HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Թե ինչպես տեղական ինքնակառավարումը դուրս մղվեց բազմաֆունկցիոնալ նախարարությունից

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վերաբերյալ ամենաթարմ փաստաթուղթն ընդունվել է 2018թ.-ին, վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման շրջանում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  (ՏԿԵ) նախարարության պաշտոնական կայքում «Ծրագրեր և գերակա խնդիրներ» հղման ներքո հրապարակված 8 փաստաթղթերից ոչ մեկը Հայաստանի ներկա կառավարությունը չի հեղինակել: 

2018թ.-ի իշխանափոխությունից հետո տարածքային կառավարման նախարարությունը երկու նախարար է ունեցել՝ Սուրեն Պապիկյանը և գործող նախարարը՝ Գնել Սանոսյանը: Նրանց կառավարման շրջանում «նախկինների» ընդունած ոչ մի ռազմավարական փաստաթուղթ ուժը կորցրած չի ճանաչվել, միաժամանակ տարածքային կառավարմանն ու տեղական ինքնակառավարմանը վերաբերող ոչ մի նոր փաստաթուղթ՝ հայեցակարգ, ռազմավարություն, հակակառուպցիոն ծրագիր և այլն, չի ընդունվել: Ոլորտը զարգացնելու նպատակներ չեն սահմանվել և չեն պլանավորվել, համակարգային խնդիրներ չեն քննարկվել: 

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վերաբերյալ վերջին ռազմավարական ծրագրերն ընդունվել են 2018թ.-ին։ Կան ավելի վաղ ընդունված փաստաթղթեր՝ օրինակ «ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարություն»-ը, որը դեռևս գործողության մեջ է: Հիշյալ փաստաթղթով տարածքային զարգացման 6 գերակայություններ են սահմանված (էջ 60), բայց կատարողականի մասին հաշվետվություն չկա: Հայտնի չէ՝ այդ նպատակներն իրագործվեցի՞ն, ընթացքո՞ւմ են, թե ՏԿԵ նախարարությունը հրաժարվել է «նախկինների» սահմանած նպատակներից:

Նկատի ունենանք, որ փաստաթուղթն ընդունվել է 2016թ.-ին, երբ մեր երկրում բոլորովին այլ իրավիճակ էր, հետևաբար տվյալ ժամանակաշրջանի համար գերակա համարվող նպատակները մեր օրերում կարող են բացարձակապես աննպատակ լինել: Վերջին երկու տարիներին երկրում ծագած նոր մարտահրավերները պարտավորեցնում են նոր գերակայություններ սահմանել: Սակայն, անգամ կոռուպցիայի դեմ պայքարը գերնպատակ հայտարարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կառավարման երեք տարիներին տարածքային և տեղական ինքնակառավարման ոլորտի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիր չի ներկայացրել:

Անցած երեք տարիներին հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել, համայնքների ղեկավարներ են կալանավորվել: Քրգործերի քանակն արդեն խոսուն փաստ է, որ համակարգում ամեն ինչ հարթ չէ: Սակայն, կառավարությունը «Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-22թթ. միջոցառումների ծրագրով» ձեռնպահ է մնացել միջոցառումներ պլանավորելուց: ՏԿԵ նախարարությանն է վերապահվել «15 000 և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի վերհանումը, ծրագրերի մշակումն ու իրականացումը»: 2021թ.-ին, համաձայն հիշյալ փաստաթղթի, «ռիսկերի գնահատումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, 15 000 և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում մշակվել են հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրեր»: Միջոցառման պատասխանատու ՏԿԵ նախարարությունը գուցե հուշի՞, թե որտեղ ծանոթանանք վերհանված ռիսկերին և մշակված հակակոռուպցիոն ծրագրերին։

Տեղական ինքնակառավարման ոլորտում վերջին տարիներին միակ գերակա խնդիրը համարվել է մասնակցային կառավարման ապահովումը, որը Եվրոպայի խորհրդի կառավարման նոր մոդելն է: ԵԽ-ի հանձնարարականը տեղայնացվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, միջազգային կազմակերպությունների ծրագրերը տևական ժամանակ ուղղված են եղել այս նպատակի իրագործմանը, բայց կիրառություն չի ապահովվել: Ոչ թե հնարավոր չէ ապահովել, այլ նպատակն այդ չէ. «վերևները»՝ ՏԿԵ նախարարությունը, չունի մշակված քաղաքականություն, որը հետևողականորեն կիրառելով՝ հանձնարարականը հասցնի ներքևներին՝ համայնքներին: Համայնքներն էլ չգիտեն իրենց առաջնահերթությունները, խնդիրները ներքևից վերև չեն հասնում, նախարարություն-համայնք կապը խզված է:

ՏԻՄ-երում իրականացվող իրավական և մասնագիտական հսկողությունը համայնքային խնդիրները վերհանելու միակ տարբերակն է: Հսկողություն իրականացնելու մեթոդաբանությունը գրվել է այն տրամաբանությամբ, որ փաստական տվյալների հիման վրա նախարարությունը ոլորտը բարեփոխելու քաղաքականություն մշակի: Անգամ թերի իրականացվող իրավական հսկողությունն արձանագրում է, որ համայնքների ղեկավարները համանքային բյուջեի տարեկան և եռամսյակային հաշվետվությունները չեն ներկայացնում ավագանու հաստատմանը: Սա նախարարության համար ազդակ է, որ ոչ միայն մասնակցային կառավարում չկա, այլև ավագանին որպես տեղական իշխանություն գոյություն չունի:  

Իրավական հսկողության մեթոդաբանությամբ սահմանված է, որ արդյունքները պետք է ամփոփել, վերլուծել և լուծումներ փնտրել: ՏԿԵ նախարարությունում վերջին տարիներին մի ամբողջ վարչություն է ստեղծվել այդ նպատակով, բայց ոչ մի տող չեք գտնի, որով կարդարացվի վարչության գոյությունը: 

Մի քանի մարզերի համայնքներում անցած տարի իրականացված հսկողության արդյունքներն ինքս եմ ամփոփել: Եզրահանգումս այն էր, որ հսկողություն իրականացնող մարզպետարանները մի սկզբունք են որդեգրել՝ համայնքներում չնկատել էականը: Վեր հանված համակարգային բազմաթիվ խնդիրներից և օրինախախտումներից հրապարակել եմ նրանք, որոնք ընդհանրական են գրեթե բոլոր համայնքների համար: Սակայն, այս ամփոփումն անգամ ՏԿԵ նախարարի համար օրակարգ չձևավորեց:

Նախարարության լրահոսը միայն մի բանի մասին է՝ նախարարն առանց հոգնելու ամեն օր ընդունում և ճանապարհում է օտարերկրյա դեսպաններին ու  պատվիրակություններին: Իսկ այդ պարտավորությունը նախարարի բազմաթիվ գործառույթներից ընդամենը մեկն է: Ոչ մի խորհրդակցություն, թեմատիկ ոչ մի քննարկում տեղի չի ունենում: 

Նախորդ իշխանության կառավարման շրջանում՝ մեկ տասնամյակ, քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցության արդյունքում և՛ խնդիրների վեր հանումն է շարունակական եղել, և՛ քննարկումներն են մասնակցային եղել, և՛ բազմաթիվ հարցերի համակարգային լուծումներ են տրվել: Նախարարին կից կոլեգիա կար, նախարարին կից հասարակական խորհուրդ, որոնք մեծամասամբ նախարարին զերծ էին պահում միանձնյա որոշումներ կայացնելու գայթակղությունից: Քաղհասարակության ներկայացուցիչները եւ ոլորտը լուսաբանող լրագրողներս ամեն ինչին համաձայն չէինք, բայց և անտեսված չէինք, դժվարությամբ էինք պատնեշները ճեղքում, բայց ամենափոքր հաղթանակն էլ ոգևորող էր: 

Նախարարության հետ այդ կապը վերջին երեք տարիներին իսպառ խզված է: «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը համակարգային չափազանց կարևոր և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ է վեր հանել այս տարիներին: Դրանցից մի քանիսը ներկայացվել են նախարարությանը, բայց ուշադրության չեն արժանացել: Հողերի կառավարման կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ չկառավարելու հետևանքով առաջացած համակարգային խնդիրներն այնքան տարողունակ են, որ դրանք լուծելու համար առաջին հերթին քաղաքական կամք է պետք, որից հետո միայն՝ օրենսդրական լուծումներ: 

Դեռևս 2018թ.-ին նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչ հայեցակարգ ունեն հողի սեփականաշնորհումից չօգտված գյուղացիների վերաբերյալ: Հանրապետությունում համայնքներ կան, որտեղ հողի սեփականաշնորհում տեղի չի ունեցել: Սեփականաշնորհման ցանկից դուրս մնացած գյուղերի բնակիչները, բացի ՏԿԵ նախարարությանն ուղղված դիմում-բողոքներից, նաև զանգվածային բողոքներով պահանջում էին սեփականաշնորհման գործընթաց նախաձեռնել: 

Հողի սեփականաշնորհումից օգտված և 3 տարուց ավելի համայնքից բացակայող քաղաքացիներին պատկանող հողերը տարիներով անմշակ թողնելու հարցն անհրաժեշտ է օրենսդրորեն կարգավորել: Այն ի հայտ եկավ Տաշիր համայնքում, որտեղ «Հետք»-ը լրագրողական հետազոտություն էր իրականացնում: Համայնքը խոշորացնելուց հետո պարզվել էր, որ միավորված գյուղերում հողի հարկի մեծ ապառքներ կան, որոնք առաջացել են հետևյալ պատճառներով՝

ա/ 1990-ականների սկզբներին Տաշիրի գյուղերում վերաբնակեցված փախստականներն օգտվել են հողի սեփականաշնորհումից և կարճ ժամանակ հետո հեռացել են հանրապետությունից: 

բ/ Մոլոկանները, որոնք մեկ դարից ավելի բնակություն էին հաստատել Տաշիրում եւ մի քանի գյուղ էին հիմնադրել նրա շրջակայքում՝ Բլագոդարնոյե, Մեդովկա, Նովոսելցովո, Սարատովկա, 1990-ականների սկզբին վաճառել են տները եւ ողջ գյուղով անվերադարձ հեռացել են և այլն:

Նրանց հողի հարկն արդեն երեք տասնամյակ կուտակվում է, բյուջեում հողի հարկի ապառք է հաշվվում և համարվում է հարկերի հավաքագրման թերացում: Միայն Տաշիրում հարյուրավոր միլիոնների են հասնում հողի հարկի բազաներում  գոյացած ապառքները, իսկ պարտքը շարունակում է աճել: Փորձագետները հողի հարկի ապառքների ամենամեծ վնասը համայնքին այն են համարում, որ բյուջեն չի կատարվում, հարկային բազայում այն կա եւ դիտարկվում է բյուջե ունենալու հնարավորություն: Պետական բյուջեից համայնքին դոտացիա տրամադրելիս հաշվի է առնվում հավաքագրումների տոկոսը, եւ չվճարված գումարների չափով համայնքին դոտացիան պակաս է տրամադրվում։

Ե՛վ փորձագետները, և՛ համայնքապետերն այն կարծիքին են, որ միայն օրենսդրական կարգավորմամբ կարող է լուծվել հողի սեփականաշնորհումից օգտված, հանրապետությունից ընդմիշտ հեռացած եւ ընդհանրապես հողամասը չտնօրինած անձանց սեփականության իրավունքից զրկելու հարցը: Այդ կերպ՝ նաեւ ազատվել համայնքների հողի հարկի բազաներում գոյացած հարյուրավոր միլիոնների հասնող պարտքերից: 

ՏԿԵ նախարարությունը «ՀՀ համայնքներում 2018-2019թթ. քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող  չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի համեմատական վերլուծության վերաբերյալ» վերջին ամփոփ տեղեկանքը հրապարակել է անգամ 2019թ.-ին: Տեղեկանքի համաձայն՝ Տաշիր համայնքում առկա 2545.29 հեկտար վարելահողից ու խոտհարքից  չի օգտագործվում 616.33 հեկտարը, որը պատկանում է 581 քաղաքացու:

Լոռու մարզում 10046 քաղաքացի չի մշակում իրեն սեփականության իրավունքով պատկանող մոտ 7320 հա հող, ևս 42 իրավաբանական անձ չի օգտագործում 2438 հա հող:

Այս խնդիրն առկա է այն բոլոր համայնքներում, որտեղ հատկապես այլ ազգություններ՝ եզդիներ, քրդեր, մոլոկաններ, ասորիներ, հույներ են բնակվել եւ 1990-ականներին գրեթե ողջ գյուղով հեռացել են երկրից: Միայն այս տեղեկանքը, որտեղ ամփոփված են գյուղնշանակության հողերը չօգտագործելու վերաբերյալ տեղեկությունները, հաստատում է, որ հանրապետության 8 մարզում չօգտագործվող հողերի քանակը գնալով ավելանում է: Այս տվյալները նախարարությունն այլևս չի թարմացնում, և միայն այդ հանգամանքը ցուցիչ է, որ այստեղ հետաքրքրված չեն հույժ կարևոր այս հարցով: 

Համայնքային հողամասերի աճուրդ-վաճառքի մասին վերջին տեղեկանքը նույնպես 2019թ.-ին է հրապարակվել: 2020թ. հունիսի 18-ին, այնուհետև 2021 թ. ապրիլի 19-ին ԱԺ-ն լրացումներ և փոփոխություններ կատարեց «Հողային օրենսգրքում», որով էական փոփոխության ենթարկվեց հողերի աճուրդ իրականացնելու կարգը (նախագիծը հեղինակել էին «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն և ՏԿԵ նախարարությունը-Ս.Պ.): Ենթադրվում էր, որ օրենսդրական փոփոխության արդյունքում վաճառվող հողերից ստացվող եկամուտներն էականորեն կավելանան, բայց այդ հարցերը նույնպես նախարարի հետաքրքրության շրջանակում չեն: 2021թ.-ին նախարարությունը տեղեկանք չհրապարակեց օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը պարզելու համար:

Հողային բազայում առկա մյուս համակարգային խնդիրը պայմանավորված է հողերն իրենց նշանակությամբ չօգտագործելով: Հանրապետությունում ձկնաբուծական արհեստական լճակները, ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների, սպանդանոցների զբաղեցրած հողատարածքների նպատակային նշանակությունը, հիմնականում, չի փոփոխվել: Դրանք կառուցվել են գյուղնշանակության հողերի վրա և անօրինական կառույցներ են համարվում: 

«Հետք»-ը թվարկածներից միայն ձկնաբուծարանների թեման է հետաքննել և պարզել, որ դրանց նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի փոխելու արդյունքում համայնքային բյուջեների ակնկալվող եկամուտը միլիարդների է հասնում, բայց առայսօր չի քննարկվում դրանց օրինականացման հարցը: 

Սրանք մեր պարզած համակարգային լուծում պահանջող հարցերն են հողերի կառավարման ոլորտում: ՏԿԵ  նախարարությունում, անշուշտ, շատ ավելին գիտեն, բայց դրանք քննարկման թեմա չեն դառնում: Բազմաֆունկցիոնալ նախարարությունում (այն ձևավորվել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման նախարարության հենքի վրա) միավորելով մի քանի ոլորտներ՝ դուրս են մղել հենց տեղական ինքնակառավարումը: 

Կառավարության 2021-2026թթ.-ի գործունեության միջոցառումների ծրագրում համայնքների համար պլանավորված միակ միջոցառումը սուբվենցիոն ծրագրերի մասին է: Սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեից է գումար հատկացվում համայնքներին, և այստեղ ծագում է հարցերի հարցը՝ ինչո՞ւ կառավարությունը շահագրգռված չէ համայնքային բյուջեի եկամուտները հավաքագրելու հարցում և շռայլորեն ծախսում է պետական բյուջեն: Ինչպես վերը նշեցինք՝ համայնքային բյուջեն մեծացնելու աղբյուրներից մեկը հողի հարկի հավաքագրումն է, հողերի նշանակության փոփոխությունից ստացվող գումարները և այլն:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter