HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիև. «Հայաստանի վարչապետն Ադրբեջանը Նախիջևանին կապող ավտոմայրուղու համար աշխարհագրական կոորդինատներ չի նշել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանը Նախիջևանին կապող ավտոմայրուղու համար աշխարհագրական կոորդինատներ չի նշել։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ես ի նկատի ունեմ և՛ երկաթուղին, և՛ ավտոմայրուղին։ Երկաթուղու հետ կապված ես նախագահ Միշելին հայտնել եմ, որ մենք Ադրբեջանում կառուցել ենք ավելի քան 60 կիլոմետր երկաթուղի և հաջորդ տարի կավարտենք կառուցումը։ Սակայն, ցավոք, Հայաստանում դեռևս չեն ձեռնարկել տեխնիկատնտեսական ուսումնասիրության գործընթացը, ինչը վկայում է այն մասին, որ գործընթացը կարող է ձգձգվել»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ Ադրբեջանն ակտիվորեն կառուցում է ավտոմայրուղին, և ճանապարհի մեծ մասը պատրաստ է։ «Մենք նաև հույս ունենք, որ հաջորդ տարվա վերջին մենք, հավանաբար, կկառուցենք այն մինչև Հայաստանի հետ սահման։ Ցավոք, Բրյուսելում հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը չի նշել աշխարհագրական կոորդինատները։ Ես այդ հարցը բարձրացրել եմ նաև փետրվարի 4-ի տեսակոնֆերանսի ժամանակ, սակայն պատասխան չի եղել։ Ապրիլի 6-ին ես կրկին հարցրել եմ ճանապարհի աշխարհագրական կոորդինատների մասին, սակայն պատասխան դարձյալ չեմ ստացել։ Հուսամ՝ մենք այն կստանանք առաջիկայում»,- ընդգծել է Ալիևը։

Ալիևը դրական է գնահատել Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպումը։ Ըստ նրա՝ դրա մասին բացահայտ խոսել են և՛ ինքը, և՛ Հայաստանի վարչապետը՝ հայտարարելով, որ Երևանն ընդունել է Բաքվի առաջարկած հինգ սկզբունքները։ «Դա իրոք ևս մեկ շրջադարձային պահ է այս գործընթացում։ Ես կարծում եմ, որ դրանք դրական մեկնաբանություններ են։ Հիմա, երկու կողմերի այդ պաշտոնական հայտարարությունից հետո, մենք պետք է ապացուցենք բանակցությունների սեղանին գործընթացի լրջությունը»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ այս գործընթացում իր մեծ դերն ունի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը «լավ տեղյակ է բանակցային գործընթացից»։

Ալիևի խոսքով՝ Բրյուսելում ապրիլի 6-ի հանդիպումից հետո երկկողմ ակտիվ աշխատանքներ են սկսվել։ «Այդ պահից աշխատում ենք մենք, աշխատում է ԱԳՆ-ն և իմ վարչակազմը կապի մեջ է ձեր թիմի հետ։ Մենք պատրաստ ենք սկսել, ինչպես պայմանավորվել ենք։ Ես կարևոր եմ համարում, որ մենք զարգացնենք ձեռք բերված առաջընթացը, և որ երկու կողմերը պահեն պայմանավորվածությունները»,- Տոյվո Կլարին դիմելով՝ ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 4 ժամից ավելի տևած հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Ալիևն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Դեռ նախորդ ամիս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Բաքուն Երևանին 5 կետանոց առաջարկ է արել, որոնք կարող են դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցային կետերը։

Մարտի 14-ին պաշտոնական Բաքուն հրապարակեց այդ կետերը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են.

  1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
  2. Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
  3. Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։
  4. Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
  5. Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։

Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter