HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտերը Սղնախում․ գյուղի անկումը

2020թ. հոկտեմբերի 27-ին ադրբեջանական զինուժը գրավել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը։ Շուշի հասնելու նրանց ճանապարհին են եղել Սղնախ, ապա Քարին Տակ գյուղերը: Հոկտեմբերի 28-ի երեկոյան Սղնախն անցել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Մինչ գյուղի անկումը, Սղնախում և հարակից տարածքներում մարտեր են ընթացել։

Մարտերը գյուղում 

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրերից Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի բնակիչները ռազմաճակատի տարբեր հատվածներում են եղել։ Իսկ գյուղում մնացածները զբաղվել են թիկունքային ապահովմամբ։ Հադրութը գրավելուց հետո (հոկտեմբերի առաջին շաբաթ) ադրբեջանական ուժերը ներթափանցել են հարակից անտառներ։ Հադրութից դեպի հյուսիս-արևմուտք  նրանց առաջընթացը կասեցնելու նպատակով Ասկերանի շրջանի գյուղերում ձևավորվել են պաշտպանական ջոկատներ։ Սղնախի ջոկատը ղեկավարել է համայնքի ղեկավար Եղիշե Ղահրամանյանը։

Հոկտեմբերի 12-ին գյուղացիներից կազմված խմբերը Սղնախից դեպի Քիրս սարն ընկած հատվածում են տեղակայվել։ Նպատակն այն էր, որ եթե Հադրութից ադրբեջանական ուժերը փորձեն շրջանցել դեպի Շուշի տանող գյուղերը, ապա կանխեն նրանց առաջխաղացումը։ Գյուղացիները տարբեր հերթափոխերով հերթապահություն են իրականացրել այդ հատվածներում մինչև հոկտեմբերի 28-ը։ Այդ ընթացքում ավելի խորքում գտնվող Քարին Տակ գյուղի պաշտպանական խմբերին զգուշացրել են, որ իրենցից առաջ և դեպի Քիրս սարը՝ Սղնախի արոտավայրերը, դիրքեր կան, որտեղ սղնախցիների խմբերն են։ Զգուշացրել են, որ նահանջի դեպքում իրենք իմանան, որ հակառակորդը չէ այդ հատվածում։

Դրան զուգահեռ Սղնախ գյուղում էլ է հերթապահություն իրականացվել, որպեսզի Հադրութից անտառներ մտած հակառակորդի դիվերսիոն խմբերը չներթափանցեն Սղնախ։

Հոկտեմբերի 25-ի դրությամբ Սղնախի բնակչության մի մասը տեղափոխվել էր Արցախի համեմատաբար ապահով բնակավայրեր, որոշ մասը՝ Հայաստան։ Հոկտեմբերի 25-ից հակառակորդը հրետանային հարվածներ է սկսել հասցնել Սղնախի հարևանությամբ գտնվող Մոշխմհատ, Մադաթաշեն, Ավետարանոց, Ակնաղբյուր գյուղերի ուղղությամբ։ Այդ օրը Մոշխմհատ գյուղից օգնություն են խնդրել սղնախցիներից, որոնք արդեն հենց Սղնախում դիրքեր էին կառուցում, խրամատներ փորում։ Գյուղացիների մեծ մասը զբաղված է եղել ինժեներական աշխատանքով։

Սղնախի գյուղապետ և գյուղի պաշտպանական խմբի ղեկավար Եղիշե Ղահրամանյանը համագյուղացիներից Սպարտակ Հակոբջանյանի հետ գնացել է 20 կմ հեռավորության վրա գտնվող Մոշխմհատ գյուղի դիրքեր։ Տեղում տեսնելով իրավիճակը՝ Եղիշե Ղահրամանյանը զանգահարել է Սղնախում գտնվող տղաներին և ասել, որ խաղաղ բնակչությանը տարհանեն։

Հոկտեմբերի 26-ին հակառակորդը սկսում է հրետակոծել արդեն Սղնախը։ Այդ օրն ու հոկտեմբերի 27-ին գյուղից տարհանել են նաև տարեց տղամարդկանց, որոնցից միայն 82-ամյա Վոլոդյա Աղաբեկյանն է մնացել Սղնախում։ Հոկտեմբերի 26-ին ադրբեջանական ուժերը գրավել են Մոշխմհատը, հոկտեմբերի 27-ին՝ Ավետարանոցը և շարժվել են դեպի Սղնախ։ Սղնախցիներ ռազմաճակատի տարբեր հատվածներից վերադարձել են գյուղ, որպեսզի մասնակցեն պաշտպանությանը։ Գյուղացիներից կազմված աշխարհազորը բաղկացած է եղել մոտ 45 հոգուց և զբաղեցրել է 4 դիրք, մոտ 25 հոգանոց ՄՈԲ-ը Ասկերանի զորամասի զինծառայողների հետ զբաղեցրել է 4 դիրք, ոստիկանության զորքերը՝ մոտ 15 հոգանոց խմբով, զբաղեցրել են 2 դիրք, ԱԱԾ-ի զորքերը մոտ՝ 15 հոգանոց խմբով, 2 դիրք են պաշտպանել։ Գյուղում են եղել նաև Հադրութի զորամասից զինծառայողներ, Գորիսից բերված ժամկետային զինծառայողներ, իսկ հետագայում օգնության են եկել Արցախի Վետերանների միության խումբը, փրկարար ծառայության աշխատակիցները, Արցախի նախագահի թիկնազորի անդամները և այլ խմբեր։

(Սղնախում գտնված և մարտերին մասնակցած այլ զորամիավորումների մասին տվյալները ճշգրտման փուլում են):

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, գյուղացիները լսել են գյուղի մատույցներում անտառի մեջ իրենց տեղադրած ականի պայթունի և դրան հաջորդած՝ հակառակորդի զինծառայողների աղմուկ-աղաղակի ձայները։

Գյուղից մեր դիպուկահարը նկատել է հակառակորդի զինծառայողներին և սկսել է խոցել նրանց։ Իրավիճակը չի վերաճել փոխհրաձգության։ Ձորում գտնվող հակառակորդին ոչնչացնելու համար հայկական կողմը հրետանային հարվածներ էլ է հասցրել։

Գյուղի դիրքերում եղել են «ԱԳՍ» տեսակի ավտոմատ հաստոցավոր նռնականետ, «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգ, որով պետք է խոցվեր Ավետարանոցը Սղնախին կապող ճանապարհով առաջացող հակառակորդի տեխնիկան՝ այդտեղ հայտնվելու ժամանակ։ Պաշտպանական խումբը զինված է եղել փոքր տրամաչափի հրաձգային զենքերով։

Ժամը 11:00-ին հակառակորդը հարձակում է ձեռնարկել Սղնախի դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանական ուժերը կարողացել են այն հաջողությամբ հետ մղել։ Գյուղում տպավորություն է ստեղծվել, որ հաջողվել է կանխել առաջխաղացումը։

Ժամը 13:30-ին նոր և ավելի մեծ թափով գրոհ է սկսվել գյուղի վրա։ Գյուղացիները կարծել են, որ հակառակորդը կհարձակվի գերեզմանների բլրի տակով՝ արևելքից։ Հենց այդ հատվածում էլ կենտրոնացրել են ուժերը։ Մինչդեռ հակառակորդը հարձակվել է գերեզմանների և գյուղի՝ Քիրս սար տանող ճանապարհի դիրքերի ուղղությամբ՝ հարավից։ Գյուղի և անտառի մեջտեղում գտնվող հարավային ձորակով հակառակորդն առաջացել է տների ուղղությամբ։ Այդ ուղղությամբ հարձակվել են ԱԱԾ զորքերի վրա և անընդհատ բացազատվել են։ Հակառակորդը զոհեր է ունեցել, բայց գրոհը շարունակել է։ Նրանց հաջողվել է գրավել գյուղի մի քանի դիրք։ Այդ հատվածում գյուղացիներից զոհվել են Սպարտակ Հակոբջանյանը, Համլետ Հայրիյանը և Գառնիկ Սարգսյանը: Մինչ զոհվելը, գյուղացիները վիրավորվել են, սակայն, լինելով շրջափակման մեջ, չեն կարողացել դուրս գալ մարտադաշտից։ Զոհվել է նաև Ասկերանի զորամասից ժամկետային զինծառայող Արման Ղուլյանը։ Գյուղի պաշտպանական մարտում զոհվել է Արցախի ոստիկանության ծառայող, փոխգնդապետ Գագիկ Պետրոսյանը, որը ծնունդով Ավետարանոց գյուղից էր։

Այդ դիրքերում գտնվող պաշտպանական ուժերը նահանջել են դեպի «Չախմախ» տեղամասին հարող անտառներ՝ չկարողանալով մարտի դաշտից հանել զոհերին։ Այդ հատվածի դիրքերից մեկը որոշ ժամանակ դիմադրել է, բայց երբ հակառակորդի դիպուկահարը սկսել է ակտիվ աշխատել դիրքի վրա, այդտեղ գտնված զորքն էլ է հարկադրված նահանջել նույն ուղղությամբ։

Ադրբեջանական ուժերն արդեն գյուղի տներում են եղել, մարտ վարելն էլ ավելի է դժվարացել։ Նրանք այրել են գյուղում գտնվող ֆերման, այնուհետև՝ խոտի մեծ դեզը։ Գյուղում հակառակորդն արագ բացազատվել է իր վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Գյուղի մանկապարտեզի շենքի մոտ հակառակորդը բազմաթիվ զոհեր է տվել, որոնց դիակները մարտադաշտից հանելու համար համառ մարտեր է վարել։

քարտեզ gif.gif (14.64 MB)

Ժամը 18:00-ի դրությամբ ադրբեջանական ուժերը գյուղը բաժանել էին երկու մասի։ Դեպի Քիրս սարը տանող և գյուղից որոշակի հեռավորության վրա գտնվող դիրքերը (հարավարևմտյան) կտրվել են գյուղից։ Զոհված տղաների դիրքերն էլ են անցել հակառակորդի վերահսկողության տակ։ Քիրս սարի մոտակա դիրքերում գտնված գյուղացիներն ու օժանդակ ուժերը, թիկունքային ապահովումից կտրվելու փաստով պայմանավորված՝ նահանջել են Քարին Տակ գյուղի կողմը գտնվող «Չախմախ» կոչվող տեղամաս։

Մինչ այդ, Արցախի ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումը, որը մյուս խմբերի հետ նահանջել էր, «Չախմախ» տեղամասից առաջանալով՝ փորձել է հակահարձակում իրականացնել։ Գյուղ մտնելու ժամանակ ինտենսիվ հրաձգություն է սկսվել, որի ժամանակ, զոհեր տալով, մեր հատուկ նշանակության ստորաբաժանումը վերադարձել է ելման դիրք։

Ժամը 19:00-ի դրությամբ հայկական ուժերը վերահսկել են գյուղի մի մասը, իսկ մյուս մասը՝ կարևոր բարձունքով, հակառակորդի վերահսկողության տակ է եղել։ Գյուղացիներին օգնող ուժեր են եկել Սղնախ։ Քիրս սարի ուղղությամբ ընկած դիրքերից նահանջած զորքը միացել է գյուղացիների հսկողության տակ գտնվող հատվածի զորքին։

Հաջորդող ժամերին և մինչև հոկտեմբերի 29-ի լուսաբացը դիրքային փոփոխություններ չեն եղել, գյուղացիները գիշերը շարունակել են պահել իրենց զբաղեցրած դիրքերը։ Գիշերային տեսադիտարկման սարքեր ամեն դիրքում եղել են։ Սարքերը սղնախցիներին տրամադրել էր իրենց համագյուղացի, գործարար Արման Հակոբջանյանը։ Հայկական և ադրբեջանական ուժերի զբաղեցրած դիրքերի միջև ընդամենը 60-70 մետր հեռավորություն է եղել։

Ժամը 21:00-ի սահմաններում արդեն պարզ է եղել, որ ադրբեջանական ուժերը առաջանում են դեպի «Չախմախ» տեղամաս, որտեղով ճանապարհը տանում է Քարին Տակ գյուղ։ Հրետակոծվել է Սղնախին կից կառուցված  անասնաֆերման, և լսելի են եղել զինտեխնիկայի շարժի ձայներ։ Վտանգ է եղել, որ հակառակորդը կարող է հարձակվել և կտրել Սղնախից դեպի Ստեփանակերտ տանող  ճանապարհը, որի պարագայում պաշտպանական ուժերը կհայտնվեին լիակատար շրջափակման մեջ։

Հոկտեմբերի 29-ին՝ մինչև 06:00-ի սահմաններում, գյուղացիներն ու պաշտպանական խմբերի ղեկավարները քննարկել են ստեղծված իրավիճակից ելքերը։ Լուսաբացին ցանկացել են հակագրոհով հետ մղել ադրբեջանական ուժերին Սղնախից, միևնույն ժամանակ կանխատեսել են, որ հակառակորդն ինքը գրոհ կձեռնարկի գյուղի՝ դեռ իր վերահսկողության տակ չհայտնված հատվածի վրա։ Իրավիճակի մասին տեղեկացրել են Արցախի պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանին և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Իրավիճակի մասին տեղեկացրել ենք, օգնության ուժեր են ուղարկել։ Ասել են՝ դուք որոշեք՝ ինչ եք անում, տեղում որոշեք՝ ինչ եք անում»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Սղնախի գյուղապետ, պատերազմի ժամանակ գյուղի պաշտպանական ջոկատը ղեկավարած Եղիշե Ղահրամանյանը։

Տեղում որոշել են, որ հնարավոր չէ պահել դիրքերը։ Ճշտել են, թե հաջորդ բնագիծը որտեղ է, որպեսզի նահանջեն այդտեղ։ Ասկերանի զորամասից էլ, ԱԱԾ-ից էլ տեղում հրամանատար է եղել, Արցախի ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանն էլ է եղել գյուղում։ Հաջորդ բնագիծը Սղնախից հյուսիս գտնվող Շոշ գյուղ չհասած բլրի վրա է եղել, որտեղ նախապես խրամատներ են փորվել։

«Մենք նահանջեցինք, որ այդ խրամատներում դիրքավորվենք, մինչև դիրքավորվելը, հրետակոծեցին, որտեղ որ մենք հասել էինք։ Սղնախի և Շոշի արանքում խրամատ կար, որ պետք է դիրքավորվեինք։ Եկանք, հասանք, ավտոներից իջանք, մի մասն ավտոյով էր, մի մասը՝ ինձ հետ։ Հենց ավտոյից իջանք, բացազատվեցինք, որ կուտակում չլինի, այդ պահին հրետակոծեցին Սմերչից կասետային արկերով, 13 հոգի վիրավորվեց, 3 հոգի զոհվեց»,- նշում է Եղիշե Ղահրամանյանը։

Սղնախի պաշտպանական խմբի ղեկավարը նշում է, որ նահանջելու որոշում կայացնողներից մեկն էլ ինքն է եղել, քանի որ շրջափակման վտանգ է զգացել, իսկ հակագրոհի դեպքում՝ բազմաթիվ զոհեր կարող էին լինել։ Բացի այդ՝ նա համոզված է եղել, որ դիմացը կուտակվող հակառակորդը առավոտն ինքն է գրոհելու, իսկ ուժերն անհավասար են եղել։

Սղնախի պաշտպանական ջոկատի հրամանատարից բացի, բնագծի պատասխանատուն, ըստ Եղիշե Ղահրամանյանի, Ակնաղբյուրի հատվածում եղել է աշխարհազորի Վրեժ անունով հրամանատարը, հաջորդ բնագծում ՝ Կարեն Մաթևոսյանը։ Բնագծում հրամանատար է եղել նաև Ասկերանի զորամասի հրամանատարի տեղակալը, որի անունը Եղիշե Ղահրամանյանը չհիշեց։

Հարցին՝ եղել է, որ օգնություն ուզեք, սպասեք, մեր զրուցակիցը պատասխանեց, որ տեխնիկայի պակաս կար, մարդկային ուժ էլ ինչքան եղել է, եկել է։ 120-130 հոգի մարդ է եղել, բայց հակառակորդն ավելի շատ զորք է ունեցել։

«Իրենց գործողություններով մոլորեցնում էին մեզ։ Հրետանին աշխատում էր, հետո անօդաչուներն էին գալիս։ Շատ պատրաստված էին։ Խուճապ չկար, բայց դե ինչ արած։ Մեր կողմից դրոն չէր կարողանում աշխատել, ծրագիրը խախտում էին»,- ասաց Եղիշե Ղահրամանյանը։

Սղնախի մարտերի, ռազմական գործողությունների վերաբերյալ հատվածներն առաջիկայում կարող են թարմացվել։ Մարտերին մասնակցած անձինք կարող են կապ հաստատել «Հետք»-ի խմբագրության հետ։

Պատերազմում՝ Սղնախ գյուղի պաշտպանության ժամանակ, զոհվել են և՛ Սղնախի բնակիչներ, և՛ այլ բնակավայրից Սղնախի պաշտպանության մարտերի մասնակիցներ։ Հոկտեմբերի 28-ին զոհվել են սղնախցի Սպարտակ Հակոբջանյանը, Համլետ Հայրիյանը և Գառնիկ Սարգսյանը։ Նրանց մարմինները պատերազմից հետո են դուրս բերել արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից։

Հոկտեմբերի 29-ին Սղնախի անկումից հետո գյուղացիներն ու գյուղի պաշտպանության համար մարտեր վարած ջոկատներն ու խմբերը նոր բնագիծ զբաղեցնելու նպատակով փորձել են տեղակայվել Շոշ և Սղնախ գյուղերի միջնամասի դիրքերում։ Այդ ժամանակ ծանր վիրավորում են ստացել Արմեն Լալայանը, Գրիգոր Ղահրամանյանը և Վարուժան Առստամյանը։ Հոկտեմբերի 30-ին վնասվածքներից մահացել է Արմեն Լալայանը, հոկտեմբերի 31-ին Ստեփանակերտի հիվանդանոցից Երևան տեղափոխվելու ճանապարհին մահացել է Վարուժան Առստամյանը, իսկ նոյեմբերի 7-ին մահացել է Գրիգոր Ղահրամանյանը։ Սղնախ գյուղի 82-ամյա բնակիչ Վոլոդյա Աղաբեկյանն էլ պատերազմի ժամանակ գյուղը չլքելուց հետո սպանվել է ադրբեջանական զինված ուժերի ծառայողների կողմից։ Նրա մարմինը նույնպես պատերազմի ավարտից հետո են գտել՝ որոնողական աշխատանքների ժամանակ։

Սղնախի պաշպանական մարտերում զոհվել է Ավետարանոց գյուղի բնակիչ, Արցախի ոստիկանության ծառայող, փոխգնդապետ Գագիկ Պետրոսյանը։ 38-ամյա Գագիկ Պետրոսյանը 2001-2003 թթ.-ին ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։ 2008 թ.-ից ծառայության է անցել Արցախի ոստիկանությունում, իսկ Սղնախի պաշտպանությանը միացել էր ոստիկանության ծառայողներից կազմված խմբով, որը ղեկավարում էր այդ ժամանակ Արցախի ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանը։

Հոկտեմբերի 28-ին Սղնախի պաշտպանության մարտերում սղնախցի Սպարտակ Հակոբջանյանի հետ նույն դիրքում զոհվել է Ասկերանի զորամասի ժամկետային զինծառայող Արման Հովհաննեսի Ղուլյանը։ 2002 թ.-ին ծնված Ղուլյանի աճյունը որոնողական աշխատանքների ժամանակ Սղնախից հայտնաբերել են 2021 թ.-ի մարտի 29-ին։ Արման Ղուլյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքից էր։ Նա որպես ժամկետային ծառայել էր Ասկերանի զորամասում և երբ սկսվել է պատերազմը, ընդամենը 47 օրվա զինվոր է եղել։

Հոկտեմբերի 29-ին Սղնախի մատույցներում ռմբակոծությունից տուժած գյուղացիներին մեքենայից հանելու ժամանակ զոհվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար, ենթասպա Հարություն Աթաջանյանը։

Սղնախում զոհվել է նաև Արցախի հատուկ նշանակության վաշտի 3 ծառայող։ Հոկտեմբերի 28-ին, երբ հակառակորդը ճեղքել է Սղնախի պաշտպանությունը, հատուկ նշանակության ծառայողները փորձել են հակագրոհով հակառակորդին հետ շպրտել, սակայն կորուստներ տալով՝ վերադարձել են ելման դիրք։ 

Հոկտեմբերի 28-ի և 29-ի պաշտոնական լրահոսը

Պատերազմի վերաբերյալ պաշտոնական լրատվություն տրամադրում էին հիմնականում Արցախի պաշտպանության նախարարությունը, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը և ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Օրվա ավարտին Արծրուն Հովհաննիսյանը հանդես էր գալիս ամփոփ ճեպազրույցով։

Ամփոփելով հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերվա իրավիճակը՝ Արցախի ՊԲ-ն հայտարարել է, որ պահպանվել է կայուն-լարված իրադրություն։ Ըստ ՊԲ-ի՝ հոկտեմբերի 27-ի երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հոկտեմբերի 28-ի առավոտյան հայտարարել է, որ խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Շատ չանցած՝ Պաշտպանության բանակն է տեսանյութ հրապարակել ԱԹՍ-ների խոցումից։

Օրվա կեսին Արցախի ՊՆ-ն հայտարարել է, որ հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից հարվածներ է հասցրել Շուշիին և Ստեփանակերտին։ Երեկոյան արդեն Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Պաշտպանության բանակի համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Ադրբեջանի զինուժը ստեղծում է ահաբեկչական խմբավորումների բազաներ։

Հոկտեմբերի 28-ի երեկոյան «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի» Երևանի տաղավարից օրվա ամփոփիչ ճեպազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ ադրբեջանական ուժերը, ահաբեկչական խմբերը շարունակել են հարձակողական գործողությունները։ Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում ոչ լայնածավալ մարտական գործողություններ են ընթացել, բայց հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ։ Այդ ուղղությամբ հայկական ուժերը դիրքային բարելավումներ են ունեցել։ Արծրուն Հովհաննիսյանը, հղում տալով հոկտեմբերի 27-ին հրապարակված գյուղերի ցանկին, նշել է, որ դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները շարունակվում են։ Հոկտեմբերի 27-ին հրապարակված քարտեզում նշվում է, որ Սղնախի հարևան Ավետարանոց գյուղում մարտեր են ընթանում։

Հոկտեմբերի 29-ի առավոտյան Արցախի ՊՆ-ն հայտարարել է, որ օպերատիվ իրավիճակը նույնն է՝ կայուն-լարված, խոցվել է ադրբեջանական ԱԹՍ, թիրախավորվել են Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը։ Օրվա առաջին կեսին Արցախի ՊՆ-ն հայտնել է, որ հրթիռակոծվել են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները։ Այնուհետև ներկայացվել են Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում գտնվող լեգիտիմ ռազմական նշանակետերը։ Երեկոյան հրապարակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի տեսաուղերձը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց։ Նա տեղեկացրել է, որ թշնամին Շուշիից առավելագույնը 5 կիլոմետր հեռավորության վրա է և նպատակադրել է գրավել Շուշին։ Նա նշել է, որ պետք է բեկում մտցնել պատերազմում Շուշիի դարպասների մոտ՝ պատժելով հակառակորդին և հաղթել։

«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի» Երևանի տաղավարում օրվա ավարտին ճեպազրույցով են հանդես եկել ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը և կամավոր Միքայել Միքայելյանը։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ մարտերը շարունակվել են ռազմաճակատի ողջ երկայնքով։ Բերձորից մինչև Արաքս գետի ափը ձգված ռազմաճակատի բնագծի ուղղությամբ հայկական ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավումներ իրականացնել։ Ճեպազրույցի ժամանակ հրապարակված քարտեզում նշվել է, որ Սղնախ և Ավետարանոց գյուղերում մարտեր են ընթանում։

Արծրուն Հովհաննիսյանն այդ օրը նաև նշել է, որ Ասկերանի շրջանի գյուղերին հարակից անտառային տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները։ «Այսօր մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղերի տարածքը և հարակից բլուրների և անտառային տարածքներում։ Դիվերսիոն խմբերը ներթափանցել են տարբեր ուղղություներով»,- տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ինչպես պարզ է դառնում վերը շարադրվածից, պաշտոնական լրատվությունը պատերազմի այս ժամանակահատվածի համար հանրությունից թաքցրել է և չի հայտարարել Սղնախի՝ ադրբեջանցիների կողմից գրավվելու մասին։

Ժողովրդագրական պատկերը

Ըստ համայնքապետարանի տրամադրած տվյալների՝ Սղնախն ունեցել է 310 բնակիչ։ Պատերազմի օրերին Սղնախի բնակչությունը հեռացել է գյուղից և բնակություն հաստատել Արցախի համեմատաբար անվտանգ վայրերում և Հայաստանում։ Այս պահին բնակիչներից միայն Բեգլար Աղաբեկյանն է գտնվում Ռուսաստանի Դաշնությունում։ Գյուղի մնացած բոլոր բնակիչներն այժմ Ստեփանակերտում են ապրում։

Սղնախի նյութական կորուստները

Սղնախցիները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում 88 բնակելի տուն է եղել, հասարակական նշանակության՝ 4 շինություն, ևս 3-ը եղել են արտադրական։

Համայնքի հողամասերից 288․05 հա-ն վարելահող էր, որից 210․63-ը՝ սեփականաշնորհված է եղել, իսկ 77․42-ը՝ վարձակալության հանձնված։ Սղնախի վարչական տարածքում պահուստային հողերը կազմում էին ընդամենը 0․02 հա։ Գյուղի և գյուղացիների նյութական կորուստների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Սղնախի դպրոցը

Գյուղի սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրումից (1874 թ.) հետո սկսել է գործել ծխական դպրոց, որտեղ երեխաները կարդալ ու հաշվել են սովորել: Աշխարհիկ դպրոցը բացվել է 1918-ին, որի առաջին ուսուցիչն է եղել մանկավարժ Պողոս Վարժապետը: 1930-1958թթ. գյուղն ունեցել է 7-ամյա, 1958-1988թթ.՝ 8-ամյա դպրոց: Արցախյան շարժումից հետո Սղնախի դպրոցը դարձել է միջնակարգ:

Նախկին թռչնաբուծական ֆերմայի շենքը 1951 թվականից ծառայում էր որպես դպրոց։ Այն գտնվում էր գյուղի ծայրամասում։ 1990-ական թվականներին դպրոցի աշակերտների քանակը հասնում էր 66-ի, իսկ վերջին մի քանի տարիներին տատանվել է 45-50-ի շրջանում։ Դպրոցի տնօրեն Գոհար Հովսեփյանի խոսքով՝ շենքային պայմանները բավարար չէին, սենյակները խոնավ էին, դպրոցը մարզադահլիճ չուներ, համակարգիչներով էլ ապահովված չէր։ Գոհար Հովսեփյանը նշում է, որ դպրոցում միշտ լինում էր մի դասարան, որը աշակերտ չէր ունենում։ Յուրաքանչյուր դասարան պետք է ունենար նվազագույնը 3 աշակերտ, հակառակ դեպքում՝ դասարանները միանում էին։ Աշակերտները հիմնականում ընդունվում էին Արցախի պետական համալսարան։ Տնօրենն ասում է՝ համալսարանն ավարտելուց հետո մի մասը գյուղ էր վերադառնում, մյուսներն էլ աշխատանք էին գտնում Ստեփանակերտում և մնում այնտեղ։

Գյուղում ծնելիության աճ կար։ Տարեկան միջինում 5-6 երեխա էր ծնվում։ Չորրորդ դասարանում արդեն 8 աշակերտ կար, ինչն, ըստ տնօրենի, բացառիկ թիվ էր։

Գոհար Հովսեփյանի խոսքով՝ աշակերտների առաջադիմությունը միջին մակարդակի էր։ «Շրջանային օլիմպիադաներում հումանիտար առարկաներից աշակերտները որոշակի առաջընթաց ունեին։ Տարիներ են եղել, որ հումանիտար առարկաներից օլիմպիադայում հաղթողներ են եղել»,- ասում է նա։

Դպրոցն ուներ 17 ուսուցիչ, ընդհանուր՝ 23 աշխատող, որոնց մեջ նաև սեզոնային աշխատողներն էին։ Ուսուցիչներ կային, որոնք գալիս էին հարևան գյուղերից։ Օրինակ՝ օտար լեզուներ առարկայի ուսուցիչը գալիս էր Շոշ գյուղից, աշխարհագրության և կենսաբանության ուսուցիչները՝ Ջրաղացներ գյուղից։

Սղնախում նաև մանկապարտեզի շենք կար, բայց մանկապարտեզ չէր գործում։ Ընտանիքներից մի քանիսն իրենց երեխաներին տանում էին հարևան գյուղի՝ Ավետարանոցի մանկապարտեզ։

                                         Սղնախ գյուղի ավերված գերեզմանոցը 

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) նախագիծը հայտնել էր, որ Ադրբեջանի տիրապետության տակ անցնելուց հետո Սղնախ գյուղի գերեզմանոցը քանդվել է։ Այն հիմնվել էր 18-րդ դարի կեսերին։ Քանդված գերեզմանոցի տեղն այժմ շինհրապարակ է։

Հարցին անդրադարձել է նաև Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)-ը, որի հրապարակած արբանյակային լուսանկարներից երևում է, որ ադրբեջանցիները սկսել են քանդել գերեզմանոցը ապրիլի 12-ից։ «Ճանապարհային շինարարության հետ կապված՝ տարածքը բուլդոզերներով ավերվել է»,- նշվում է կազմակերպության թվիթերյան էջում:  Հիշեցնենք, որ մինչ այս, ադրբեջանցիները նաև ավերել էին Մեծ Թաղեր գյուղի գերեզմանոցը։

Սղնախ գյուղի պատմությունը

Սղնախ գյուղի մասին հիշատակություններ կան 14-րդ դարից, սակայն կան իրեղեն ապացույցներ, որ այն ավելի հին պատմություն ունի։ Սղնախի պատմության մասին գրավոր նյութեր է հավաքել Սղնախի դպրոցի պատմության ուսուցիչ Գրիշա Ղահրամանյանը, որոշ տվյալներ կան նաև «Վիքիպեդիայում»։

Գյուղը գտնվում է Փոքր Քիրս լեռան (2346 մ) հյուսիսարևելյան մասում՝ գրեթե ստորոտում: Ասկերան քաղաքից գտնվում է 35 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 19 կմ հեռավորության վրա։ «Սղնախ» բառացի նշանակում է ամրություն, ապահով վայր կամ ապաստարան։

Հին գյուղը, որը նույնպես Սղնախ էր կոչվում, գտնվում էր նորի հարավային մասում` Խաչին տակ տեղամասում, որը հայտնի սրբատեղի էր: 1700-ականներին արդեն կառուցվել է նոր գյուղը։ 1720-ականներին գյուղում տեղակայված է եղել հատուկ զորամաս, որտեղ երիտասարդներին սովորեցրել են ռազմական գործ և զենքի տիրապետում։ Այդ ժամանակ Արցախում սկսվել է ազգային-ազատագրական պայքար, որը գլխավորել է Գանձասարի կաթողիկոս Եսայի-Հասան Ջալալյանը։ Արցախի տարածքում կազմվել էին պաշտպանական ամրոցներ՝ «սղնախներ»։ Մյուս սղնախների հետ (Շոշ, Քարագլուխ, Գյուլիստան) Սղնախ գյուղը նույնպես ներդրում է ունեցել այդ պայքարում: Սղնախների կազմակերպումը նպաստել է թուրքական արշավանքի դեմ պայքարին։ 1725 թվականին սղնախների զինված ուժերը ոչնչացրել են Վարանդա գավառ ներխուժած թուրքական խոշոր զորաջոկատը։

Սղնախ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Գյուղի տարածքում մեծ գետեր չկան: Գետակներից են Առաջնակնը (Ըլջին ակն), որը սկիզբ է առնում Փոքր Քիրսից (2346մ), Շիփերեն անցը և Փողզրաթը: Քաղցրահամ ջրերից հայտնի են նաև Քշմրորի, Թեղուն, նույն Փողզրաթի, Մարանդի, Թանագի, Թեղուտի ձորի, Չախմախի, Պտրուսանց ճոթի, Շռռանի, Մկրտչի և այլ աղբյուրներ:

Սղնախի դաշտատեղիներից նշանավոր են Նաբաթխանը, Հինգ շենը, Տանձուտը, Թալան, Էրկան թալան, Շլորենսեռը, Թանագ աղբյուրը, Հմամեն տակը, Մկռնանը, Քշմրորը, Կյուղոկեն ձորը։ Անտառներում աճում են կաղնի, բոխի, թխկենի, սզնենի, տանձենի, փշատերև և այլ ծառատեսակներ:

Պատմամշակութային հուշարձանները

Սղնախ գյուղում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնցից միայն 3-ն է հաշվառված պետության կողմից։ Դրանք են՝ «Խաչին տակ» գյուղատեղին, «Շամիրեն կարան» քարանձավը և «Խաչին տակ» խաչքարը։ Սղնախում է գտնվում նաև շուրջ 10 աղբյուր՝ «Գյուղի աղբյուր», «Մկրտչի», «Պեց», «Նավաթխան», «Քշմրոր», «Մարանդի», «Պտրուսանց», «Ճոթի», «Ռուսեն», «Փըրվըզար»։

Գյուղում կար սբ. Աստվածածին եկեղեցի, որը հիմնադրվել էր 1874թ. շուշիաբնակ Մխիթարյան գերդաստանի մեծահարուստներից մեկի կողմից: Եկեղեցին ունեցել է ծխական դպրոց, որտեղ սովորեցրել են գրել, կարդալ, հաշվել: Խորհրդային իշխանության օրոք՝ 1980-ականներին, եկեղեցին ոչնչացվել է։ Գյուղն ուներ նաև այլ սրբատեղիներ` Խնձորա խաչին տակը, Պուտ/Բութ քարը, Կուխտիգի, Կաղնուն խաչը:

Բացի այդ, Սղնախ գյուղի տարածքում է գտնվում «Կուկուին պյուն» կոչվող եկեղեցին, որը անվանում են նաև Մզամանց եղցի, ինչպես նաև «Պուտ քար», «Խնձորի խաչ», «Բեդի օջախ» սրբավայրերը:

«Խաչին տակ» գյուղատեղին գտնվում է գյուղից 0․5 կմ հարավ-արևելք և թվագրվում է 13-18 դարերով, իսկ համանուն խաչքարը գտնվում է գյուղատեղիում և թվագրվում է 14-15 դարերով։ «Շամիրեն կարան» քարանձավը թվագրվում է վաղ միջնադարով և գտնվում է գյուղից 0․6 կմ հարավ-արևելք։

Սղնախում 2 հուշակոթող և 2 հուշաղբյուր է եղել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան առաջին պատերազմում զոհված գյուղացիների հիշատակին։

Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշակոթողը կանգնեցվել է 1968 թվականին բարերարներ Հեղինե ու Բախշի Աբրահամյանների, ինչպես նաև` գյուղական համայնքի ուժերով։ Արդեն 2002 թվականին գյուղի բնակիչներն այդ հուշակոթողից ոչ հեռու Արցախյան առաջին պատերազմում զոհված 9 սղնախցու պատվին կանգնեցրել են ևս մեկ հուշարձան: Դրանցից բացի` Սղնախում ծնված և Առաջին պատերազմին մասնակցած Սևակ Մայիլյանը, շինարար չլինելով, գյուղի նշանավոր վայրերում իր սերնդի նահատակվածների պատվին անձամբ կառուցել է 2 հուշաղբյուր. մեկը` Քշմրորում, որը կոչվում էր Մխիթարության (կարճ` Մխիթար աղբյուր), մյուսն էլ Սղնախից Քարին Տակ տանող ճանապարհին` ի հիշատակ Առաջին պատերազմում գյուղի առաջին զոհը եղած Նարվեն Ավետիսյանի և մյուս զոհերի։

Մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի, ինֆոգրաֆիկաները՝ Արտակ Կոլյանի, լուսանկարները՝ գյուղացիների, բաց աղբյուրների

գլխավոր նկարը՝ Լիլի Պետրոսյանի

Մեկնաբանություններ (1)

Քաղաքացի
Իսկ ո՞ւր էր կանոնավոր բանակը, ինչքան հասկանում եմ այս կարևորագույն գյուղի պաշտպանությունը հիմնականում հանձնարարված էր աշխարհազորին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter