որ Հադրութից հյուսիս դիվերսիոն մեկ խումբ է ոչնչացվել։ Ըստ նրա՝ մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում էին։ Հոկտեմբերի 24-ին Արծրուն Հովհաննիսյանը քարտեզ է հրապարակել, որի վրա մարտական գործողությունների բնակավայրեր նշված են եղել նաև Հադրութի շրջանի Տումի, Մեծ Թաղեր, Դրախտիկ, Ջիվանի և Մարտունու շրջանի Շեխեր գյուղերը։

Զարդանաշենի ուղղությամբ հարձակման մասին որոշակի մեղմ ձևակերպումներով տեղեկատվություն է տրամադրել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։ «Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդանաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները հետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Վահրամ Պողոսյանը։

Իսկ իրականում հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Մարտունու շրջանի Թաղավարդ (Վերին) և Զարդանաշեն գյուղերի միջանկյալ հատվածում հայկական կողմը չէր կարողացել դիմակայել հակառակորդի հարձակմանը, զոհեր տալու հետևանքով նահանջել էր, բնագիծը փոխվել էր։ 

Հոկտեմբերի 25-ին Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղում, այդ թվում՝ Ավետարանոցի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր։ Դա այն դեպքում, երբ հոկտեմբերի 23-ից Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղն այլևս հայկական ուժերի հսկողության տակ չէր, իսկ ամսի 25-ին հակառակորդն արդեն մտել էր այդ բնակավայր։ Հոկտեմբերի 26-ին Արծրուն Հովհաննիսյանի փոխանցած տվյալների համաձայն՝ Մարտունիի շրջանի Շեխեր, Ջիվանի, Հադրութի շրջանի Ազոխ և հարակից այլ գյուղերում մարտեր են։ Զարդանաշեն գյուղի ուղղությամբ հարձակումների մասին՝ ոչ մի խոսք։ Հոկտեմբերի 27-ին, երբ Զարդանաշեն գյուղը հակառակորդը գրավեց, Արծրուն Հովհաննիսյանը մարտերի վերաբերյալ քարտեզ հրապարակեց, որի համաձայն՝ մարտեր էին Ավետարանոցում։ Այնինչ Ավետարանոցը հակառակորդն արդեն գրավել էր, գրավված էին նաև Զարդանաշենը, Մոշխմհատը, Մադաթաշենը։ Նույն օրը հայկական վերահսկողությունից դուրս էին եկել Ակնաղբյուր և Ջրաղացներ գյուղերը։

Հոկտեմբերի 28-ին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ամենօրյա ճեպազրույցում արդեն խոսեց «Բերձորի ուղղության» մասին։ Ըստ Հովհաննիսյանի՝ այդ և հարավային ուղղությամբ ոչ լայնածավալ մարտական գործողություններ են ընթացել։ Իրականում այդ օրը հակառակորդը հարձակվել և երկու մասի էր բաժանել Սղնախ գյուղը, իսկ հաջորդ օրն առանց դիմադրության գյուղն ամբողջապես գրավել էր։ Նույն օրը Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը ևս դուրս է եկել հայկական վերահսկողությունից (առանց հակառակորդի հարձակման)։

Հոկտեմբերի 29-ին հակառակորդի առաջխաղացման մասին տեղեկատվություն ներկայացրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ըստ Շուշիից նրա հղած ուղերձի, հակառակորդը գտնվում էր բերդաքաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Իրականում այդպես էլ կար՝ հակառակորդը հոկտեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսի դրությամբ գտնվում էր Սղնախ և Քարին Տակ գյուղերի միջնամասում («Չախմախ» կոչվող տեղամասում)։ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր ճեպազրույցում հայտնել է․ «Այսօր մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղերի տարածքում և հարակից բլուրների և անտառային տարածքներում։ Դիվերսիոն խմբերը ներթափանցել են տարբեր ուղղություններով»։

Հոկտեմբերի 30-ին, նկատի ունենալով Շուշիի մերձակայքը, Արծրուն Հովհաննիսյանն առանց բնակավայրի անուն տալու հայտարարեց, որ փոքր խմբավորումները «մեկ այս անտառում, մեկ այն անտառում, մեկ այս բնակավայրում, մեկ՝ մյուսում հայտնվում են, կորչում են, կորուստներ են կրում, նահանջում են»։ Այս հայտարարությունից առաջ էլ նշել էր, որ հակառակորդի ռազմաբազա է չեզոքացվել։ Իրականում հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը չի եղել հայկական ուժերի վերահսկողության տակ։ Այդ օրվա դրությամբ հակառակորդը, վերահսկելով Սարգսաշենը, Զարդանաշենը, Մոշխմհատը, Մադաթաշենը, Ակնաղբյուրը, Ջրաղացները, Ավետարանոցը, Սղնախը, առաջանում էր Քարին Տակ գյուղ՝ մինչ այդ նաև գրավելով «Չախմախ» տեղամասը։

Նյութական կորուստները


Զարդանաշենը Արցախի Մարտունու շրջանի գյուղերից է։ Համայնքը լեռնային է, ունի 995,08 հա տարածք, որից 464,31 հա գյուղատնտեսական նշանակության, 479,76 հա՝ անտառային հողեր։ 2020 թվականին Զարդանաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 88 մարդ, 21 տնտեսություն։ Գյուղում կար 57 բնակելի տուն։

Հիմա զարդանաշենցիների մեծ մասը բնակվում է Ստեփանակերտում, որոշ ընտանիքներ ապրում են Հայաստանի տարբեր մարզերում։

Զարդանաշեն համայնքի սահմանային գոտով է հոսում Վարանդա գետի վտակը։ Զարդանաշեն համայնքի տարածքում գործող աղբյուրներն են ՝ «Շենին», «Յոզունեգ», «Գյոկու», «Մեյդան գոմեր» և «Կապան»։ Գյուղում կա նաև 18-19 դդ. եկեղեցի՝ Սբ. Աստվածածինը: Զարդանաշենն ուներ գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Թաղավարդի միջնակարգ դպրոցի Զարդանաշենի մասնաճյուղը։ Բնակիչները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ, հողագործությամբ։ Զարդանաշենցիներն ունեին 88 խոշոր, 35 մանր եղջերավոր անասուն, 540 թռչուն։

Սարգսաշենը հիմնվել է 1969 թվականին: Գյուղը լեռնային է, ունի 977,3 հա տարածք, որից 642,06 հա՝ գյուղատնտեսական նշանակության, 271,07 հա էլ անտառային հողեր։ Սարգսաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում կա 3 աղբյուր` «Տանձի», «Շենին ջուր» և «Թթու ջուր»։ Կան պատմամշակութային հուշարձաններ՝ խաչքար (XI-XII դարեր), ջրաղաց (XIX դար), ամրոց-բնակատեղի Ջաղադուզ (մ.թ.ա. III դար), սրբատեղի (մ.թ.ա. 2 հազ. XVII դար), հաշվառված է 9 հուշարձան։

Գյուղում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց։ Սարգսաշենում մինչ 44-օրյա պատերազմն ապրում էր 68 ընտանիք` 250 բնակիչ։ Հիմա նրանք բնակություն են հաստատել Ստեփանակերտում, Ասկերանում, Կարմիր Շուկայում։ Սարգսաշենցիները պահում էին 205 խոշոր ու մանր եղջերավոր անասուն, ընտանի 3200 թռչուն։

Հեղինակներ՝ Տիրայր Մուրադյան, Անյա Սարկիսովա

Տեսանյութերը՝ Անյա Սարկիսովայի և Սարո Բաղդասարյանի

Ձևավորումը՝ Տիրայր Մուրադյանի

Նյութի պատրաստմանն օժանդակել է Գայանե Հովսեփյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter