HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջեյհուն Բայրամով. «Մենք դրական մեսիջներ ենք լսում Հայաստանից»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ վերջին օրերին Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքման մասով դրական մեսիջներ է լսում Հայաստանից։ Նման հայտարարություն Բայրամովն արել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այսօրվա հանդիպման ժամանակ ես իմ իտալացի գործընկերոջը տեղեկացրել եմ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտության մասին»,- ասել է Բայրամովը։ 

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ վերջին օրերին իրենք Հայաստանից այս ուղղությամբ դրական մեսիջներ են ստանում։ «Կուզեի մտածել, որ դրանք իրոք լուրջ մոտեցման դրսևորում են։ Ադրբեջանը բաց արտահայտել է իր դիրքորոշումը։ Եթե Հայաստանը իրոք լուրջ է վերաբերում այդ գործընթացին, ապա Ադրբեջանը պատրաստ է ընդառաջ գնալ և ձեռնարկել կոնկրետ քայլեր»,- նշել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն տարածաշրջանային այց է կատարում Ադրբեջան և Հայաստան։ Բաքվից հետո Մայոն կժամանի Երևան, որտեղ ապրիլի 3-ին կկայանա Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը։

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Լուիջի դի Մայոյի հանդիպումները ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:

Դեռ մարտի 12-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Բաքուն Երևանին 5 կետանոց առաջարկ է արել, որոնք կարող են դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցային կետերը։

Մարտի 14-ին պաշտոնական Բաքուն հրապարակեց այդ կետերը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են.

  1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
  2. Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
  3. Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։
  4. Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
  5. Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։

Բացի այդ, ապրիլի 6-ին Բրյուսելում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հանդիպման նախաձեռնությունը ԵԽ ղեկավարինն է։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ այս պահի դրությամբ դեռևս հայտնի չեն։

 

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter