HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պատժամիջոցների վտանգը հասավ հայկական ավիացիա

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությունը, որը 3 չվերթ ուներ Երեւանից դեպի Մոսկվա, մարտի 24-ից ստիպված է բավարարվել միայն մեկով։ Պատճառը դեպի Ռուսաստան թռչող ինքնաթիռների պակասն է։ Չկա օդանավ՝ չկա թռիչք։

Ընկերության չվերթերից երկուսը դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան էին․ մեկը՝ կեսօրին մոտ, մյուսը՝ երեկոյան։ Երրորդ չվերթը դեպի «Շերեմետեւո» էր։ Բացի դրանից՝ փոխադրողն իրար էր կապում նաեւ Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը, իսկ ավելի վաղ Երեւանից թռչում էր Միներալնիե Վոդի ու Վորոնեժ։ Եթե վերջինիս օդանավակայանը ժամանակավորապես փակ է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմին մոտ լինելով, ապա Մին․Վոդին բաց է, բայց «Արմենիան» վերջին շրջանում ո՛չ այստեղ էր թռչում, ո՛չ Վորոնեժ, փոխարենը կենտրոնացել էր Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի վրա։

Մարտի 24-ին ավիափոխադրողը հայտարարեց, որ ինքնաթիռների շահագործմանը խոչընդոտող պատժամիջոցների պատճառով ստիպված է ժամանակավորապես կասեցնել դեպի «Վնուկովո» եւ «Շերեմետեւո» իրականացվող 2 չվերթերը մարտի 24-ից մինչեւ ապրիլի 15-ը ներառյալ: «Վնուկովոյի» կեսօրվա չվերթը կիրականացվի նախկինի պես։ «Այս պահին աշխատանքներ են տարվում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ»,- նշեց «Արմենիան»։

Փաստորեն, ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով խնդրի առաջ են կանգնել ոչ միայն ռուսական ավիաընկերությունները, որոնց կողմից շահագործվող օդանավերը դրանց արտասահմանյան սեփականատերերը (լիզինգատուները) հետ են պահանջում, այլեւ ոչ ռուսական փոխադրողները, որոնք թռչում են դեպի այդ երկիր։

Հիշեցնենք, որ Հայաստանն այն երկրներից է, որ խնդիր չունի ռուսական ավիաընկերությունների հետ․ թե՛ մերոնք են թռչում այդ ուղղությամբ, թե՛ նրանք են գալիս Հայաստան։ Այլ թեմա է երրորդ երկրների լիզինգատուների պարագան, որոնք Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների շրջանակներում կարող են իրենց պահանջները ներկայացնել թե՛ ռուսական, թե՛, փաստորեն, նաեւ հայկական շահագործողներին։  

Փետրվարի 24-ին ուկրաինական ճակատում սկսված ռազմական գործողություններից հետո, երբ ռուսական ընկերությունները մեծ խնդիրների բախվեցին, Հայաստանում նրանց հետ կապված միակ լուրջ դեպքը, թերեւս, «Սիբիր» ավիաընկերության ինքնաթիռի (գրանցումը՝ VP-BSL) հետադարձ թռիչքի արգելքն էր, որը մարտի 3-ին Երեւան էր եկել Նովոսիբիրսկից, սակայն իրավունք չստացավ վերադառնալ։ Ինչպես հայտարարել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, խնդիրը դրա շահագործող «Սիբիրի», գրանցման երկիր Բերմուդյան Կղզիների եւ իռլանդական սեփականատեր «SMBC Aviation Capital»-ի միջեւ էր։ Միանգամից ասենք, որ օդանավն այդպես էլ չվերադարձավ Ռուսաստան։ Մարտի 16-ին այն Երեւանից թռել է հունական Հերակլիոն, իսկ ամսի 17-ին վայրէջք է կատարել չեխական Օստրավայում։ Սա, ըստ էության, նշանակում է, որ իռլանդական սեփականատերը հետ է վերցրել իր ինքնաթիռը «Սիբիրից», ինչին նպաստել է այն, որ օդանավը հայտնվել էր Հայաստանում (ռուսական ընկերությունները ներկայում խուսափում են օտարերկրյա լիզինգատուներից վարձակալած օդանավերով միջազգային չվերթեր կատարել, քանի որ դրանք այլ երկրներում կարող են հայտնվել արգելանքի տակ)։  

Իսկ ի՞նչ կապ կա այս միջադեպի եւ «Ավիակոմպանիա Արմենիայի» թռիչքների կրճատման միջեւ։ Ուղիղ կապ։ Բանն այն է, որ հայկական ընկերությունն ունի 3 ինքնաթիռ, որոնցից մեկի սեփականատերը, համաձայն planespotters.net կայքի, հենց «SMBC Aviation Capital»-ն է։

«Արմենիան» ուղիղ չի հայտարարել, որ դեպի Ռուսաստան թռչող օդանավերը լիզինգատուների կողմից հետ պահանջելու վտանգ կա, բայց, թերեւս, հենց այդպես կարող ենք հասկանալ՝ հաշվի առնելով «Արմենիայի» փաստարկը «ինքնաթիռների շահագործմանը խոչընդոտող պատժամիջոցների» մասին ու նաեւ այն, թե ովքեր են օդանավերի սեփականատերերը։

Այսպես՝ հայկական փոխադրողի շարժակազմում այս պահին առկա 3 օդանավերից մեկի՝ «Boeing 737-800»-ի (հայկական գրանցումը՝ EK-73705) տերը, ինչպես ասվեց, իռլանդական «SMBC Aviation Capital»-ն է։ Այս ինքնաթիռը, ինչպես կարող ենք տեսնել թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com-ում, իրականացնում էր Երեւան-Թբիլիսի-Երեւան-Մոսկվա-Երեւան-Թբիլիսի-Երեւան չվերթը, այլ կերպ ասած՝ իրար էր կապում ոչ միայն Երեւանն ու Մոսկվան, Երեւանն ու Թբիլիսին, այլեւ Թբիլիսին ու Մոսկվան, քանի որ Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ 2019-ից ուղիղ ավիահաղորդակցություն չկա։

Հիշեցնենք, որ «Ավիակոմպանիա Արմենիան» վրացական կապիտալով ընկերություն է, դրա հիմնադիրները վրացական «Georgian Airways»-ի ներկայացուցչներն են, այսինքն՝ հայկական փոխադրողը վրացականի քույր կամ, գուցե ավելի ճիշտ է ասել, դուստր ընկերությունն է։ Այս առումով պատահական չէ նաեւ, որ «Արմենիայի» բոլոր օդանավերը նախկինում շահագործվել են «Georgian Airways»-ի կողմից։

Planespotters.net-ից տեղեկանում ենք, որ «Արմենիան» վերը նշված ինքնաթիռը (EK-73705) ստացել է 2021-ի հունիսին, իսկ մինչ այդ՝ նույն տարվա ապրիլին, այն «SMBC Aviation Capital»-ից վարձակալել էին վրացիները։ Ըստ flightradar24.com-ի՝ այս օդանավը վերջին անգամ Երեւանից Մոսկվա է թռել մարտի 23-ին, հետ է եկել եւ նույնը օրը թռել Թբիլիսի, բայց չի վերադարձել։

Եթե EK-73705-ը, համաձայն flightradar24․com-ի, վերջին օրերին կատարում էր դեպի «Վնուկովո» կեսօրվա չվերթերը, ապա «Արմենիայի» ինքնաթիռներից մյուսը՝ EK-73792 գրանցումով «Boeing 737-800»-ը, այդ ընթացքում կատարում էր դեպի «Շերեմետեւո» եւ «Վնուկովոյի» երեկոյան թռիչքները, ընդ որում՝ EK-73792-ը Թբիլիսի չէր թռչում։ Այս օդանավը եւս վերջին անգամ Ռուսաստան է թռել մարտի 23-ին։

Օդանավի սեփականատերը, ըստ planespotters.net-ի, ամստերդամյան «Arena Aviation Capital» ընկերությունն է, որը 2019-ի հունիսին բորտը վարձով տվել է «Georgian Airways»-ին, իսկ 2021-ի նոյեմբերին այն հանձնվել է «Արմենիային»։ Flightradar24.com-ի համաձայն՝ EK-73792-ի վերջին թռիչքը եղել է մարտի 26-ին Երեւան-Հուրգադա-Երեւան ուղղությամբ։  

Ստացվում է, որ եվրոպական լիզինգատուների օդանավերն այսօրվա դրությամբ չեն կարող թռչել դեպի Ռուսաստան։ Բայց «Ավիակոմպանիա Արմենիան» ունի նաեւ երրորդ օդանավը՝ EK-73736 գրանցումով «Boeing 737-500»-ը, որը 2016-ից Հայաստանում է։ Սա ընկերության կողմից շահագործվող առաջին օդանավն է։ Մինչ այդ՝ 2010-2016 թթ․, այս բորտն օգտագործվել է «Georgian Airways»-ի կողմից։

Planespotters.net-ը նշում է, թե EK-73736-ի սեփականատերն աշխարհի խոշորագույն լիզինգատուն է՝ «AerCap»-ը (իրավաբանորեն գրանցված է Նիդերլանդներում, սակայն գլխամասը Իռլանդիայում է), սակայն սա, թերեւս, հին տվյալ է, քանի որ նախ՝ եվրոպական այս հսկան ռուսական ավիաընկերությունների խոշորագույն վարձատուն է եւ ներկայում, ի թիվս այլ լիզինգատուների, հետ է կանչում իր ինքնաթիռները ՌԴ-ից, այսինքն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասնակից է, այնինչ EK-73736-ը, ի տարբերություն EK-73705-ի եւ EK-73792-ի, շարունակում է թռչել դեպի Մոսկվա, երկրորդ՝ «Հետքը» 2017-ին անդրադարձել էր Հայաստանում գրանցված օդանավերին ու դրանց սեփականատերերին, որոնց տվյալները տրամադրել էր ՀՀ քաղավիացիայի կոմիտեն։ Ըստ այդմ՝ EK-73736-ի սեփականատերը «Raph Trade Corporation»-ն է։ Այս ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան Կղզիներում, բայց չենք բացառում, որ կապ ունի վրացիների, մասնավորապես՝ «Georgian Airways»-ի տերերի հետ։

Ինչպես ասվեց, EK-73736-ը շարունակում է թռիչքները դեպի Ռուսաստան՝ «Վնուկովո»։ Օդանավն ամեն օր իրականացնում է Երեւան-Թբիլիսի-Երեւան-Մոսկվա-Երեւան-Թբիլիսի-Երեւան չվերթը։ EK-73736-ի «անխափան» մուտքը Ռուսաստանի տարածք, թերեւս, պայմանավորված է նրանով, որ օդանավի սեփականատերն առնչություն չունի Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների հետ։ 

Տես նաեւ՝

Գլխավոր լուսանկարում՝ EK-73736-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 05.03.2022, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter