
ՔՊ-ում չեն բացառում՝ Արկադի Փելեշյանը կարող է նշանակվել Վանաձոր խոշորացված համայնքի պաշտոնակատար
Վանաձոր խոշորացված համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի հիմնական թեկնածուն «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանն է: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կանգ է առել նրա թեկնածության շուրջ: Հիշեցնենք, որ Վանաձոր համայնքի դեկտեմբերի 6-ին կայացած ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել էր «Ասլանյան դաշինքը», սակայն չէր ձևավորել մեծամասնություն: Ընտրությունների ավարտից օրեր անց դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը նախ ձերբակալվել, ապա կալանավորվել էր: Ընտրությունների արդյունքների վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանը արգելանք է սահմանել, որի համաձայն ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել:
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ:
Պարոն Խաչատրյան, ինչո՞վ է պայմանավորված որոշումը, որ ՔՊ-ն Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հարցում կանգ է առել Արկադի Փելեշյանի թեկնածության վրա:
-Երբ որոշում կլինի, նոր պատասխանեմ, հիմա զերծ կմնամ մեկնաբանություններից և գնահատական տալուց: Որոշումը վարչապետն է կայացնելու, չի բացառվում, որ ինչ-որ բան փոխվի: Դուք որպես փաստ եք ներկայացնում, որ ՔՊ-ն որոշում է կայացրել, քանի դեռ վարչապետի որոշումը չկա, թույլ տվեք այս պահին չմեկնաբանեմ:
Խմբագրեմ հարցս՝ ինչո՞ւ է ՔՊ-ն հենց Արկադի Փելեշյանի թեկնածությունը քննարկում որպես Վանաձորի համայնքապետ։
-Այո, չեմ հերքում, քննարկվել է Փելեշյանի թենածությունը: Կարծում եմ՝ ինքը արժանի թեկնածուներից մեկն է, որ կարող է ստանձնել այդ պաշտոնը, նա 2012 թվականից ավագանու անդամ է, այնուհետև փոխքաղաքապետ է եղել: Իմ հարցազրույցներում բազմիցս հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք բոլոր կարող ուժերի հետ համագործակցել՝ ի շահ Վանաձոր խոշորացված համայնքի, այսինքն այն պնդումները, որ մենք միաձնյա ուզում եք ղեկավարել քաղաքը, դա էդպես չէ: Մենք պատրաստ ենք բոլոր առողջ, կառուցողական ուժերի հետ համագործակցել:
Ձեր կարծիքով կստացվի՞ Արկադի Փելեշյանի հետ համագործակցությունը:
-Ես կարծում եմ բոլոր առողջ ուժերի հետ մեզ մոտ համագործակցությունը կստացվի՝ ի շահ վանաձորցու ու Վանաձոր խոշորացված համայնքի:
Պարոն Խաչատրյան, որքանո՞վ է արդարացի, որ համայնքի բնակիչների մեծամասնությունն իրենց ձայնը տվել են մի թեկնածուի, սակայն վարչապետի նշանակմամբ այլ մարդ է պաշտոնակատար նշանակվում:
-Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի մասին է խոսքը: Անհրաժեշտություն կա, որ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի, որ համայնքապետարանն իր բնական հունով շարունակի լիազորությունների կատարումը: Ինչ վերաբերում է նրան, թե ով է ավելի շատ ձայն հավաքել, որևէ քաղաքական ուժ 50+1 չի հավաքել, նույնիսկ 40 տոկոսի շեմը որևէ ուժ չի հաղթահարել:
37-38 տոկոս մի քաղաքական ուժ է ստացել, 33 հազար հոգի էլ մասնակցել է քվեարկությանը, որից 21 հազարը դեմ է քվեարկել տվյալ մարդուն նկատի ունի (Մամիկոն Ասլանյանին հեղ.): Էնպես որ ինչ-որ խնդիր չեմ տեսնում, հարցին մի կողմից չպետք է նայել:
Ձեր կարծիքով այս հարցն ի՞նչ հանգուցալուծում է ստանալու, երբ ինչ-որ անձ նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար, ենթադրելի՞ է, որ կարճ ժամանակ անց կլինեն արտահերթ ընտրություններ, թե էլի ժամանակավոր պաշտոնակատարը կշարունակի ղեկավարել համայնքը:
-Գիտեք, որ դատական գործընթաց է, վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել, չեմ կարող ասել՝ ինչ վճիռ կկայացնեն, դատական պրոցեսներից է ամեն ինչ կախված: Երբ դատարանը որոշում կկայացնի, համայնքապետ ընտրելու արգելանքը կհանի, դրանից հետո ավագանին քաղաքապետ ընտրելու օրակագով նիստ կհրավիրի, և կորոշեն՝ ով է լինելու համայնքապետը:
Այսինքն արտահերթ ընտրություններ չե՞ն լինի:
Չեմ կարծում, ես դրա նախադրյալնեը չեմ տեսնում:
Վանաձոր խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել էր 33 199 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 36.01%-ը: 62 215 ընտրող չէր մասնացել ընտրություններին: 12 810 ձայն ստացել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը (ցուցակը գլխավորում էր Մամիկոն Ասլանյանը), 8295` «Քաղաքացիական պայմանագիրը» (գլխավորում էր Արամ Խաչատրյանը), 4809` «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը» (ցուցակը գլխավորում էր Արկադի Փելեշյանը):
Նշենք, որ նախորդ ընտրություններին Փելեշյանը մասնակցում էր «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով:
Մեկնաբանել